ԵԽԽՎ-ն դատապարտել է Ռուսաստանին Ղրիմի հարցում բռնած դիրքորոշման համար
Մեծամասնության կողմից` 154 ձայնով ընդունված բանաձևով ԵԽԽՎ-ն դատապարտել է Ռուսաստանին Ղրիմի հարցում բռնած դիրքորոշման համար: « Վեհաժողովը ափսոսանք է հայտնում Ղրիմում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այն ստվեր է գցել Ուկրաինայում ժողովրդավարական փոփոխությունների ու քաղաքական իրադարձությունների վրա: Նաև վճռականորեն դատապատում է ռուսաստանյան ռազմական ագրեսիան և դրան հաջորդած Ղրիմի անեքսիան, ինչը հանդիսանում է միջազգային իրավունքի, այդ թվում նաև ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, ԵԱՀԿ Հելկսինկյան ակտի և Եվրոպայի Խորհրդի հիմնական սկզբունքների ակնհայտ խախտում»,-ասվում է փաստաթղթում: Բանաձևի տեքստում նաև նշվում է, որ «2014 թվականի մարտին 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեն ոչ սահմանադրական է, քանի որ հակասում է և Ղրիմի, և Ուկրաինայի սահմանադրություններին»: Վեհաժողովը փաստաթղթում ընդգծում է, որ պաշտպանում է Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: ԵԽԽՎ-ն նաև մտահոգություն է հայտնում Ուկրաինայի սահմանին ռուսաստանյան ռազմական ուժերի ներկայության ընդլայնման կապակցությամբ, ինչը կարող է լինել վկայությունն այն բանի, որ Ռուսաստանը դիտարկում է հետագա չհիմնավորված ագրեսիայի հնարավորություն Ուկրաինայի նկատմամբ: Վեհաժողովը խորհուրդ է տալիս կողմերին, ինչպես նաև շահագրգիռ եվրոպական այլ պետություններին, անվտանգության խնդիրների շուրջ քննարկել իրական համաձայնագրերի կնքման հնարավորությունը, Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքայի ամբողջականությունը ապահովելու համար: