ԿարևորՀասարակություն

ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերին:

Հանդիպմանը մասնակցել են ԵԽ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» երրորդ ծրագրի ղեկավար Նատալյա Ադամյանն ու ծրագրի համակարգող Թամարա Բարբակաձեն:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես՝ հատուկ շեշտադրվել են Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների շրջանակներում վեր հանված խնդիրները:

Անահիտ Մանասյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրներին և մարդու հիմնարար իրավունքների խախտումներին, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականությանը, որը դրսևորվում է բոլոր հարթություններում։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են առաջիկայում նախատեսվող, մարդու իրավունքների պաշտպանությանը միտված համատեղ ծրագրերի մանրամասները։ Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցելու պատրաստակամությունը։

Կարդացեք նաև

Back to top button