Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի առաջին թիրախներից մեկը Մարտակերտի Ներքին Հոռաթաղ գյուղն էր։ Բնակիչները պատմում են, որ մի կերպ են կարողացել դուրս գալ գյուղից, մի քանի օր էլ Ստեփանակերտի օդանավակայանում բաց երկնքի տակ են անցկացրել։ Արցախցի 73-ամյա Լարիսա Աբրահամյանը «Ռադիոլուրին» պատմել է՝ ամեն ինչ են թողել Մարտակերտում, իրենց հետ վերցրել են միայն հիշողություններն ու հուսահատությունը, որ հնարավոր է հայրենի տուն այլևս չվերադառնան։
«Չորրորդ անգամ է, որ ես տունս թողնում եմ, բայց այս անգամ արդեն հիմնական․․․»
Պատմում ենք ու գոնե մի քանի րոպեով մոռանում մեր հոգսերը, դժբախտությունը, մոռանում, որ անտուն ենք, որ ամեն ինչ կորցրել ենք ու այս անգամ արդեն վերջնական՝ ասում է արցախցի 73-ամյա տիկին Լարիսան ու շարունակում․․․
«4 անգամ փախել ենք, նորից հետ ենք գնացել, գնացել ենք թալանված տուն, նորից ենք ստեղծել… 2020թ պատերազմից հետո էլ էլի վերադարձել եմ Մարտակերտ»,– պատմում է արցախցի կինը։
Տիկին Լարիսայի ծննդավայրը Մարտակերտն է։ Ծնվել է Արցախում, սովորել Երևանում, ամուսնացել ու վերադարձել հայրենի Մարտակերտ։ Ասում է՝ ես բնություն էի սիրում, քարե քաղաքը գրավիչ չէր։ Հիմա ստիպված թողել է Ներքին Հոռաթաղի բնությունը, տուն–տեղը, այգին ու քարե քաղաք տեղափոխվել։ Ասում է․ «Այս անգամվա կռիվը հենց Հոռաթաղի վրա էր․․․»
Սեպտեմբերի 19-ը սկզբում սովորական օր էր, միայն գիտեին, որ ադրբեջանցիների շարժ կա, գյուղի բարձունքի վրա են․․․ հետո երկինքը պատռվեց՝ պատմում է արցախցի կինը։ Սկզբում թոռների հետ հարևանի ավտոտնակում են թաքնվել, հետո՝ դպրոցի նկուղում։
«Ես մտածում էի՝ կռիվը առավոտյան արդեն վերջացած կլինի, կգնամ տուն, իմ տան գործերով կզբաղվեմ, բայց ոչ․․․ Մեքենաները կանգնեցրել էին դպրոցի առաջ, որ ով հասցնի նստի, գնա․․․ Ես տատիկ եմ, ինչպե՞ս կարող էի իմ թոռներին թողնել, տուն գնալ ինչ–որ բան վերցնելու համար․․․ Մտածեցի՝ քանի շանս կա, դուրս գանք գյուղից։ Անմիջապես նստել ենք մեքենան ու եկել Ստեփանակերտի օդանավակայան՝ առանց ոչ մի բանի, մեր հագի շորերով»,– պատմում է Լարիսա Աբրահամյանը։
Փաստաթղթերի հետևից ընտանիքի տղամարդիկ են գնացել, միայն անձնագրերն ու դեղերն են վերցրել տնից, որն արդեն կրակոցների թիրախում էր։ Տիկին Լարիսան պատմում է՝ աղոթքներով Ստեփանակերտ են հասել ու 4 օր մնացել օդանավակայանի տարածքում։
«Երկինքը՝ կապույտ երկինք, գետինը՝ հող ու խոտ․․․ Հենց այդպես մնացել ենք 4 օր․ ոչ հաց, ոչ ջուր։ Չգիտեի՝ գտած մի փոքր բանով երեխեքից որ մեկին կերակրեի․․․»։
Տիկին Լարիսայի թոռներիցս մեկը զինվորական է, Արցախի բանակի լուծարումից հետո եկել ու հազարավոր մարդկանց մեջ գտել է հարազատներին։ Սա մարտակերտցի ընտանիքի՝ այդ օրերի միակ ուրախությունն է եղել։ Երբ հայտարարվել է, որ կարող են դուրս գալ, առաջին պատահած մեքենայով հեռացել են Ստեփանակերտից։
«5 ժամ Լարս եք ասում, ի՞նչ եք ասում․․․ Լաչինի մեջ ենք եղել, որ փակ տեղ է, թուրքերն են էնտեղ, 5 ժամ մնացել ենք։ Ինչքա՜ն էինք դողդողում վախից․․․»
2.5 օրում մի կերպ Ստեփանակերտից Գորիս են հասել, այնտեղից էլ Արարատի մարզ՝ Մասիս քաղաք։ Մի քանի օր է հեռու ազգականների տանն են, ասում է՝ կոմունալ հարմարություններ չկան, բացի դրանից՝ երկար մնալ չեն կարող․ տան տերն էլի արցախցի հյուրեր ունի։ Տիկին Լարիսան ասում է՝ Գորիսում գրանցվել են, բարի մարդիկ էլ օգնել են, սնունդ տվել, բայց հիմա ամենակարևորը տանիք ունենալն է։
«Իրենց անցակետը, որ անցել ենք, գրանցվելով մինչև Գորիս եկել ենք, հիմա էլ գրանցվում ենք, բայց դեռ փողոցում ենք»,– ասում է արցախցի կինը։
Արցախցի ընտանիքում բոլորն են մոլորված, ասում են՝ դեռ չենք հասկանում ինչ է կատարվել, տպավորություն է, որ մի քանի օրով հյուր ենք եկել, հետո նորից վերադառնալու ենք։
«Սթրես տարանք, սովածություն տարանք, ամեն ինչի միջով անցանք։ Մենք ուղիղ 6 ամիս չենք իմացել, թե շաքարն ինչ բան է, ձեթը չենք իմացել ինչ է։ Ամեն մեկս մյուսից մի–մի գդալ աղ էինք վերցնում, որ օգտագործենք, հաց թխենք։ Գյուղացիները մեկը մյուսին օգնում, պահում էին։
Վերջում Կարմիր խաչը բերել է, օգնություն է տվել, չհասցրինք ճաշը ուտենք, եփեցինք, թողեցինք փեջի վրա, դուրս եկանք։ Մտածում էինք՝ վերջապես շաքարով թեյ կխմենք․ դա էլ թողեցինք դուրս եկանք․․․»,– պատմում են արցախցիները։
Տուն–տեղը, կյանքի թելը, հայրենիքը կորցրած կինը հույս ունի, որ մի օր աշխարհն ավելի արդար կլինի։
«Մենք՝ հայերս, որ մի ապտակ տանք թուրքերին, այդ ապտակի համար կպատժվենք, բայց թուրքը, որ մեզ մորթում է, մնում է անպատիժ»,– եզրափակում է տիկին Լարիսան՝ հուսալով, որ իր պատկերացրած արդարությունը մի օր, այնուամենայնիվ, կհաղթանակի։