Մտքի ուժը

Ինչպես ստանալ 100 հազար դրամը. բռնի տեղահանված արցախցիներին հուզող հարցերի պատասխանները. «Մտքի ուժը․ նոր ձևաչափ»

Արցախահայության բռնի տեղահանությունից, Հայաստանում նրանց հաստատվելուց հետո առաջանում են հարցեր, որոնց պատասխանները կփորձի տալ «Մտքի ուժը» հաղորդումն՝  իր նոր ձևաչափով։ Հարցեր ու պատասխաններ․ արցախցիներին այս պահին ամենաշատը հուզող սոցիալական, առողջապահական, կրթական ու այլ հարցերի մասին։

Քանի չափահաս անդամ, այնքան բանկային քարտ․ ինչպե՞ս ստանալ 100 հազար դրամը։

Վերջին 15 ամսում գոնե մեկ գնում կամ վավերական բանկային քարտ․ ինչպե՞ս ստանալ 100 հազար դրամը։

Հարցերին պատասխանում է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

«Այս աջակցության տրամադրման եղանակները տարբերակված են ըստ չափահաս ու անչափահաս անձանց։ Չափահաս անձինք կարող են ստանալ միանվագ դրամական աջակցություն, եթե հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։ Բռնի տեղահանումից քաղաքացիները  հաշվառվել են կամ սահմանը հատելիս, կամ` ավելի ուշ ՏԻՄ–ի կողմից։  Գումարը կստանան, եթե հաշվառվել են։

Ինչպե՞ս  է կարգավորվում անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարի տրամադրումը։ Ովքե՞ր կարող են ստանալ գումարը, որքա՞ն ժամանակում։

«Անչափահասների պարագայում խնդիրը կքննարկվի նրանց մոր  կամ խնամակալի դիմումի հիման վրա։ Եթե մայրը կամ խնամակալը շահառու է, ապա անչափահասին կնշանակվի ու կվճարվի միանվագ դրամական աջակցություն։ Նորից հստակեցնենք՝ ենթադրենք մայրն իր երկու երեխաների հետ բռնի տեղահանվել է, սահմանը հատելիս կամ հետո հաշվառվել է, մոր տվյալը կա միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվալների բազայում. այսքանը բավարար է, որպեսզի քննարկվի մորը 100 հազար դրամ աջակցություն նշանակելու հարցը։ Երեխաների պարագայում մայրը պետք է դիմում ներկայացնի։ Շատ կարևոր է, որ դիմումը ներկայացնող անձը գտնվի ՀՀ–ում։ Եթե բռնի տեղահանված անձը ՀՀ–ում չէ, նա այս աջակցությունը չի ստանա։ Կարծում եմ սա տրամաբանական մոտեցում է, քանի որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի աջակցություն տրամադրի տեղահանված ու ներկայումս ՀՀ–ում գտնվող անձանց։ Անչափահաս երեխաների  աջակցության գումարները կնշանակվեն, կվճարվեն առցանց դիմումի հիման դրա։ 44–օրյա պատերազմից հետո հարթակը շահագործվել է, դիմումներ ներկայացվել են։ Հույս ունեմ՝  շահառուները խնդիրներ չեն ունենա,եթե ունենան, մեր փորձը ցույց է տալիս, որ նրանց շրջապատող անձինք այդ հարցում  շատ են օգնում։ Շրջապատը, ծանոթները, բարեկամները, մեր նախարարությունը օգնում են, որ կարողանան առցանց դիմում լրացնել։ Երեխաների համար կներկայացնեն առցանց եղանակով, դրանք կքննարկվեն, կարևոր է, որ երեխան, մայրը ՀՀ–ում գտնվեն»։

Որտե՞ղ դիմել բանկային քարտ ստանալու համար։

«Գործնականում կարող են դիմել ՀՀ–ում գործող բոլոր բանկեր, բացառությամբ «Մելլաթ» ու «Ֆաստ» բանկերի։ Այս բանկերը ֆիզիկական անձանց հետ գործարքներ չեն կատարում։ Բոլոր այն բանկերը, որոնք ֆիզիկական անձանց սպասարկում են, կարող են դիմել, բացել բանկային հաշիվներ։ Եթե դրանք արդեն կան՝ տարբեր առիթներով են բացել, անհանգստանալու կարիք չկա։ Մենք որևէ տվյալ քաղաքացիներից չենք ուզելու, բոլոր տվյալները մեզ տրամադրելու են բանկերը։ Մենք միգրացիայի ծառայությունից կստանանք բոլոր հաշվառվածների տվյալները, իսկ ԿԲ–ից՝ նրանց տվյալները, որոնք ունեն բացված հաշվիներ։ Եթե ունեն բանկային հաշիվներ, որոնց կցված են բանկային քարտեր, անհանգստանալու կարիք չունեն»։

Արդյո՞ք միայն բանկային հաշիվը բավարար է աջակցությունը ստանալու համար, թե պարտադիր է նաև բանկային քարտի առկայությունը։

«Չափահասների համար բանկային հաշիվ ունենալը պարտադիր է, կցված վճարային քարտի կցված լինելը՝  նույնպես։ Մենք, թերևս նայում ենք այն չափանիշներով, որ այդ քարտով վերջին 15 ամսում գոնե մեկ ելքային գործարք կատարված լինի։ Հասկանանք, որ քարտը կիրառվող է, եթե գործարք չի կատարվել, գոնե ժամկետը վավերական լինի։ Քաղաքացին կարող է կողմնորոշվել, եթե ձեռքին կա քարտ, որի վավերականության ժամկետը, ենթադրենք, մինչև 2024թ է։ Կարող է նաև հանգիստ լինել, եթե այդ քարտով վերջին 15 ամսում գոնե մեկ  գնում կատարել է։ Այդ դեպքում պետք չէ գնալ բանկ, ավելորդ հաշիվ բացել»։ 

Արդյո՞ք մեկ բանկային քարտը բավարար է, որպեսզի նույն ընտանիքի չափահաս քաղաքացիները ստանան աջակցության գումարները։

«Եթե ընտանիքում կա մեկ քարտ, երկու չափահաս, բավարար չէ։ Յուրաքանչյուր չափահաս պետք է ունենա իր անունով բացված բանկային հաշիվ ու կցված բանկային քարտ։ Չափահաս անձանցից յուրաքանչյուրին է վճարվում գումարը, դա իր սեփականությունն է, պետք է գնա իր անվամբ բացված բանկային հաշվին»։ 

Ի՞նչ ընթացակարգով է կազմակերպվում 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, բայց բանկային քարտ չունեցող քաղաքացիներին աջակցություն տրամադրելու գործընթացը։

«Թվարկեցիք տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիներին,որոնք առողջական կամ տարիքի հետ կապված ունեն տեղաշարժման խնդիրներ։ Եթե մենք ԿԲ–ից կստանանք տվյալներ, որ նրանք ունեն բանկային հաշիվ, որին կցված է  վճարային քարտ, որը վավերական է կամ վերջին 15 ամսում գործարք է  արվել, մենք գումարը կփոխանցենք, քաղաքացին կստանա։ Բայց եթե ԿԲ–ից չենք ստանա տվյալներ, ապա վճարումը կկատարվի կանխիկ՝ «Հայփոստի» միջոցով։ Սա նշանակում է, որ 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող այն անձինք, որ բանկային հաշիվ չեն բացել, բանկային քարտ չունեն, անհանգստանալու կարիք չունեն։ Եթե ցանկանում են, ապա կարող են մոտենալ որևէ բանկ, բանկային հաշիվ բացել։ Եթե խնդիր ունեն, կարող ենք ստանալ «Հայփոստի» միջոցով։ Ընդ որում, գուցե նրանք լինեն հիվանդանոցում, «Հայփոստը» հասանելի չլինի, ապա նախատեսել ենք կարգավորում՝ պարզ լիազորագիր կգրեն, որը կհաստատի առողջապահական հաստատության ղեկավարը։ Այդ լիազորագրի հիման վրա կվճարվի այլ անձի։ Փորձել ենք առողջական խնդիրներ ունեցողների համար լուծումներ գտնել, որպեսզի նրանց համար հասանելի լինի»։

Եթե ունեք հարցեր, գրեք մեզ [email protected] հասցեով` թեմա տողում նշելով «Մտքի ուժը»։

Back to top button