Սյունեցիները գրկաբաց են ընդունել արցախցիներին ու ամեն ինչ անելու են, որ նրանց պահեն իրենց մարզում
Սյունիքի մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչները Գորիսում հանդիպել են միջազգային այն կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք իշխանությունների կողքին են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ընդունելու, նրանց առաջնային կարիքները հոգալու բարդ գործընթացում։ Բացի միջազգայիններից՝ Գորիսում աննախադեպ ակտիվ են նաեւ տեղական կառույցները։ Մարզային իշխանությունները հավաստիացնում են, որ նաև տեղական աջակցման ծրագրերով են մեր հայրենակիցներին խրախուսելու, որ մշտական բնակություն հաստատեն Սյունիքում։
Գորիսը երբեք այնքան մարդաշատ չէր եղել, որքան վերջին շաբաթվա ընթացքում։ Կոռինձորից հետո Արցախից բռնի տեղահանվածների հաջորդ կանգառը Գորիսն էր, որտեղ կարգավորվում են հաշվառման, առաջնային օգնություն ստանալու, ժամանակավոր կեցավայրերով ապահովելու խնդիրները։ Բացի Սյունիքի մարզի աշխատակազմից, համայնքապետարաններից ու կամավորներից՝ Գորիսում 24–ժամյա ռեժիմով աշխատում էին նաև տարբեր կազմակերպություններ, հիմնադրամներ ու կառույցներ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջին իսկ ժամերից նույնպես Գորիսում էր։ Կոմբինատի բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Վարդան Բաղդասարյան․
«Տրամադրել ենք օրական 10 հազար հոգու համար սնունդ, որը բաժանվում էր Կարմիր Խաչի միջոցով, խաղալիքներ՝ երեխաններին ժպիտ պարգեւելու համար։ Դեղամիջոցներ՝ «Վիվա» ընկերության միջոցով, նաեւ ավտոբուսներ ենք տրամադրել՝ Գորիս եւ այլ վայրեր տեղափոխվելու համար»։
Գորիսում այնպիսի փորձառություն ձեռք բերեցինք, որը ոչ մի տեղ չէինք ստացել: Բռնի տեղահանված արցախցիների շրջանում շաքարախտով հիվանդների թիվն էր մեծ, թերսնումն էր վառ արտահայտված: Նախ` պետք էր խոսել մարդկանց հետ, հասկանալ , կարեկցել, ապա՝ բուժօգնություն ցույց տալ՝ ասում է «Վիվա» հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը։
«Ամեն բժիշկ իր անկյունը ուներ՝ գնում լացում էին, գալիս էին, մեր բժիշկները հերթափոխով էին աշխատում, ովքեր կանգնում՝ լացում էին, ասում էի դուրս եկեք։ Մարդկանց ճնշումն էիր չափում, հոգատար վերաբերմունք ու մարդը սկսում էր սարսափելի պատմություններ պատմել»։
«ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Սյունիքի ներկայացուցիչ, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը համազգային առաքելություն է համարում Արցախից բռնի տեղահանվածներին սատար կանգնելը։ Ներսես Շադունց․
«Մենք ավելի շուտ ուրիշ գործ պիտի անեիք, քանի որ չարեցինք, ստիպված ենք այսօր սա անել։ Մենք պիտի կանգնեինք մեր քույրերի ու եղբայրների կողքին»։
Արցախից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կեցավայրեր են տրամադրել Սյունիքի մարզի համարյա բոլոր բնակավայրերում։ Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանը ասում է՝ մարդիկ կան, որ հրաժարվել են մնալ Տաթեւ համայնքի բնակավայրերում, բայց կան նաև ընտանիքներ, որոնք Տաթևից մայրաքաղաք են գնացել ու վերադարձել: Սամվել Լալայան․
«Ուղղակի ժողովուրդը վախվորած է, շարժվում են, ասում են՝ այստեղ անվտանգ չենք զգում, բայց դե մենք այստեղ ապրում ենք ու անվտանգ է։ Զանգել են, որ փոշմանել ենք՝ կարող ենք հետ գալ, ուղղակի որ տեղ ա բացվում, անմիջապես մեկ ուրիշ ընտանիքի ենք ընդունում, հաջորդը պիտի սպասի»։
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանի խոսքով՝ հաջորդ փուլում սկսվելու է Սյունիքում բնակություն հաստատված արցախցիների կարիքների գնահատումը։
«Մենք ամեն ինչ անելու ենք, խրախուսելու ենք այդ մարդկանց, որ մշտապես ապրեն Սյունիքում, սյունեցիները գրկաբաց են ընդունել մեր հայրենակիցներին, տեղական մակարդակով մեր աջակցման ծրագրերով, մեր վերաբերմունքով ամեն ինչ անելու ենք, որ նրանց պահենք Սյունիքի մարզում»։
Հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ Սյունիքի մարզում կեցավայրով ապահովվել է բռնի տեղահանված 4175 արցախցի։