ԿարևորՀասարակություն

Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան՝ օգնելու բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայցով Իսրայելի Պետության առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Երևան՝ աջակցելու սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին, X-ի իր էջում հայտնել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը:

«Հենց նոր զրուցեցինք մեր իսրայելցի երկու բժիշկների՝ դոկտոր Յարոն Շոհամի և դոկտոր Ադի Մայզել Լոթանի հետ, որոնք ԱՀԿ-ի խնդրանքով գործուղվել են Երևան՝ վառելիքի պահեստում տեղի ունեցած սարսափելի պայթյունից տուժածներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով»,-ասված է գրառման մեջ։

Արցախում բենզինի պահեստի պայթյունի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ, հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։ Փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումները:

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել։ Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխվել է 349 բուժառու, և նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են։ Հաստատված մահերի թիվը 76 է։

Back to top button