Եվրամիությունը պետք է վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները, հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը՝ Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքների վերաբերյալ քննարկման ժամանակ։
«Ալիևի ռեժիմի համար անհապաղ հետևանքներ պետք է լինեն», — ասել է նա:
«Մեկ տարի առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բաքվում էր՝ կանգնած նախագահ Ալիևի կողքին և գովաբանում էր Ադրբեջանին ԵՄ հուսալի գործընկեր լինելու համար։ Այսօր Հանձնաժողովը պետք է հստակ հասկացնի, որ Ադրբեջանի գործողությունները՝ սկսած ռազմական գործողություններից, վերջացրած Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմամբ, որը դե ֆակտո էթնիկ զտում է, ընդունելի չեն»,- հայտարարել է Մարինա Կալյուրանդը։
«ԵՄ Բարձր ներկայացուցիչ Բորելը խոստացել է կոշտ արձագանք, և մենք իսկապես ունենք լծակներ: Պատասխանը պետք է ներառի պատժամիջոցների կիրառում կամ Ադրբեջանի իշխանություններին պատասխանատվության ենթարկում, բանակցություններ ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի շուրջ և գազային գործարքի դադարեցում»,-ասել է նա։
Եվրախորհրդարանի պատգամավորն ընդգծել է, որ այսօր Հայաստանին ավելի քան երբևէ անհրաժեշտ է ԵՄ-ի էական քաղաքական և ֆինանսական աջակցությունը։
«Ժամանակն է արդիականացնել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և սկսել քննարկել Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցը։ Հայաստանին պետք է հստակ եվրոպական հեռանկար տրվի ավելի երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Մարինա Կալջուրանդը: