ԿարևորՀասարակություն

Էջմիածնում Աղաբաբյանների ժամանակավոր կացարանը Բաքվի ջարդերից փրկված բարեկամուհու տունն է

Ստեփանակերտից Գորիս, Երևան, ապա՝ Էջմիածին. այս ճանապարհով է անցել պահեստազորի սպա Սուրեն Աղաբաբյանի ընտանիքը: Նրանք Էջմիածնում  տեղավորվել են 1988-90-ական թվականներին Բաքվի ջարդերից փրկված ազգականներից մեկի տանը, փորձում են վերգտնել իրենց ու հարմարվել նոր իրավիճակին: Վաղարշապատում գրանցվել է շուրջ 566 ընտանիք կամ ավելի քան 2400 քաղաքացի:

Ստեփանակերտից Սուրեն ու Անահիտ Աղաբաբյանների ընտանիքը ժամանակավոր կացարան է գտել Էջմիածնում՝ բարեկամի տանը: 44-օրյայի ժամանակ էլ էին այնտեղ օթևանել, հետո վերադարձել տուն: Անահիտն ասում է, որ 2020թ կռվի ժամանակ առաջինը երեխաներին են Հայաստան ուղարկել, ավելի ուշ՝ իրենք դուրս եկել։

«Այս անգամ էլ էջմիածնեցի մեր բարեկամները հյուրընկալեցին, արդեն գիտեին, որ նորից իրենց մոտ պետք է գնայինք: Նախորդ անգամ բոլորս միասին էինք ապրում, մտածում էինք, որ ժամանակավոր է՝ 1-2 ամսից հետ ենք գնալու: Էլի կդիմակայեինք, ես համաձայն էի նույն ձևով ապրել ևս 10 ամիս, միայն թե այս կորուստը չլիներ:  Հիմա էլ հնարավոր չէ, ցանկություն էլ չկա հետ գնալու և առանձին ենք ապրում: Այդ բնակարանը մի քիչ անսարք է, բայց կդասավորենք, կկազմակերպենք, կմնանք, կապրենք»։ 

Ազատ բնակարանը, որտեղ ապրելու է Աղաբաբյանների ութ հոգանոց ընտանիքը, 1988-90-ական թվականներին Բաքվի ջարդերից փրկված Սուրեն Աղաբաբյանի բարեկամուհու տունն է: Տանտերերն այժմ Ռուսաստանում են և բնակարանն անվճար տրամադրել են բախտակից ազգականներին:

«Եկել ենք Գորիս, գրանցվել հումանիտար կենտրոնում, հետո քրոջս տղան եկել ու մեզ բերել է Էջմիածին: Իր քույրն արդեն  մի քանի տարի ապրում է Ռուսաստանում , տունը տրամադրել է մեզ, որ ժամանակավոր ապրենք, հետո կտեսնենք ոնց կլինի: Ստեփանակերտում ես պահեստազորի սպա եմ եղել, 22 տարի ծառայության մեջ եմ եղել, Այնտեղ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության «Պետական պահուստ» ՊՈԱԿ-ի տեղամասի պահպանման պետն եմ եղել, պահեստներն եմ հսկել: Հիմա պահեստազորի սպա եմ, թոշակառու»:

Դժվարությամբ են հաղթահարել ճանապարհը, հարազատ-բարեկամներով հավաքվել,  մի կերպ տեղավորվել են միկրոավտոբուսում ու հասել Հայաստան: Ճանապարհին լսել են հաջորդ բոթը՝ վառելիքի պահեստն էր պայթել, որտեղ այրվածքներ է ստացել Անահիտ Աղաբաբյանի եղբորորդին։

«Սեպտեմբերի 25-ին եկանք, պայմանները նկարագրելու չեն, թե ինչպես տեղ հասանք: Մեր բարեկամները՝ սկեսրոջս քրոջ ընտանիքի հետ, Վանքից  եկան մեր տուն: 4 ընտանիք երկու օր մեր տանն են մնացել , հետո  25-30 հոգով տեղավորվել ենք  «Գազելի» մեջ ու եկել: Ճանապարհին լսեցինք, որ եղբորս տղայի հետ դեպք է պատահել, բայց ասացին, որ ուղղաթիռով տարել  են Երևան: Վառվել էր, բայց կարողանում էր խոսել, հետո չկարողացավ պայքարել: Եղբայրս նախորդ  կռվից վիրավորվել էր, ոտքը՝ կտրել էին, գնացել էր, որ տղային հաներ, ինքն էլ էր այրվածքներ ստացել, տղան չդիմացավ, մահացավ»:

Անահիտն ասում է, որ բարեկամուհու  դատարկ բնակարանին հիմա  փորձում են շունչ տալ, հարմարություն ստեղծել։

«Ապրելու համար պայմաններ ենք ստեղծում. անկողին-մահճակալով բարեկամներն են օգնում: Հիմա 8 հոգի ենք, բայց դեռ միասին չենք ապրում. մի մասը մի տեղ է, մի մասը՝ մի ուրիշ տեղ: Այդ տանը տաք ջուր չկա, նոր ենք քաշել, գեյզեր ենք առել: Գումար ունենք, վերջերս  ծախսելու տեղ չկար»:

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 2400  քաղաքացի օթևանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում՝ տեղեկացնում է  Հումանիտար կենտրոնի ԼՂՀ-ից բռնի տեղահնված քաղաքացիների  համար ձևավորված Վաղարշապատ համայնքի աշխատախմբի պատասխանատու Էդգար Մուքաելյանը: Համայնքապետարանի առաջին քայլերն ուղղված են քաղաքացիների գրանցմանը, կարիքների գնահատմանն ու նրանց օթևան տրամադրելուն:

«Քանի որ քաղաքացիների հոսքը շատ մեծ էր, և մենք չէինք հասցնում,  չունեինք այդքան հնարավորություններ բոլորին տեղավորելու,  իրենք  իրենց ուժերով  են տեղավորվում ծանոթ-բարեկամների տանը՝ վարձով կամ անվճար: Փորձել ենք ամեն ինչ անել, որ քաղաքացիները դրսում չմնան: Եղել են դեպքեր, որ չենք գտել բնակարաններ և նրանց  ուղղորդել ենք այլ համայնքներ, որտեղ  ազատ կացարաններ կան»:

Էջմիածնում կացարաններ են դարձել Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի շենքը՝ նախկին գիշերօթիկ դպրոցը և Եկեղեցու հովանու ներքո գործող  ծերերի համար նախատեսված շինությունը: Մինչև վարձով բնակարան գտնելը արցախցիներն ապրում են նաև քաղաքի  հյուրանոցներում ու հյուրատներում: Վաղարշապատ համայնքի ղեկավարի օգնական Մարիամ Պողոսյան.

«Հասարակական կազմակերպությունների հետ պայմանավորվածություն կա՝ ձեռք բերելու շուրջ 500 անկողնային պարագա, քանի որ դրա անհրաժեշտությունը կա: Այս պահին մենք օգնում ենք ՏՄԱԿ-ին բարելավելու պայմանները. այնտեղ  լոգարանի համար պայմանները նպաստավոր չեն, փորձում ենք այդ հարցը լուծել, նաև՝ ապահովում ենք սննդով»:

Համաքապետի մամուլի քարտուղար Սիրանուշ Գևորգյանն ասում է՝ բացի չոր սննդից տրամադրում են նաև թարմ սննդամթերք։

«Հիգիենայի պարագաներ պարտադիր ունենք, պահածոների տեսականի, նպարեղեն, մակարոնեղեն, մսամթերք ու կաթնամթերք. խտացրած կաթ, պանիր, կարագ»:

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին սննդով ու առաջին անհրաժեշտության իրերով օգնում են նաև քաղաքացիներն ու տարբեր կազմակերպությունները:

Էջմիածնում գործող տուրիստական ընկերություններից մեկն արդեն երկու շաբաթ դադարեցրել է աշխատանքային գործունեությունը և զբաղվում է հումանիտար օգնություն տրամադրելով. առաջին անհրաժեշտության պարագաներ, գույք, հագուստ, կենցաղային իրեր: Արթուր Մակարյան.

«Հիմա արդեն հայտարարել ենք, որ տաք հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ են պետք: Մարդիկ են եղել, որ նոր հագուստ են գնել կամ չօգտագործված հագուստն են բերել, մահճակալներ, հեռուստացույց, լվացքի մեքենա: Տարբեր-տարբեր կենցաղային իրերով փորձել ենք օգնել»:

Արցախցիներին գրանցելիս Վաղարշապատի համայնքապետարանը հաշվառում են նաև նրանց կարիքները՝ առողջական, դեղորայքային, զբաղվածության: Անահիտ Աղաբաբյանն արդեն մտածում է աշխատելու մասին։

«Ես Ստեփանակերտի Ավետարանչական եկեղեցու մանկապարտեզում դայակ էի աշխատում: Հիմա կուզեի աշխատել: Ճիշտն ասած՝ լավ է, որ այս ամենը տալիս են, բայց որ աշխատանք լինի, մենք աշխատենք ու մենք առնենք՝ ավելի լավ կլինի»:

Էջմիածնում հոկտեմբերի 6-ի դրությամբ հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 566 ընտանիք: Քաղաքացիների ներհոսքը դեռ շարունակվում է:

Back to top button