ԿարևորՔաղաքական

Պաղեստինա-իսրայելական լարվածությունը՝ «պղտոր ջուր» Ադրբեջանի համար

Ինչ ազդեցություն կարող է Հարավային Կովկասի վրա ունենալ կիրակի օրը նոր թափ ստացած պաղեստինա-իսրայելական լարվածությունը։ Շատերն անմիջական ազդեցության հնարավորության են տեսնում, մասնագետները, վելուծություններից ելնելով, նշում են հստակ նախապայմաններ դրա համար։

Արդյո՞ք Ադրբեջանը կփորձի «ձուկ որսալ պղտոր ջրում» և խուսանավել նոր բազմակողմ հանդիպումներից՝ ակնկալելով պաղեստինա-իսրայելական բախումների ընդլայնման նոր, ուժային զարգացումներ արդեն մեր տարածաշրջանում։ Այս սցենարը, ըստ վերլուծաբանների, հենց այնպես իրականություն չի դառնա։  Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի վերլուծությամբ՝ դրա համար նախապայմաններ են պետք։

«Եթե էսկալացիայի մակարդակը չբարձրանա, օրինակ, այս նույն  կետում մնա, նոր ակտորներ չմիանան պատերազմին, նոր ճակատ դժվար բացվի։ Այո, հավանականություն կա, որ այստեղ կարող է ճակատ բացվել, բայց այն դեռ այդքան էլ բարձր չէ։ Ադրբեջանը կարող է օգտագործել այս հնարավորությունների «պատուհանը», որը բացվեց իր համար։ Հիմա միջազգային հանրության ուշադրությունը, բացի Ուկրաինայից, նաև այնտեղ բևեռացված կլինի․ եթե էսկալացիան շարունակվի, Իրանը մասամբ իր ռեսուրսները կբևեռի էլի այդ ուղղությամբ և այո, Ադրբեջանի համար դա շատ ռիսկային է, բայց ինքը կփորձի հարձակվել և առնվազն «անկլավները» ուժով գրավի»։

ՀԱՄԱՍ-Իսրայել կամ պաղեստինա-իսրայելական պատերազմը մեր տարածաշրջանի վրա կարող է ազդել, եթե վերածվի տարածաշրջանային ավելի լայնամաշտաբ պատերազմի, որի միտումներն այս պահին չի տեսնում տարածաշրջանային հարցերի փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը։ Առայժմ լոկալ բնույթի ռազմական գործողությունների մասին է խոսքը, որը կողմերի համար պարբերական բնույթ է կրում։ Վերջին առճակատումը  եղել էր ընթացիկ տարվա մայիսին, դրանից առաջ՝ 2018-19-ին։ Եթե նախկինում բախումները օրեր էին տևում կամ շաբաթներ, այս անգամ գործողությունները, Պետրոսյանի կանխատեսմամբ,  կարող են ավելի տևական լինել։ 

«Ակնհայտ է, որ ներկայում լոկալ բնույթի են գործողությունները, և ընդլայնման հնարավորություն չկա։ Իսկ այդ ընդլայնումն էլ, այդ սցենարն էլ տևական ժամանակ են պահանջում։ Բայց ներկայում դրա հնարավորությունը չկա։ Մենք տեսնում ենք, որ այս պահին բավականաչափ ակտիվ ներգրավվածություն կա Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացի ուղղությամբ, և այս պահին նման պատճառաբանությունները, մեղմ ասած, լուրջ չեն լինի միջազգային հիմնական միջնորդների շրջանում»։

Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի կարծիքով՝ Իսրայելի և Պաղեստինի միջև բախումից մեզ համար հետևություններն ակնհայտ են․

«Բոլոր կոնտեքստներում խաղաղության պայմանագիրը ռելեվանտ չէ։ Շատ պարզ օրինակ էր՝ Իսրայելը մեծ և տեխնոլոգիապես զարգացած պատ էր Գազայի շուրջ կառուցել, տարբեր «դատչիկներով»։ Պաղեստինցիք ընդամենը կոտրեցին պատը և ցույց տվեցին, որ որևէ սահման այս աշխարհում փաստացի ֆիքսած չէ, բոլոր սահմանները կարող են վերանայվել՝ որևէ պայմանագիր լինի կամ չլինի։ Դրա համար՝ ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը»։

Մասնագետի կարծիքով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր փուլի լարվածությունը կարող է շատ երկար տևել։ Հիշեցնում է, որ Իսրայելի ցամաքային վերջին գործողությունները Պաղեստինի դեմ 2014-ին տևեցին մեկ ամսից ավելի։ Հիմա Իսրայելը խոսում է ոչ թե ցամաքային գործողությունների, այլ կոնկրետ պատերազմի մասին և ավելի մեծ նպատակներ է դնում իր առջև։ Սա, ըստ Արմեն Պետրոսյանի, բավարար հիմք չէ մեր տարածաշրջանում զարգացումներ կանխատեսելու համար։

«Ներկայում, կարծես, դրա հավանականությունը շատ ցածր է, որովհետև առնվազն վերջին տարիներին նկատվում է Իրանի խիստ զգուշավոր քաղաքականությունն ուղիղ կերպով ռազմական գործողությունների մեջ ներգրավվելու տեսանկյունից։ Իսրայելի համար էլ իրավիճակը դյուրին չէ․ լուրջ խնդիրներ կան ընդամենը պաղեստինյան մեկ խմբավորման հետ առճակատվելու հետևանքով,  Իսրայելի անմիջական հարևանությամբ կան իրանամետ այլ կառույցներ, օրինակ, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի առկայությունը, Սիրիայի տարածքում բազմաթիվ իրանամետ խմբավորումների տեղակայված լինելու հանգամանքը կա։ Այս իրավիճակում, իհարկե, բավականին բարդ է կանխատեսել, որ Իսրայելը կգնա նրան, որ կհրահրի տարածաշրջանային պատերազմ»։

Հակամարտությունը չընդլայնելու միջազգային ջանքերի մասին այս պահին վկայում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնիկ Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները որևէ ապացույց չունի, թե Իրանը մասնակից է Իսրայելի հարավի վրա հարձակմանը։ Բայց խնդիրն ունի ավելի խորը շերտեր՝ նշում է Սերգեյ Մելքոնյանը։

«Ըստ Ամերիկայի հետախուզության՝ Իրանը ուղղակի ներգրավված չէր, բայց բոլորին պարզ էր, որ անուղղակի Իրանը մասամբ ներգրավված էր՝ առնվազն իսլամական «Ջիհադ»-ի հետ համագործակցելով, ոչ թե «Համասի»։ «Համաս»-ին օգնությունը նաև ռազմական ոլորտում մատակարարում էր Թուրքիան։ Իսկ ԱՄՆ-ն հիմա ի՞նչ է անում։ Իսրայելի կոչին արձագանքելով՝ ուժերն այդ տարածքում շատացնում են, որպեսզի կասեցնեն հնարավոր ներխուժումը «Հեզբոլլահ»-ի կողմից, Իրանի և այլ ակտորների կողմից, որ Իսրայելը չվարի մարտեր և հյուսիսային, և հարավային ճակատում»։

Այլ հարց է, ըստ վերլուծաբանի, որ այս ամենը կարող է Իսրայելի համար հիմք հանդիսանալ և օգտագործվել հետագայում Իրանի դեմ՝ միջուկային օբյեկտների դեմ թիրախային գործողություններ իրականացնելու համար։  

Սերգեյ Մելքոնյանը համոզված է, որ ավելի գլոբալ առումով, ՀԱՄԱՍ-ի գործողություններիհիմնական նպատակը ոչ թե Իսրայելի վերահսկողության տակ գտնվող պաղեստինյան տարածքները հետ բերելն է, այլ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը տարածաշրջանային օրակարգ վերադարձնելը, քանի որ վերջին շրջանում Մերձավոր Արևելքի բոլոր գործընթացները տեղի էին ունենում՝ փաստացի անտեսելով ամենասուր կոնֆլիկտներից մեկը, որի կողմ է ոչ միայն մեկ պետություն, այլ՝ «արաբական աշխարհ» կոչվածը։

Back to top button