ԿարևորՔաղաքական

Փաշինյանն ափսոսանքով է մեկնում Գրանադա․ փաստաթուղթ չի ստորագրվի

Արցախի Հանրապետության լուծարման մասին որոշումից և Արցախի հայաթափումից հետո առաջին անգամ ԱԺ–ում տեղի ունեցած հարց ու պատասխանը պատգամավորների և կառավարության անդամների միջև անցել է լարված մթնոլորտում։ Փոխադարձ մեղադրանքների պակաս չի եղել,  վերջին շրջանում ԱԺ–կառավարություն հարց ու պատասխանները բոյկոտող ընդդիմությունը որոշել էր մասնակցել և հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հոկտեմբերի 5-ին ՀՀ պատվիրակությունը կմեկնի Գրանադա։ Այդ այցը չի չեղարկվել, ինչպես դա արել է Ադրբեջանը։ Բայց փոխվել է Գրանադայի  օրակարգը՝ լուրն ափսոսանքով է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հույս ուներ, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում փաստաթուղթ էր ստորագրվելու։

«Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը և, ընդ որում, շատ կառուցողական և լավատես էինք տրամադրված, որովհետև կարծում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու և, ըստ էության, մինչև այսօր առավոտ այդ հավանականությունը շատ բարձր էինք գնահատում։ Չենք չեղարկել, Գրանադա պատվիրակությունով ենք մենք մեկնում՝ ԱԳ նախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Այնտեղ ունենալու ենք հանդիպումներ և, ըստ էության, փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել։ Իհարկե, ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, բայց հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել և ցավում եմ շատ, որ վաղը առիթ չեմ ունենալու հայտարարելու, որ շատ կարևոր այդ որոշումը կայացվեց»։

Այն, որ Ադրբեջանը հրաժարվել է Գրանադա այցելությունից, դեռ չի նշանակում, որ սեղանին դրված փաստաթուղթը հակասում էր իր շահերին կամ լիովին սպասարկում է Հայաստանի շահերը, հստակեցնում է Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչ սկզբունքներ են փաստաթղթի հիմքում։

«Այդ փաստաթուղթը համապատասխանում է տարածաշրջանի խաղաղության և կայունության շահերին, որովհետր եթե որևէ փաստաթուղթ հավասարակշռված չլինի, որևեէ մեկը չի ստորագրի այդ փաստաթուղթը, ոչ մեկ էլ չի կարող ստիպել»։

«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ ՀՀ վարչապետ չի ունենա»․ այսօր Փաշինյանին մի քանի անգամ հիշեցրեցին այս հայտարարությունը, որը ընդդիմադիրների համոզմամբ՝ հանգեցրեց պատերազմի, հետո Արցախի կորստի և դեռ հայտնի չէ, թե ինչ նոր հետևանքների։ Ընդդիմադիրների հարցին ի պատասխան, թե որքան է զբաղեցնելու  կառավարության ղեկավարի աթոռը, վարչապետը չբացառեց՝ անգամ վաղը կարող է իրավիճակ փոխվել։ Բայց դրա համար կա նախապայման․

«Ոչ դուք եք որոշում՝ Հայաստանում իշխանափոխություն կլինի, թե չի լինի, ոչ էլ ուրիշ որևէ մեկը։ Դա որոշում է ՀՀ ժողովուրդը։ ՀՀ ժողովուրդը որ որոշի, կարող է այսօր երեկոյան էլ իշխանափոխություն անի և ձեզ էլ չի հարցնի, ոչ մեկին էլ չի հարցնի»։

Իշխանությունն ու ընդդիմությունն Արցախի անկման տարբեր հիմքեր են տեսնում։ Ընդդիմությունը հիշեցնում է պատերազմում Արցախին մենակ թողնելու և կարգավիճակի նշաձողն իջեցենլու մասին Փաշինյանի արած հայտարարությունները։ Փաշինյանն իր վարկածներն ու պատասխաններն է առաջադրում կատարվաի առնչությամբ։

Արթուր Խաչատրյան․ «ՀՀ իշխանությունները, ներառյալ այս դահլիճում, շտապեցին տիրաժավորել այն թեզը, որ ադրբեջանական ագրեսիայի պատճառն Արցախում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն էին։ Ի՞նչ ուղերձ են սրանով ՀՀ իշխանությունները փորձում հղել․ եթե Հայաստանում էլ իշխանություն փոխվի, նույնը սպասվում է նաև Հայաստանին։ Սա խամաճիկային, մարիոնետային կառավարություն է»։

Նիկոլ Փաշինյան․ «Մարիոնետային կառավարությունը ձեր կուսակցությունների կառավարություններն են եղել, որոնք երբեք սեփական ժողովրդի կողմից չեն ընտրվել։ Բա ո՞ւմ կողմից են նրանք կարգվել, կարո՞ղ եք բացատրել։ Դուք երբեք ինքնություն քաղաքականություն չեք ունեցել։ Դուք վարել եք մի քաղաքականություն, որպեսզի ՀՀ-ն երբեք անկախ չլինի»։

Արցախին միայնակ թողնելու մասին ընդդիմադիրների հայտարարությունները Նիկոլ Փաշինյանը չի ընդունում։ Հիշեցնում է, որ վերջին 3 տարվա ընթացքում 1 միլիարդ դոլարից ավելի ֆինանսավորում է ուղղվել ԼՂ–ին։ Նաև համարում է, որ ինքնապաշտպանության առումով որևէ բանի պակաս չի եղել Արցախում։ Ինչ վերաբերում է հրադադարից հետո՝ Արցախի քաղաքացիների զանգվածային տեղահանումից առաջ Փաշինյանի հայտարարություններին, թե ոչինչ չի սպառնում այնտեղի հայությանը, ապա այս ամենը հասկանալի չէ պատգամավոր Արմեն Ռուստամյանին։

«Դուք ձեր պատասխանի գո՞հ եք։ Դուք ասում եք՝ մենք չմիջամտեցինք, որպեսզի ի՞նչ անենք։ Այնտեղ անհապաղ միջամտելու անհրաժեշտություն գոյություն ուներ։ Հրոսակները հոշոտում էին մեր ժողովրդին, դուք ասում եք՝ խաղաղ բնակչության նկատմամբ բան չի եղել։ Խաղաղ բնակչություն չի՞ զոհվել։ Էթնիկ զտումները, որ տեղի են ունեցել, հիմա դուք հակասում եք արտգործնախարարության դիրքորոշմանը։ Դուք հիմա նորից հիմք եք տալիս Ադրբեջանին պաշտպանվելու»։

Աժ դահլիճում հնչած բոլոր մեղադրանքներին ի պատասխան Փաշինյանը արձանագրում է․

«Եթե ձեր մղումն ու նպատակադրումն այն է, իսկապես հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում, ես ողջունում եմ դա և կողջունեմ մի պայմանով, որ մենք իսկապես պետք է խորապես հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում։ Եվ այո, ուզում եմ ասել, որ այդ սադրանքի նպատակը և հիմնական թիրախը եղել է և ինչ-որ առումով շարունակում է մնալ ՀՀ–ն։ Եվ ես՝ որպես ՀՀ վարչապետ, կներեք որքան էլ անցանկալի հնչի, առաջին հերթին իմ պարտականությունն է ՀՀ անվտանգությունը ապահովելը»։

Վարչապետը պնդում է, որ իր հրապարակային հայտարարությունների  ու արտգործնախարարության դիրքորոշուման մեջ որևէ հակասություն չկա։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի արտգործնախարարությունը արտահայտում է  կառավարության դիրքորոշումը։

Back to top button