ԿարևորՀասարակություն

ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր քաղաքացի բնակության ծախսի գումար կստանա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վաղվանից մեկնարկում է բնակության ծախսերի աջակցության ծրագիրը։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր:

Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից եւ կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից:

Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաեւ խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել:

Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի հաջորդ շաբաթ:

Վաղը Հումանիտար կենտրոնի ժամը 12:00-ի եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների խնդիրները կշարունակեն գտնվել մեր շարունակական ուշադրության կենտրոնում»,-ասված է վարչապետի գրառման մեջ։

Back to top button