ԿարևորՀասարակություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 100 000 դրամ միանվագ աջակցություն

Կառավարության որոշմամբ, 100 000 միանվագ դրամական սոցիալական աջակցություն կտրամադրվի 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12։00-ից հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ներկայացմամբ,  սույն որոշմամբ առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել բյուջե՝ այդ միանվագ աջակցությունը տրամադրելու նպատակով:

«Այս ծրագրի շահառուներն են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք սեպտեմբերի 24-ից հետո են բռնի տեղափոխվել Հայաստան: Աջակցությունից օգտվելու համար շատ կարևոր է, որպեսզի անձը հաշվառված լինի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում: Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն անցել՝ մենք բազմիցս հորդորել ենք, հիմա էլ հորդում ենք, որպեսզի հաշվառվեն Հայաստանի Հանրապետության 60-ից ավելի համայնքներում տեղակայված տարածքային հումանիտար կենտրոններում: Հասցեները տեղադրված է www.irazekum.am կայքում, կամ Միասնական սոցիալական ծառայության կենտրոնացված Փարաքարի կենտրոնում, որտեղ միգրացիայի մեր գործընկերները հաշվառում են իրականացնում:

Կարևոր մի քանի տեղեկատվություն, թե ինչպես պետք է մեր հայրենակիցները ստանան այդ աջակցությունը: Նախ՝ նշեմ, որ բոլոր նրանք, ովքեր ունեն բանկային քարտեր՝ նրանք կարիք չունեն կրկին բանկ գնալու, և դրամական աջակցությունը՝ այս որոշումն ընդունելուց հետո, առաջիկա օրերի ընթացքում կսկսենք իրենց վճարել:

Նրանք, որոնք քարտեր չունեն՝ շատ կարևոր է, որպեսզի մոտենան բանկեր և բանկերն անվճար իրենց կսպասարկեն, կտրամադրեն բանկային քարտեր, որից հետո Կենտրոնական բանկը այդ տվյալները կփոխանցի Միասնական սոցիալական ծառայությանը, և մենք կսկսենք նրանց նույնպես վճարել: Բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն մի քանի բանկային քարտեր, դրամական աջակցությունը կտրամադրվի վերջին ակտիվ բանկային քարտի հաշվին: Այսինքն՝ Կենտրոնական բանկը մեզ կփոխանցի այն քարտերի տվյալները, որոնցով ամենավերջին գործարքներն են իրականացվել:

Մեր այն քաղաքացիները, որոնք չունեն անձնագրեր, կամ անձը հաստատող փաստաթղթեր՝ անհրաժեշտ է, որպեսզի մոտենան Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որտեղ իրենց անձը նույնականացնելուց հետո կտրվի տեղեկանք, որի հիման վրա կարող են կրկին մոտենալ բանկեր, բացել քարտային հաշիվ և ստանալ աջակցությունը:

Մենք ունենք նաև դեպքեր, երբ որոշակի դժվարություններ կարող են ունենալ մեր հայրենակիցները, օրինակ՝ 75 տարին լրացած, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներն աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով Հայփոստից: Ըստ անհրաժեշտության՝ նաև փոստատարի միջոցով, բնականաբար, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

Մեկ այլ կարևոր դիտարկում. քանի որ 100 հազար դրամ աջակցությունը տրամադրվելու է բոլորին, անչափահասների մասով առաջիկայում, այսինքն՝ այս որոշումն ընդունելուց հետո, Միասնական սոցիալական ծառայության օնլայն դիմումների հարթակում առանձին հատուկ հարթակ կգործի: Մեր հայրենակիցները կարող են իրենց անչափահաս երեխաների մասին ինֆորմացիան այդտեղ մուտքագրել, որից հետո ծնողներից մորը, կամ օրինական, այսպես ասած, ներկայացուցչին դրամական աջակցությունը կտրամադրվի: Կամ կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որոնք Հայաստանի Հանրապետությունում 49 են: Այնտեղ նրանց կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն և աջակցություն, որպեսզի մուտքագրեն իրենց անչափահաս երեխաներին տվյալները:

Մի տեղեկատվություն ևս նշեմ. չնայած Կենտրոնական բանկի մեր գործընկերներն այս մասին հայտարարել են, քարտային հաշիվ հնարավոր է բացել Հայաստանում գործող բոլոր բանկերում, բացի Մելլաթ և Ֆասթ բանկերում, որոնք այս պահի դրությամբ ֆիզիկական անձանց քարտային հաշիվներ չեն սպասարկում:

Մնացած բոլոր տեսակի հարցերի համար մենք գործարկել ենք 114 համարով շուրջօրյա թեժ գիծ, կարող են նաև այս թեժ գծին նույնպես զանգահարել և տեղեկատվություն ստանալ»,-ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ երեխաների տվյալների կցագրման գործընթացն առավել մանրամասն ներկայացման կարիք ունի, ինչին ի պատասխան Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2020 թվականի պատերազմից հետո էլ աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվել, այն ժամանակ էլ այս հարթակը գործարկվել է, և Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների մեծ մասը տեղյակ է այդ հարթակից. «Պետք է երեխայի ծննդյան վկայականի պատճեն ներբեռնել, որից հետո Միասնական սոցիալական ծառայության կողմից կնույնականացվի»,-ասել է նախարարը: Նարեկ Մկրտչյանի խոսքով, բացի այդ, բոլոր շահառու անձանց տվյալները Կենտրոնական բանկից ստացվելու են և ավտոմատ կերպով երեխայի գումարը կփոխանցվի մոր հաշվեհամարին: Նախարարը նաև նշել է, որ շուտով ուղեցույցներ կուղարկվեն, որպեսզի դժվարություններ չառաջանան:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հորդորել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, որպեսզի անպայման հաշվառվեն, որպեսզի պետության կողմից իրականացվող օժանդակության ծրագրերը հասանելի լինեն բոլորին:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր հերթին հավելել է, որ անհրաժեշտություն կլինի ավելացնել 114 թեժ գծի սպասարկման կետերը: Փոխվարչապետի խոսքով, վստահաբար կլինեն բազմաթիվ զանգեր՝ կապված 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման հետ, և անհրաժեշտ է այնպես կազմակերպել, որպեսզի բռնի տեղահանված անձինք, ովքեր այս միջոցառման շահառու են լինելու, իրենց հարցերի պատասխանները ժամանակին ստանան:  

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշել է, որ պետք է հետևողական լինել, որպեսզի ոչ մի շահառու դուրս չմնա աջակցության ծրագրերից:

Back to top button