Հայաստանում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Կոլոննան կհանդիպի նաև վարչապետի հետ։ Մինչ Հայաստան գալը Ֆրանսիայի արտգործնախարարն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու է հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդման կոնկրետ հարցեր։ Կատրին Կոլոնան կհանդիպի նաև Արցախից բռնի տեղահանվածների հետ։
Թեև վաղուց արդեն շատ փորձագետներ ընդգծում են, որ այլ երկրներից փրկություն սպասել պետք չէ, այս կամ այն գերտերության բարձր պաշտոնյաների այցերն ու հայտարարությունները որոշակի մեսիջներ են պարունակում, որոնք պետք է նաև վերլուծել ու տողատակերը հասկանալ։ Մինչ Երևան գալը, Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կընդգծի ծայրահեղ զգոնությունը այդ հարցերում։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարևորում է հատկապես այն, որ ֆրանսիացի դիվանագետի այցը համընկավ Հռոմի ստատուտի վավերացման հետ․
«Հաշվի առնելով այն կուրսը, որ Հայաստանը վերցրել է, և որի առաջին քայլն այսօր արվեց Հռոմի ստատուտի վավերացմամբ, նշանակություն կունենա։ Միջազգային հանրությունը այս քայլի տրամաբանության մեջ փորձելու է Հայաստանին որոշակի չափով փոխհատուցել, բայց պետք է հասկանալ նաև միջազգային հանրությանը, քանի որ նրանք այնքան են այս տարիների ընթացքում խաբվել, այդ թվում և Հայաստանից, որ համաձայն են այս պահին ինչ-որ բան տալ՝ միայն քայլեր տեսնելու պարագայում, և այդ քայլերից մեկն այսօր նրանք տեսան։ Իմ կարծիքով՝ ռազմական փոխհամագործակցություն տեղի կունանա այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի շարժվել այդ ճանապարհով, ոչ թե հապաղի կամ հետ կանգնի»։
«Վերադարձ Կիևից, ուղղությունը` Հայաստան»․ այսպես է վերնագրել իր այցը Կատրին Կոլոնան։ Այցը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։ Այն զուգորդվում է նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հայտարարություններով, որոնցում Սեբաստիան Լեկորնյուն ընդգծել էր, որ Ֆրանսիան դիտարկում է Հայաստանի պաշտպանական կարիքները։ Թե հատկապես ինչ նկատի ունի ֆրանսիացի նախարարը, չի հստակեցվում, սակայն մի բան պարզ է, որ բացառվում է, որ Ֆրանսիան ուղիղ մասնակցություն կունենա ռազմական գործողություններին։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի համար ամենակարևոր ձևակերպումը, մեսիջը հենց դա է․
«Ինձ համար ելակետը Ֆրանսիայի ՊՆ երկու օր առաջ հայտարարությունն է, որով բաց տեքստով հայտարարվում է, որ ռազմական միջամտություն Հայաստանի օգտին իրենք չեն կարող անել։ Ըստ էության նա բացառել է նման սցենարը։ Սա առնվազն նշանակում է, որ Ֆրանսիան, որ մեզ համար ամենաբարեկամականն է արևմտյան պետությունների մեջ, ու նաև արևմտյան մյուս պետությունները պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար, այսինքն՝ բավարարվելու են զուտ քաղաքական, դիվանագիտական հայտարարություններով, երբ որ ինչ-որ բան տեղի ունենա»։
Ոչ պաշտոնական տեղեկություններ են տարածվում, որ Ֆրանսիան Հայաստանին 50 միավոր զրահատեխնիկա է մատակարարել։ Այս մասին դեռևս հունիսին հայտարարել էր Եվրոպայում անվտանգության և կանխատեսման ինստիտուտի տնօրեն Էմանուել Դյուպյուն։ Այս տեղեկությունները շրջանառվում են նաև այսօր։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի համար կարևոր են հենց ռազմական համագործակցության պատրաստակամության մասին Փարիզից հնչող հայտարարությունները և ոչ թե այն, որ Ֆրանսիան ուղիղ մասնակցություն չի ունենա ռազմական գործողություններին․
«Հաշվի առնելով, թե ինչպես է դիրքավորվել Ֆրանսիան Հայաստանի հետ փոխհարաբերություններում, հաշվի առնելով այն, որ առանց վախենալու հայտարարում է ռազմական նշանակության ապրանքների վաճառքի մասին, (ոչ շատ երկրներ են բացահայտ նման հայտարարություն անում), հաշվի առնելով այն խոսակցությունները, որով Ֆրանսիան փորձում է դառնալ ՀՀ անվտանգության երաշխավորը, պետք է նշել, որ այս ամենը մի ամբողջ գործընթացի մաս է։ Եվ Ֆրանսիայի ԱԳՆ ժամանումը Հայաստան ամրապնդելու է այս գործընթացի մեզ համար շահավետ ընթացքը»։
Կատրին Կոլոնայի Հայաստան այցի ընթացքում մի շարք ոլորտներում համագործակցության համաձայնագրեր ձեռք կբերվեն, այդ թվում ռազմական, համոզված է Ռոբերտ Ղևոնդյանը։ Սակայն նա առավել կարևորում է տնտեսական ոլորտի համագործակցույունը, քանի որ ՀՀ այլ կուրս է վերցրել, ինչը լրացուցիչ տնտեսական ռիսկեր է պարունակում։
Շատ փորձագետներ, մատնացույց անելով Արցախի օրինակը, պնդում են, որ որևէ միջազգային խաղացողի կամ գերտերության վրա հույս դնել պետք չէ։ Այս դիտարկմանն ի պատասխան Ռոբերտ Ղևոնդյանը շարունակում է․
«Ինչ վերաբերում է նրան, որ Ֆրանսիան կարող է թողնել գնալ, և Հայաստանը մենակ մնա, ապա ամեն ինչ հնարավոր է՝ կախված այս կամ այն պետության շահերից։ Եթե Հայաստանը փորձում է իր հույսը դնել Ֆրանսիայի վրա, ԱՄՆ վրա, կամ այլ պետության վրա իր անվտանգությունը ամբողջապես ապահովելու հարցում, ապա կընկնի այն նույն վիճակում, որում հայտնվել էր, երբ հույսը ամբողջապես դրել էր Ռուսաստանի վրա։ Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնել իր անվտանգային համակարգը, ամբողջապես ինքնաբավ դառնալ»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարևորում է մեկ այլ հանգամանք ևս՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանել տարածաշրջանայի՞ն այցով, որից հետո նաև Ադրբեջան է գնալու, թե՞ ժամանել է միայն Հայաստան։ Սա անչափ կարևոր է հասկանալու համար, թե իրականում ինչ նպատակ ունի Կոլոնայի այցը․
«Մեզ ձեռնտու կլինի, եթե այցը լինի տարածաշրջանային, այդ դեպքում մենք կհասկանանք, որ Գրանադայից առաջ Փարիզը երկու կողմերին մեսիջ ունի հասցնելու, իսկ եթե նա գալու է միայն Հայաստան, դա կնշանակի, որ դարձյալ ճնշումներ են բանեցվում Հայաստանի վրա՝ ինչ-որ օրակարգ ընդունելու կամ ինչ-որ զիջումների գնալու հարցում»։
Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը, որին կմասնակցեն նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարները։