ԿարևորՀասարակություն

Պահանջվում են իրավական ու քաղաքական քայլեր գերիներին ազատ արձակելու ուղղությամբ․ Երևանը դիմել է ՄԻԵԴ

Հայաստանում իրավական հարթությունում արվում են հնարավոր քայլերը ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ։ Երևանն արդեն դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով ամբողջական տեղեկություններ տրամադրել ադրբեջանական կողմում գտնվող Արցախի նախկին  ղեկավարների մասին, պահանջել է նաև անհապաղ ազատ արձակել նրանց։

Ադրբեջանը պարբերաբար տեսանյութեր ու լուսանկարներ է տարածում Ստեփանակերտից առևանգված և ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության ղեկավարների մասին։ Բացի այդ, ադրբեջանական զլմ-ները լուրեր են տարածում նաև նրանց իբր տված ցուցմունքների մասին։

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ուշադրություն է հրավիրում այդ հանգամանքին և շեշտում, որ ցանկացած պատանդի կամ գերիու ցուցմունքը անթույլատրելի ապացույց է և չի կարող հիմք հանդիսանալ որևէ մեղադրանքի համար, քանի որ Բաքվում այդ ցուցմունքները ստանում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտումներով։

Մարուքյանը համոզված է, որ եթե անգամ ինչ-որ ցուցմունքներ տրվել են, ապա դա արվել է խոշտանգումների և կյանքի իրավունքի ոտնահարման սպառնալիքով։ Բոլոր այն ապացույցները, որոնք այժմ իբր ձեռք են բերվել այդ մարդկանցից, ստացվել են ՄԻԵԴ-ի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կոպիտ խախտումներով:

Դեսպանը նշում է, որ Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող բոլոր հայերի վերաբերյալ տեղեկատվությունը որևէ արժանահավատություն չի կարող ունենալ։ Ըստ այդմ՝ բոլոր ռազմագերիները և պատանդները, անկախ նրանց ունեցած քաղաքական դերից, պետք է անհապաղ ազատ արձակվեն։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այս առումով «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է․

«Տեսանք, թե ինչպես էին սահմանը անցնող մարդկանց տեսախցիկների առաջ ստիպում ասել, թե իրենք ճնշման ներքո չեն խոսում, այլ ինքնակամ են հեռանում, հիմա պատկերացրեք փակ տարածքում, աչքից հեռու սարսափելի է պատկերացնել, թե ինչեր կարող են տեղի ունենալ, ինչպես կարող են իրենց անհրաժեշտ տեղեկությունները կորզել։ Պետք է հասկանալ, որ իրենք այդ տեղեկատվության պակաս չունեն, այլ բան է, որ իրենք այդ տեղեկությունը թղթով ստորագրած կոնկրետ մարդուց ստանալու խնդիր ունեն և այդ տեղեկությունը իրենք կարող են ստանալ տարբեր մեթոդներով։ Եվ ռազմագերիների, առևանգված մարդկանցից բռնությամբ հավաքված ցանկացած ինֆորմացիա չի կարող համարվել բավարար ապացույց  իրենց դատապարտելու համար»։

Արցախի պաշտոնաթող ու գործող ղեկավարների, հանրային-պետական գործիչների առևանգումները բացահայտ անօրինական են և բացարձակ կամայական, հանցավոր արարքներ՝ հայտարարում է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը: Նրա համոզմամբ՝ այդ որոշումները պայմանավորված են բացառապես Ադրբեջանի իշխանության հայատյաց  ֆաշիստական քաղաքականությամբ, վրեժի շարժառիթներով:

Նա նկատում է, որ Արցախի նախագահները, Ազգային Ժողովը, պետական մյուս ինստիտուտները խորհրդանշում են Արցախի պետականությունը։

«Ադրբեջանական իշխանությունն այս անօրինական ազատազրկումներով ու քաղաքական հետապնդումներով իր համար գլոբալ հարցեր է լուծում` նվաստացնել հայ ժողովրդին, նսեմացնել մեր ազգային արժեքները, ոչնչացնել պայքարի ոգին ու մեր էթնիկ ինքնությունը, իբր ցույց տալ իրենց ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի ազգային ու անձնական արժանապատվությունը նվաստացնելու հաշվին»,-նշում է Թաթոյանը:

Ըստ Թաթոյանի՝ գերեվարվածներին ազատ արձակելու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն անհրաժեշտ, բայց բավարար չէ. դրա համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նույնպես կարծում է, որ իրավական  ուղությունը շատ կարևոր է, բայց իրոք բավարար չէ, հարկավոր են նաև այլ քայլեր․

«Հայաստանի ներկայացուցիչները՝ թե հասարակական, թե քաղաքական, իրենց բոլոր կապերը, միջոցները պետք է օգտագործեն ՀՀ քաղաքացի համարվող բոլոր կապույտ անձնագիր ունեցող անձանց Հայաստան տեղափոխելու համար։ Բայց մեր բոլորի ներուժը համատեղ հնարավորություն չի ստեղծի վերադարձնել նրանց Հայաստան, դա պետք է լինի միջազգային հանրության ճնշումը, որը շատ կարճ ժամանակում կարող է այդ հնարավորությունը տալ»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անհրաժեշտ քաղաքական քայլերն է մատնանշում․

«Բաքվի բանտում փակված 7-8 գործիչների հետ միասին բանտարկված է յուրաքանչյուրիս արժանապատվությունը, յուրաքանչուրիս ինքնիշխանության ձգտումը, յուրաքանչյուրիս դիմադրողականության ձգտումը։ Մեր հասարակությունը շատ կարճ ժամանակ ունի ապացուցելու համար՝ մենք արժանապատիվ հասարակություն ենք, թե ձախողված պետության անհույս ամբոխ»։

Վերջին տվյալներով Ադրբեջանի օմբուդսմենը այցելել է Ռուբեն Վարդանյանին, նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ:

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը առևանգվել էր  Հակարիի կամրջի անցակետում։  

Չորս ամսով կալանավորվել են նաև ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյան, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը։ Նրանց ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 7 հոդվածներով։

ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մեղադրվում է 9 հոդվածով:

Տեղեկություն է հայտնվել նաև է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի մասին։ Ադրբեջանական զլմ-ները բաբայանի լուսանկարն են հրապարակել։ Նշվում է, որ նրան ընդունել է Ադրբեջանի օմբուդսմենը։

Առևանգվածների թվում են նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը և պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Պաշտոնական Երևանը արդեն դիմել է ՄԻԵԴ՝ ԱՀ ղեկավարության բոլոր ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու հայցով։

 «Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը, հիմք ընդունելով սոցիալական ցանցերում տարածված մի շարք տեսանյութերը, խնդրել է դատարանին Ադրբեջանին պարտավորեցնել տեղեկացնելու իր վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին ու տրամադրել ամբողջական տվյալներ», — ասված է ներկայացուցչի տարածած հաղորդագրությունում։

Ի դեպ՝ պարզվում է ադրբեջանցի մարդասպան Սաֆարովին գաղտնի գործարքների արդյունքում Բաքվին արտահանձնած Հունգարիան պատրաստ է միջնորդել և նպաստել, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները անվտանգ  հայրենիք վերադառնան։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Հունգարիայի դեսպանը:

Back to top button