Ժամանակի վկան

ԺԱ դարի բյուզանդական ավանդույթները և Կիլիկյան մանրանկարչությունը․ Սեյրանուշ Մանուկյան․ «Ժամանակի վկան»

Ինչպես գիտենք Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում 2022-2023 թթ. կտրվածքով, որի շրջանակում բազմաթիվ ձեռնարկումներ եղան, այդ թվում` նաև գիտաժողովներ։

Հունիսի 21-23-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում տեղի ունեցած հայագիտական միջազգային գիտաժողովում, որի խորագիրն էր՝ «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը», արվեստաբան, ԵՊՀ դոցենտ, ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Արվեստագիտության թեկնածու Սեյրանուշ Մանուկյանը ներկայացրեց «ԺԱ դարի բյուզանդակա ավանդույթները և Կիլիկյան մանրանկարչությունը» վերնագրով զեկուցումը։

Տարբեր հանրապետական և միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում ավելի քան 120 հոդվածների, գրքույկների, համատեղ գիտական աշխատությունների, ալբոմների, կատալոգների հեղինակ Սեյրանուշ Մանուկյանն այսօր հաղորդման հյուրն է և միասին կներկայացնենք նշված թեման։

1080-1375 թթ․ Կիլիկիայի հայկական պետությունը Միջերկրական ծովի ափերին գոյության երեքդարյա շրջանում քաղաքական, տնտեսական, մշակութային, կրոնական, հասարակական նշանակալի ազդեցություն ունեցավ տարածաշրջանում։ Չնայած կիլիկյան մշակույթը նաև բնականորեն կրեց տարբեր ազդեցություններ, սակայն պահպանեց հայկական ազգային ինքնատիպությունը։

Եկեղեցիների միավորման շարժումը Կիլիկյան Հայաստանում թափ առավ Ներսես Շնորհալի հայրապետի ջանքերի շնորհիվ։ Էկումենիկ շարժումը ահռելի նշանակություն ունեցավ հոգևոր կապերի ամրապնդման առումով և նպաստեց մշակութային առաջընթացին։

Հայերը Բյուզանդական կայսրության կարևոր մասն էին կազմում։ Գրեթե երեք տասնյակի հասնող հայկական ծագման կայսրեր և կայսրուհիներ են իշխել Բյուզանդիայում 9-11-րդ դարերում։ Կայսրությունը բուռն զարթոնք էր ապրում Հայկական հարստությունների օրոք։

Մշակութային սերտ փոխառնչությունների և փոխազդեցությունների հետևանքով արվեստի որոշ ճյուղերի զարգացումը համաքրիստոնեական նշանակություն ձեռք բերեց։

Սեյրանուշ Մանուկյանը շուրջ 3 տասնամյակ զբաղվում է հայ և բյուզանդական արվեստներում եղած առնչություններով և կապերով՝ սկսած 1988 թվականից, երբ Փարիզում կայացած գիտաժողովում առաջին անգամ ներկայացրեց այս թեմայով զեկուցում։

11-րդ դարի բյուզանդական գրքի նոր համակարգը նման չէր նախորդ շրջաններում եղած համակարգերին։ Սակայն գրքային այս համակարգը Կիլիկիայում երկարատև ընդհատումներով գործարկվեց։

Բյուզանդական համակարգի ներդրման առաջին փորձը 11-րդ դարի Կարսի Ավետարանն էր։ Հայ մանրանկարչությանը բնորոշ խորանները ներդրվել են բյուզանդական պատկերների ձևավորումներում, իսկ, ընդհանրապես, հայկական մանրանկարչության ազդեցության խնդիրը դեռևս հետազոտված չէ։

Կիլիկյան մանրանկարչությունն իր հերթին որոշ ազդեցություն կրեց բյուզանդականից․ օրինակ՝ պատմականացված գլխատառերի ընդօրինակումը։

Back to top button