Վարչապետի փոփոխությունից երկրում փոփոխություններ չեն լինի. Նարեկ Գալստյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Անկախ այս պահին երկրում տեղի ունեցող իրադարձություններից Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը առաջիկայում պատրաստվում է նոր ռազմավարության: Մոտ երեք ամիս առաջ հանդես է եկել ձախ ուժերի միությունը ստեղծելու նախաձեռնությամբ: Այս ուժը իր առանձին կոնսուլտացիաներն է անցկացնում եւ խոստանում` առաջիկայում հանդես կգան ասուլիսով եւ հավաքով: Իսկ մինչ այդ կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը, որը որոշ ժամանակ առաջ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականն էր, այսօր անդրադարձել է ներքաղաքական այսօրվա զարգացումներին` քննադատության առյուծի բաժինը ուղղելով ԲՀԿ-ին եւ նրա ղեկավարին:
Հայաստանի 13-րդ վարչապետը` ով էլ լինի, 1-2 տարուց ենթարկվելու է խիստ քննադատության: Դա հասկանում են իշխող Հանրապետական կուսակցությունում եւ հնարավոր է որոշում կայացնելու ժամանակ առաջնորդվեն հենց այդ սկզբունքով` պորտֆելը զիջելով ուրիշին, ասում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը: Վարչապետի ու կառավարության փոփոխությունից, Նարեկ Գալստյանը երկրում փոփոխություններ չի ակնկալում, նույնիսկ եթե ստեղծվի «ազգային համաձայնություն» կամ որեւէ այլ կերպ կոչվող գործադիր իշխանություն:
Երկրում բարեփոխումներ իրականացնելու միակ հնարավորությունը համակարգային փոփոխությունն է, ասում է ՍԴՀԿ ատենապետը:
Նարեկ Գալստյանը համոզված է. Տիգրան Սարգսյանի հրաժարականը պարտադրված չէր, կայացվել է անձնական որոշման հիման վրա: Կարծում է, որ հրաժարականի համար նախադրյալներ չկային, քանի որ անցած տարիներին տարբեր կառավարությունների համար ավելի վատ ժամանակներ են եղել, բայց վարչապետերը հրաժարական չեն ներկայացրել: