Գերեվարվել է, քանի որ օգնել է Արցախին. երթ Երևանում՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Մատենադարանից այսօր երթ է մեկնարկել՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի։ Երթի մասնակիցները «Ազատություն Ռուբենին և բոլոր գերիներին» գրությամբ պաստառներ են պարզել և պահանջել, որ Ադրբեջանն ազատ արձակի Ռուբեն Վարդանյանին։ Ցուցարարները պահանջներ են ներկայացրել նաև միջազգային դերակատարներին՝ միանալ այս պահանջին և նպաստել բոլոր հայ գերիների վերադարձին։
Ռուբեն Վարդանյանի գերեվարման պատճառն այն է, որ նա օգնել է Արցախին՝
Մատենադարանի հարթակից հայտարարեցին երթի կազմակերպիչները։
Սեպտեմբերի 27-ին Արցախից ՀՀ գալու ճանապարհին՝ Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանական կողմը առևանգել էր Ռուբեն Վարդանյանին և տեղափոխել Բաքու: Նրան ահաբեկչությունը ֆինանսավորելու մեղադրանք է առաջադրվել։ Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։
«Ադրբեջանը, կալանավորելով Ռուբեն Վարդանյանին, մեր մյուս գեներալներին ու ռազմագերիներին, հոգեբանական ճնշում է գործադրում հայ ժողովրդի վրա»,- ասում է դերասան Վարդան Պետրոսյանը։
Նա կարծում է, որ իշխանության կողմից ավելի խիստ վերաբերմունք պետք է լինի այս հարցի նկատմամբ:
«Մատենա» դպրոցի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյան․ «Այն, ինչ հիմա կատարվում է, ոչ միայն հանցագործություն է մարդկության դեմ, այլև հանցագործություն է քաղաքակրթության դեմ»:
Ակցիայի մասնակիցները գրառումներ կատարեցին՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի։ Կազմակերպիչները մտադիր են այդ գրառումները հետագայում հրատարակել գրքի տեսքով և այն փոխանցել Ռուբեն Վարդնյանին՝ նրա վերադարձից հետո։
Երթի կազմակերպիչները հայտնեցին նաև, որ գիրքը մնալու է «Մատենա» դպրոցում և ցանկացողները կարող են իրենց աջակցության խոսքն ուղղել մինչև Վարդանյանի վերադարձը: