ԿարևորՀասարակություն

Ազատն Արցախն իր հետ Հայաստան է բերում․ հին գործը՝ նոր բնակավայրում

Արցախից բռնի տեղահանվածներին անհանգստացնող հարցերին ավելացել է ևս մեկը․ կեցության հարցը կարգավորելուց հետո անհրաժեշտ է զբաղվածության հարցերը լուծել։ Որոշ արցախցիներ արդեն իսկ սկսել են ակտիվ փնտրտուքը, որոշ գործատուներ արդեն առանձնացրել են հաստիքներ՝ հատուկ տեղահանվածների համար։ Ինչպես են լուծում և ինչպես կարող են լուծել արցախցիներն իրենց աշխատանքի խնդիրը՝ Արուսյակ Կապուկչյանի ռեպորտաժում։

Ազատն Արցախն իր հետ Հայաստան է բերել։ Այդ Արցախը դեռ շոշափելի չէ՝ միտք է, հույզ, հիշողություն, բայց որոշել է՝ եթե եկել է, իր ստեղծածը իր հետ պիտի գա։ 5 տարի առաջ Ազատ Ադամյանը, որ սոցցանցերում հայտնի է Azat Grigorevich օգտանունով, Արցախում ստեղծել էր այնտեղ դեռ գոյություն չունեցող մշակույթներից մեկը՝ փաբայինը․ Ստեփանակերտի առաջին փաբը՝ «Բարդակ փաբը», նրա ձեռքի գործն էր։ Այսօր «Բարդակի», Ստեփանակերտի, Արցախի դուռը փակել, Երևանում նոր դռներ է փնտրում, որ Արցախի «Բարդակ»-ը Հայաստանում վերաստեղծի։

«Փաբի ծրագիրը պիտի հաստատ էստեղ իրականացվի։ Համ կապերն են շատ, համ հնարավորություններն են շատ, համ՝ մարդկանց հոսքը։ Այստեղ ավելի հեշտ կլինի էդ ամենը իրականցնել, քան այնտեղ։ Հիմա արդեն տարածքը նայեցինք, էսօր երեկոյան պիտի վերջնական նստենք՝ քննարկենք ու անցնենք աշխատանքի․ կարգի բերենք տարածքը, վերանորոգենք թեթև՝ կոսմետիկ ու արդեն երևի աշխատանքները վերջացնելուն պես, տղաների հուղարկավորությունը անելուց հետո, երբ բոլորին արդեն հողին հանձնենք, կսկենք «Բարդակ»-ի աշխատանքը»։

Մի քանի օր առաջ Ազատի մտքով չէր անցնում, որ կարելի է Երևանում ապրել։ Աչքը համացանցում, մեդիայում տեսածից վախեցած էր։ Եկավ, այլ իրականություն գտավ ու որոշեց, որ արդեն կարող է աշխատանքի մասին մտածել․

«Ես չէի ուզի օր անգամ մնալ Երևանում, որովհետև համացանցից ու հեռուստատեսությունից ստացած ինֆորմացիայով այնպիսի տպավորություն էր, որ եթե մտնենք Երևան, կարող է միանգամից քարով տային գլխներիս։ Հետո եկանք, հասկացանք, որ չէ՜․․․ Կոռնիձորում էլ էնպես դիմավորեցին․․․ ու մինչև հիմա էլ։ Ու հասկացանք, որ ոչ մի բան չի փոխվել, ուղղակի մարդիկ են չարացել, որովհետև էսքան դժվարությունների միջով անցնելով մի քիչ դժվար ա էլի։ Հետո որոշեցինք, որ պիտի մնանք այստեղ, որովհետև, եթե տեղափոխվենք, արդեն երեխեքի հայ մնալու հարցն էլ է… եթե Արցախից ենք դուրս եկել, փորձենք տակը մնացածը պահել»։

Շրջափակման օրերին Ազատը «Ռադիոլուրին» հաճախ է ուժ տվել։ Բոլոր ծանր օրերի համար «լավ ենք» կամ «լավ կլինենք» տրամաբանությամբ պատասխան ուներ։ Ու բնավ տարօրինակ չէր, որ Հայաստան գալուց մի քանի օր անց արդեն հրապարակում արեց՝ «Մի ծրագրի համար Երևանից ոչ շատ հեռու երկհարկանի տուն է անհրաժեշտ իր հողամասով և ցանկալի է՝ նկուղով: Տունը ցանկալի է լինի հին ու կոլորիտային, լավագույն տարբերակ կլինի մի քանի իրար մոտ տներ, վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները ինձ չեն խանգարում»: Այժմ պատմում է՝ ծրագիրը սկսել էր Արցախում, ավարտին մնացել էր 10%։

«Դա ֆորեսթի ծրագիրն է, քեմփինգի մեջ մի քանի կետեր կային՝ ակտիվ հանգստի համար, գիշերակացի համար, վրանային ճամբար, վարպետների քաղաք, մառան, գինետուն, սենց բաներ կար ու ամեն ինչը էս բլոկադայի պատճատով կանգնեց։ Դե հիմա, որ այսպես եղավ, որոշեցի, որ պիտի այս ծրագիրն էլ տեղափոխեմ այստեղ, հիմա տարածք ենք փնտրում, արդեն աչքի առաջ կան տարածքներ, ուղղակի պիտի գնամ, իմ աչքով նայեմ, ձիարշավարան պիտի լինի այնտեղ, կենդանիներ․․․»։

Արցախից բռնի տեղահանվածներն արդեն իսկ զբաղվում են իրենց զբաղվածության խնդիրը լուծելով։ Սոցցանցերը լի են հայտարարություններով՝ «Արցախից եմ, փնտրում եմ աշխատանք», «Փնտրում ենք Արցախից տեղահանվածներ այս հաստիքի համար»։ Առաջարկները մասնավոր ընկերություններից են, անհատներն իրենց հերթին նախաձեռնում են դասապատրաստում-սեմինարներ՝ արցախցիներին իրենց մասնագիտությունը փոխանցելու և աշխատաշուկայում տեղ գտնելու համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է ինքնաբուխ փոխօգնությունը բերել ավելի համակարգված դաշտ։

Մանրամասնում է նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Զառա Մանուչարյանը․

«Մենք և՛ գործատուներին, և՛ աշխատանք փնտրող անձանց առաջարկում ենք համագործակցել նախարարության հետ։ Մեր միասնական սոցիալական ծառայությունը, որը ունի 49 տարածքային կենտրոններ պատրաստ է ընդունել և՛ աշխատանք փնտրող քաղաքացիների դիմումները, և՛ հավաքագրել բոլոր այն գործատուների առաջարկած աշխատանքները, որոնք պատրաստ են տրամադրել ԼՂ-ից տեղահանված անձանց։ Քաղաքացին կարող է դիմում ներկայացնել, անձամբ ու երկայացնել իր մասին տեղեկատվություն, միասնական սոցիալական ծառայությունը կհավաքագրի ամբողջ տվյալները ու կառաջարկի բազայում այդ պահին հասանելի աշխատանքը, կամ կարող է օնլայն workforall հարթակում կան բոլոր գրանցված աշխատանքները, որոնք այս պահին միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները հավաքագրել են։ 4000-ից ավել թափուր հաստիքների մասին է խոսքը»։

Առողջապահության նախարարությունն արդեն սկսել է գրանցել բռնի տեղահանված բուժաշխատողների կրթական, զբաղվածության կարիքները, և առաջարկել է համագործակցել: Կրթության ոլորտում ևս արդեն իսկ կան համագործակցության առաջարկներ։ Զառա Մանուչարյանն ասում է՝ սա հրատապ արձագանքն է։ Առաջիկայում նախարարությունը կներկայացնի պետական աջակցության այն ծրագրերը, որոնք վերաբերում են տեղահանվածների զբաղվածության հարցերին։

Back to top button