ԿարևորՀասարակություն

Եվրոպան Բաքվին դատապարտում է, բայց չի պատժում

Նախօրեին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևով  ԵՄ-ին կոչ է արվում վերանայել Բաքվի հետ ռազմավարական համագործակցությունը էներգետիկայի ոլորտում և թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հրադադարի բազմաթիվ խախտումների ու մարդու իրավունքների ոտնահարման համար։

Թեև փաստաթուղթը խորհրդատվական բնույթ ունի, բայց արդեն հայտնի է, որ հակընդդեմ հայտարարություն է պատրաստում Ադրբեջանի խորհրդարանը։

Եվրոպայում կամ մեկ այլ ուղղությամբ, եթե կա Ադրբեջանին զսպելու նպատակային քաղաքականություն, ապա այն կյանքի կոչելու գլխավոր հարցը մեկն է՝ պատժամիջոցների կիրառումը։ Այս համոզմունքին է քաղաքագետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։   

«Թվում է թե բոլորը խոսում են խաղաղության, երկարատև կայունության կամ անվտանգության մասին, բայց այս իրավիճակը բոլորիս հուշում է, որ պրոցեսները գնում են լրիվ հակառակ ուղղությամբ, և մեր տարածաշրջանն անընդհատ անցնում է նոր փորձությունների և նոր պայթյունների ճանապարհով»։  

Ի՞նչ կփոխի այս իրավիճակում ԵԽ ընդունած բանաձը, որով ԵՄ-ին կոչ է արվում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել, վերանայել Բաքվի հետ ռազմավարական համագործակցությունը՝ մասնավորապես էներգետիկայի ոլորտում և նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը:

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար»:

Եվրախորհրդարանը անհրաժեշտ է համարում, որ ԵՄ-ն «նվազեցնի կախվածությունը Ադրբեջանի գազից», իսկ Բաքվի և Հայաստանի հարաբերություններում լարվածության խորացման դեպքում «իսպառ դադարեցնի նավթի և գազի ներմուծումը» Ադրբեջանից։ Բանաձևին կողմ է քվեարկել 491, դեմ՝ 9, ձեռնպահ է մնացել 36 պատգամավոր։ Թեպետ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է հաշվի առնեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։

Փորձագետներն, առանձնապես, լավատես չեն։ Արևելագետ Ռուբեն Մելքոնյանն, օրինակ, նկատում է, որ ժողովրդավարական սկուզբունքներով առաջնորդվող Արևմուտքի խոսքն ու գործը չեն համապատասխանում։ 

«Մի կողմից ճանաչում են, որ նա ցեղասպան է, ավտորիտար է և այլն, մյուս կողմից՝ նրա հետ շարունակում են նորմալ տնտեսական, քաղաքական և այլ հարաբերություններ։ Այսինքն՝ այն, ինչ խոսում են և այն, ինչ իրականում կա քաղաքականության մեջ, տարբեր բաներ են»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, մինչդեռ, կարծում է, որ գործնական քայլեր ևս կան, ու Եվրախորհրդարանի բանաձևի ընդունումն էլ դրանցից մեկն է։ Այդպիսի օրինակներից մեկն էլ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարն է։  

«Արևմուտքի դիվանագիտությունը, արտաքին քաղաքական տրամաբանությունն այդպիսին է, որ դու պետք է ինչ-որ մի քայլ անես, որին կհետևեն նաև իրենց կողմից արված քայլերը։ Այդ պատճառով էլ շատ դեպքերում խոսում են, առաջարկում են, եթե կարելի է ասել՝ «գլխի են գցում» և սպասում են մեր կողմից արվող քայլերին»։

Եվրախորհրդարանի բանաձևի ընդունմանը զուգահեռ ԵՄ երկրների որոշ ղեկավարներ արդեն հայտարարել են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու աննպատակահարմարության մասին։ Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն է նշել, թե այս փուլում Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների կիրառումն արդյունավետ չի լինի և կխանգարի խաղաղություն հաստատելու գործընթացին։ Տիգրան Աբրահամյանին զարմացնում է նման իրավիճակում պատժամիջոցների անարդյունավետության մասին Մակրոնի հայտարարությունը։  

«Երբ որ դու բաց հայտարարում ես, որ այդ պատժամիջոցները որևէ պայմաններում չեն լինում, այն դեպքում, երբ վերջին երեք տարվա ընթացքում Ադրբեջանը 5-6 ագրեսիայի է դիմել Հայաստանի և Արցախի նկատմամբ, ապա, անկախ նրանից, թե դու ինչ ես ասել մինչև դա, ինչ ես ասելու հետագայում, դրանք չեն ունենա այն ազդեցությունը, ինչ կարող են ունենալ մեկ այլ պարագայում»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, մինչդեռ, համաձայն չէ, որ Ադրբեջանին կարող է զսպել միայն արևմտյան պատժամիջոցը։

«Ադրբեջանի ագրեսիան զսպելու առաջին և գլխավոր միջոցը Հայաստանին զինելն է։ Իսկ պատժամիջոցներն Ադրբեջանը կարող է լրացնել այլ ուղղություններից, որտեղ, բնականաբար, պատժամիջոցներին չեն միանա։ Օրինակ՝ Թուրքիան, Պակիստանը, Ռուսաստանը և այլն»։

Հայաստանին զինելու հեռանկարի մասին խոսել է Ֆրանսիան, իսկ ԵԽ ընդունած բանաձևն էլ, ըստ Ղևոնդյանի, ԵՄ անդամ երկրներին տալիս է անհատական  պատժամիցոցներ սահմանելու հնարավորություն, բացի դրանից, քաղաքագետի ձևակերպմամբ, համաձայնություն է տալիս, որ անդամ երկրները Հայաստանի հետ առանձին-առանձին ռազմական համագործակցություն ձևավորեն և իրականացնեն՝ բիզնես նպատակներով կամ ընդհանուր աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված։ Ղևոնդյանը կարծում է, որ Ֆրանսիայի օրինակով ֆրանկոֆոն մյուս երկրները նույնպես նման մոտեցումներ կցուցաբերեն, նաև՝ ԵՄ անդամ այլ բարեկամ երկրներ, որոնք ընդհանուր շահեր ունեն, բայց, ըստ Ղևոնդյանի, զերծ են մնացել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունից՝ Ռուսաստանի հետ մեկ անվտանգային գոտում գտնվելու պատճառով։

Back to top button