ԿարևորՍպորտ

Հաստատվել են Երևանում կայանալիք բռնցքամարտի պատանեկան ԱԱ-ի ժամկետները

2023թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը Երևանը կընդունի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցաշարին 15-16 տարեկան բռնցքամարտիկներ կմասնակցեն՝ տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում:

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ IBA օրացույցում աշխարհի պատանեկան առաջնություն է գրանցվել 8 տարվա դադարից հետո: Պատանիների վերջին մրցումներն անցկացվել են 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում, իսկ աղջիկներինը՝ չինական Թայբեյում։ Այս անգամ մրցաշարը կանցկացվի համատեղ ձևաչափով:

IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային՝ շարունակական աջակցության համար և վստահություն հայտնել, որ միջոցառումը կանցկացվի բարձր մակարդակով:

«Երևանն արդեն մի քանի մասշտաբային միջոցառումներ է հյուրընկալել, և մենք միանգամայն վստահ ենք, որ աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի բացառիկ չափանիշներով»,- ասել է Ումար Կրեմլյովը:

Նշենք՝ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի նախկին «Միկա» մարզահամալիրում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը պատանեկան ԱԱ-ն անցկացնելու հայտ է ներկայացրել՝ հաշվի առնելով, որ այդ տարիքային խմբում արդեն իսկ լավ ձևավորված հավաքական ունենք:

«Մեր պատանի բռնցքամարտիկները սկսել են լուրջ արդյունքներ ցույց տալ: Մասնագետների կարծիքով՝ նրանց շրջանում ապագա շատ լուրջ բռնցքամարտիկներ կան: Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ որոշեցինք հայտ ներկայացնել, որն էլ բավարարվեց»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Այս տարվա ապրիլին Երևանում անցկացվել էր Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի թիմը 1 ոսկե, 2 արծաթե ու 10 բրոնզե մեդալ էր նվաճել:

Ավելի վաղ հայ պատանի բռնցքամարտիկները նաև 2 ոսկե և 7 արծաթե մեդալ էին նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված պատանիների Եվրոպայի առաջնությունում։

Երևանում 2022 թվականին առաջին անգամ անցկացվել է բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել էր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), փոխչեմպիոններ էին դարձել Արթուր Բազեյանն (57 կգ) ու Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ, իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:

Back to top button