ԿարևորՔաղաքական

Միջազգային դերակատարների գործադրած ջանքերը բավարար չէին կանխելու ոճրագործությունները և ապահովելու ԼՂ բնակչության անվտանգ կյանքն իր բնօրրանում․ Միրզոյան

Հոկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ, որից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։  Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար:

«Բարև Ձեզ: 

Հարգելի՛ տիկին նախարար,

Սիրելի՛ գործընկեր,

Ողջունում եմ մեր բարեկամ երկիր Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար, իմ լավ բարեկամ Կատրին Կոլոննայի՝ ընթացիկ տարվա մեջ արդեն երկրորդ այցը Հայաստան: Այց, որը տեղի է ունենում չափազանց դժվար ժամանակաշրջանում թե´ ՀՀ, թե´ հայ հասարակության և ժողովրդի համար:

Ադրբեջանի կողմից շարունակական ուժի կիրառման և հայատյաց քաղաքականության հետևանքով այսօր Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է փաստացի էթնիկ զտման. Լեռնային Ղարաբաղի 100.000-ից ավելի հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը՝ բախվելով գոյաբանական վտանգների, հիմնավոր մտավախություն ունենալով իրենց կյանքի, ընտանիքների, այդ թվում՝ կանանց, երեխաների և տարեցների անվտանգության ապահովման հարցում: Եվ այդ մտավախությունը հիմնավորվում է ոչ թե տեսական փաստարկներով, այլ ընդամենն օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական հարձակմամբ, որի ժամանակ թիրախավորվեցին նաև քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները: Մենք այդ մասին խոսելու և խնդիրը միջազգային առավելագույն բարձր մակարդակով բարձրաձայնելու հնարավորություն, տիկին նախարար, ունեցանք սեպտեմբերի 21-ին՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ձևաչափով, որն ընդգծեմ հրավիրվել էր Ֆրանսիայի և Հայաստանի կողմից զուգահեռ ներկայացված նամակների հիման վրա:

Այսօրվա իրականությունը ցույց տվեց, որ միջազգային դերակատարների կողմից հայտարարություններն ու գործադրված ջանքերը բավարար չէին իրականացնելու զանգվածային ոճրագործությունների կանխման համընդհանուր հանձնառությունը և ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ ու արժանապատիվ կյանքն իր բնօրրանում: Ես ցանկանում եմ ընդգծել սա, քանի որ տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ժողովրդավարության նկատմամբ նկրտումների զսպումը շարունակական մարտահրավեր է:

Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրմանը: Այդուհանդերձ, երկարատև խաղաղության համար առանցքային է բոլոր առկա խնդիրները քաղաքական երկխոսության ճանապարհով լուծելու փոխադարձ պատրաստակամությունը: Ի հավելումն ՄԱԿ ԱԽ հիշյալ նիստում ՀՀ արտահայտած ակնկալիքների՝ այդ հարցերը ներառում են ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի առավելագույն հստակության ապահովումը՝ 1975թ. քարտեզի հիման վրա, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը բացառապես պետությունների ինքնիշխանության և իրավազորության ներքո, հավասարության և փոխադարձության սկզբունքների համաձայն:

Իհարկե, մեզ համար էական նշանակություն ունեն նաև մարդասիրական բնույթի հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի ապահովումը:

Այսօր մենք, հասկանալիորեն, կենտրոնացանք տարածաշրջանային իրավիճակի քննարկման վրա: Բայց և հնարավորություն ունեցանք շարունակելու մեր նախորդ քննարկումները հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների օրակարգի վերաբերյալ՝ վերահաստատելով այն ընդլայնելու մեր երկուստեք շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը՝ հաշվի առնելով մերօրյա նոր մարտահրավերները:

Տիկին նախարար,

Թույլ տվեք ևս մեկ անգամ հստակ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը կարիքն ունի, ձգտում է Ֆրանսիայի հետ առավել սերտ գործընկերության և բարեկամության:

Նույնը վերաբերում է նաև Ֆրանսիայի ներգրավվածությամբ տարբեր ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության տիրույթում, միջազգային բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը: 

Թանկագին գործընկեր,

Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Ֆրանսիայի կառավարության կողմից ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի համար առկա առաջնային խնդիրների հասցեագրմանը»:

Back to top button