ԿարևորՎերլուծական

Բաքու-Թբիլիսի-Երևան ձևաչափը չի բխում Հայաստանի և Վրաստանի շահերից․ փորձագետ

Ադրբեջանի նախագահի անսպասելի այցը Վրաստան և նրա առաջարկը Երևանին՝ բանակցել Թբիլիսիում, հարցեր են առաջացնում, ասում են վիրահայ համայնքի ներկայացուցիչները։ «Հայաստանը չպետք է մասնակցի այս ձևաչաձին, քանի որ այն Արևմուտքին գործընթացից դուրս հանելու, բանակցություններում բացառապես ռուս-թուրքական ներկայությունն ապահովելու նպատակ ունի»։

Ադրբեջանի նախագահի կիրակի անսպասելի, նախապես չհայտարարված այցը Թբիլիսի մտահոգության տեղիք է տվել․ վրացի փորձագետները կատակում են, գրառումներ անում։ «Ես ընդամենը մեկ հարց ունեմ Ալիևին՝ ի՞նչ եղավ Դավիթ Գարեջիի հարցը», – ասում է «Վրաց-եվրոպական ինստիտուտի» ղեկավար Գիորգի Մելաշվիլին։

Պարզվում է՝ վրաց-ադրբեջանական սահմանային կռվախնձոր դարձած վանական համալիրի հարցն ընդհանրապես օրակարգում չի եղել, Ալիևն առաջարկել է Երևանին՝ համաձայնել Թբիլիսիում բանակցել։

Մելաշվիլին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է․ «Վրաստանը հայ-ադրբեջանական հարցում կարող է դերակատարություն ունենալ, սակայն դա կարող է լինել միայն Արևմուտքի աջակցությամբ»։

Ալիևի՝ Իսպանիայում Փաշինյանի հետ հնգակողմ (Ֆրանսիա, Գերմանիա, ԵՄ միջորդությամբ) հանդիպումից հրաժարվելուց հետո Թբիլիսի այցը խոսում է այն մասին, որ վրաստանյան ձևաչափն այսուհետ դիտարկում է ռուս–թուրքական ներկայությամբ հասանելի հարթակ՝ ասում է միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Թումասյանը՝ ընդգծելով. «Այս ամենն ակնհայտ քայլ է երոպական հարթակի դեմ․ իրականում ստացվում է, թե իբրև Վրաստանի կողմից առաջարկված, սակայն իրականում ավտորիտար՝ ռուս-թուրքական ձևաչափի բերող հարթակում Հայաստանը մնալու է մենակ․․․»: 

Ալիևը Թբիլիսիում հայտարարեց, թե Ադրբեջանը պատրաստ է Վրաստանում բանակցել Հայաստանի հետ, սակայն դրա համար Երևանի համաձայնությունն է պետք․ «Այսօր տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ փորձում են օգնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Իմ կարծիքով, սակայն, ամենաճիշտ ընտրությունը՝ հաշվի առնելով և՛ պատմական կապերը, և՛ աշխարհագրական գործոնը, Վրաստանը կարող է լինել»։ 

Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկին ընդգծեց՝ Թբիլիսին պատրաստ է մասնակցել միջնորդական գործընթացին.

 «Թբիլիսին միշտ պատրաստ է չեզոք մասնակցություն ունենալ գործընթացին բարեկամական ձևաչափով։ Մեր ապագան պետք է լինի խաղաղ, կայուն, և Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները պետք է կարողանան լուծել տարածաշրջանի և մեր հետագա զարգացման խնդիրները»։

Թումասյանի խոսքով՝ Վրաստանն արդեն հրաժարվել է միջնորդական նախաձեռնությունից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտող արևմտյան գործընկերների հայտարարությունների կողքին ուղղակի լռելով Լաչինի միջանցքի փակման, հումանիտար ճգնաժամի, այնուհետև Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման մասին։

«Հաշվի առնելով այս բոլոր փաստերը՝ հասկանալի է, որ Վրաստանի ներկա իշխանությունները չեն կարող վարել այնպիսի չեզոք բանակցություններ Թբիլիսիում, որտեղ կկարողանա բալանսավորել Ադրբեջանի և Հայաստանի շահերը․ այս բանակցությունները կբերեն նրան, որ Վրաստանը կլինի Թուքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և այլ ավտորիտար պետությունների  ներկայացուցիչն այդ եռակողմ հարթակում»,– ասում է Թումասյանը՝ նշելով, որ Հայաստանը որևէ դեպքում չպետք է համաձայնի այս ձևաչափին․ դա չի բխում Հայաստանի և Վրաստանի շահերից։ 

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մեկ անգամ են հանդիպել Թբիլիսիում՝ 2022-ի հուլիսին։ Դա հնարավոր է դարձել Եվրամիության միջնորդական ջանքերով։

Back to top button