ԿարևորՀասարակություն

Առանց կարգավիճակի պահանջատեր չեն դառնում. սահմանադրագետ

Իրավունքների վերականգնումն ու կարգավիճակը առաջին հերթին կախված են դրանք ներկայացնող պետություններից՝ ասում են մասնագետները։ Սահմանադրագետները կարծում են, որ միայն ՀՀ իշխանությունների՝ արցախցիներին տրված կարգավիճակն է որոշելու, թե ինչ դիմումներ կուղղվեն միջազգային ատյաններում  և ինչ պահանջներ կձևակերպվեն ։ Փաստահավաք խումբ և մաքսիմալ գրագիտություն․ ըստ մասնագետների՝ սրանք են այն երաշխիքները, որոնց շնորհիվ հետագայում հնարավոր կլինի ոչ միայն պաշտպանել իրավունքները, այլև պահանջատեր դառնալ։

Տուն ու հայրենիք կորցրած, գրեթե բոլոր իրավունքներից միանգամից զրկված, բռնի տեղահանված  տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների իրավունքները միջազգային ատյաններում պաշտպանելու համար սահմանադրագետ Գոհար Մելոյանն առաջնային է համարում նախ ՀՀ–ի կողմից արցախցիների տրվող կարգավիճակի հստակեցումը։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի որոշել, թե ինչ պահանջ կարող ենք ներկայացնել միջազգային կառույցներին։

«Առաջնային անհրաժեշտ է մարդկանց կեցավայրերն ապահովել, մինչդեռ նույնիսկ դա պետությունն ամբողջովին չի կարողանում հոգալ։ Մասնավոր միջոցներով են մի մասը տեղավորված։ Ինքս որպես մասնագետ սպասում եմ պետության կողմից միասնական իրավահեն փաստաթղթի, որն արդեն ուշացած է նույնիսկ, և որում նաև գնահատական կտրվի այդ գործընթացներին, որն էլ հետագայում հիմք կծառայի միջազգային ատյաններին ներկայացնելու մեր հայրենակիցների հետ տեղի ունեցածը։

Եթե փախստականի կարգավիճակի մասին տարբեր փուլերում խոսվել է, ապա բռնի տեղահանվածների կարգավիճակն այնքան էլ հասկանալի չէ։ Արդյո՞ք տերմինների տարբերությունը նաև տարբեր իրավունքներ է ենթադրում։

«Այս պահի դրությամբ դրսի լսարանի համար ենք «էթնիկ զտման», «բռնի տեղահանված» եզրույթները օգտագործում։ Բայց ներքին լսարանի համար նրանց փախստականի կարգավիճակ տալն ավելի նախընտրելի կլինի՝ այդ իրավունքներից նրանց օգտվելու հանգամանքը և հիմքերը ամրացնելու նպատակով»։

Իրավունքների վերականգնումն ու կարգավիճակը կախված են նաև հանգամանքից, թե ինչպես են դրանք ներկայացնում պետությունները և տեր կանգնում այդ իրավուքններին՝ նկատում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և ընդգծում՝ բոլոր տեղահանվածները պետք է փախստականի կարգավիճակ ստանան Հայաստանում։

«Փախստականի մասին կոնվենցիան և կից արձանագրությունը ուղղակի պնդում են, որ այդ բոլոր անձինք պետք է ստանան պաշտոնապես ընդունող երկրի կողմից կարգավիճակ։ Գիտեք ցանկացած միջազգային ատյան արձագանքում է այն ժամանակ, երբ դու արել ես քո ուժերի ներածի չափ։ Խեղդվողը առնվազն բռնվում է այն փայտից, որին իր ձեռքի տակ է։ Եթե դա չի անում, իսկ  միջազգային հանրությանը ամենամեղմ ու լղոզված ձևակերպումներով է հանդես գալիս, ու դեռ այդ լղոզվածից հետո էլ չի շարունակում պնդել ավելի հստակ ձևակերպումներով, կներեք, բայց միջազգային հանրությունը չի անելու այն, ինչն ի դեպ գրված է ՄԱԿ–ի կանոնադրության մեջ»։

Տեղի ունեցածը ոչ միայն ԼՂ խաղաղ բնակչության դեմ շատ լավ կազմակերպված և իրականացված էթնիկ զտում է, այլև՝ հումանիտար մեծ ճգնաժամ՝ CNN-ի հետ զրույցում հայտարարել է  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Փոքր երկիր, փոքր ռեսուրսներ, շատ մեծ հումանիտար ճգնաժամ է։ ԼՂ ժողովուրդը չի պատկերացնում, թե ինչպես կարող է ապրել իր պապական հայրենիքում, այս հարձակումների և իրավունքների զանգվածային խախտումների պատճառով։ Եվ ոչ ոք որևէ մեխանիզմով չէր երաշխավորում իրենց իրավուքներն ու անվտանգությունը։ Այժմ նրանք փախստական են Հայաստանում։ Սա իրավուքների խախտում է, հանցագործություն մարդկության դեմ»։

1951 թվականի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիան առանցքային իրավական փաստաթուղթ է և սահմանում է փախստականին որպես «անձ, որը չի կարող կամ չի ցանկանում վերադառնալ իր ծագման երկիր՝ ռասայական, կրոնական, ազգային պատկանելության, որոշակի սոցիալական խմբի անդամակցության կամ քաղաքական կարծիքի հիման վրա հետապնդվելու հիմնավոր մտավախության պատճառով»։ Այս գրառումը Մարուքյանն արել է  X-ի իր միկրոբլոգում՝ ի պատասխան փորձագետ Ռոբերտ Քաթլերի այն գրառմանը, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իբր փախստական չեն։

Back to top button