ԿարևորՀասարակություն

Ամայացած Արցախից դուրս են գալիս վերջին բնակիչները․ Հայաստան ժամանածների թիվն անցել է 100 հազարը

Արցախից բռնի տեղահանվածների թիվն արդեն անցել է 100 հազարը։ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը Գորիսում լրագրողներին ասել է, որ այս պահին արցախցիների հոսքն էականորեն նվազել է։ Առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ արդեն Ստեփանակերտից դեպի Գորիս են ուղևորվել շտապ օգնության 13 մեքենաներ, որոնք Հայաստան են բերում Արցախում մնացած հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ու անկողնային հիվանդներին։ Սրան զուգահեռ համացանցում տարածվում են նաև դատարկված Արցախի ու ամայացած Ստեփանակերտից լուսանկարներ։

Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է՝ սոցցանցում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ու լուսանկարներ, տեսանյութ հրապարակել դատարկ բնակավայրերից։

«Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ մարդիկ: Նրանք նույնպես պատրաստվում են մեկնել»,- գրել է Բեգլարյանը։

Գորիսում տեղակայված հաշվառման կենտրոնում ևս բռնի տեղահանված արցախցիների հոսքը էապես նվազել է՝ տեղում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

«Քաղաքացիների գրանցումը, հաշվառումը և անհրաժեշտ կարիքների գնահատումը կատարվում է նույն ռեժիմով։ 24-ժամյա ռեժիմով բոլոր պատկան մարմինները ներգրավված են այս գործընթացում։ Կատարվում է քաղաքացիների տեղաբաշխումը, ինչպես Գորիսում, այնպես էլ Վայքում, բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարվում, մեծ աջակցություն են ցուցաբերում նաև կամավորները»,-ասում է Սարգսյանը։

Արցախից բռնի տեղահանվածների թիվն արդեն անցել է 100 հազարից։ Մինչ այս պահը պետությունը ժամանակավոր կեցավայրով ապահովել է շուրջ 35 հազար արցախցու։ Արմավիրի մարզում, օրինակ, ապաստանել է ավելի քան 3500 անձ։

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ասում է՝ մարզում հյուրանոցներ ու հյուրատներ գրեթե չկան, սակայն շատ են հյուրընկալ ընտանիքները, որոնք պատրաստ են տանիք տալ տեղահանված հայրենակիցներին։

«Իրականում Արմավիրի մարզում չկան նմանատիպ հյուրանոցներ, որտեղ հնարավոր է միանգամից մեծաթիվ քաղաքացիների կեցավայրն ապահովել, այլ հիմնականում սեփական տներում, քաղաքում բնակարաններում, կամ գյուղերում ազատ տներում ենք տեղավորում մարդկանց, ինչպես նաև օգնում ենք վարձով բնակարաններ գտնել»։

Հակառակ Արմավիրի, Գեղարքունիքի մարզում ապաստանած քաղաքացիների մեծ մասը հենց հյուրանոցներում և հյուրատներում են․ մարզպետ Կարեն Սարգսյանը «Հումանիտար կենտրոնում» պատմել է՝ մարզում ձևավորել են աշխատանքային շարժական խմբեր, որոնք հենց հյուրանոցներում գնահատում են արցախցիների կարիքները հետագայում հասցեական օգնություն կազմակերպելու համար։

«Հիմա աշխատանք ենք տանում մատակարար ընկերության հետ, որ հոկտեմբերի 1–ից կարողանանք տաք սնունդ մատակարարել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Կարծում եմ՝ կստացվի ու մատակարար կազմակերպությունը կկարողանա մոտ 1000 անձի 3-անգամյա տաք սննդով ապահովել»։

Սեպտեմբերի 30-ին Արցախ են մեկնել նաև շտապ օգնության 13 մեքենաներ հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ու անկողնային հիվանդներին ՀՀ տեղափոխելու համար՝ «Հումանիտար կենտրոնում» հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Օրվա առաջին կեսին Հայաստան են հասել նաև նախօրեին Երևանից Արցախ մեկնած շուրջ 90 ավտոբուսները։

«Գիշերվա ընթացքում Հայաստան հասած մեր հայրենակիցների մեջ ևս կան առողջական խնդիրներով բազմաթիվ անձինք նրանք արագ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնահատական են ստացել, որոշվել է արդյոք հոսպիտալացման ենթակա են, եթե կարիքը կա միանգամից հոսպիտալացվում են, եթե ոչ ամբուլատոր կերպով կազմակերպվում է նրանց առաջին բուժօգնությունը և արդեն սոցիալական մարմիններն էլ զբաղվում են նրանց տեղավորման հարցերով»,– ասում է Անահիտ Ավանեսյանը։

Այս պահին հայաստանյան բուժհաստատություններում բուժում է ստանում ավելի քան 360 արցախցի․ Ավանեսյանը մանրամասնում է, նրանցից 221-ը վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից վիրավորում ստացածներն են, իսկ ավելի քան 110-ը ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորվածները։

«Դեռ բուժառուների մեջ մասի վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, ներգրավված են բազմաթիվ ուժեր, թե Հայաստանից թե արտերկրից, որպեսզի կարողանանք անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրենք մեր բուժառուներին։ Նշեմ, որ վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, որոնք տուժել են և պայթյունի հետևանքով և մարտական գործողությունների։ Նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է մյուսներինը կայուն, մեկ երեխայի մոտ ունենք նաև դրական դինամիկա»,– մանրամասնել է Ավանեսյանը։

Արցախից տեղահանված քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում՝ հիշեցրել է առողջապահության նախարարն ու ընդգծել՝ հատկապես 9 ամիս տևած շրջափակումից, անհրաժեշտ դեղորայքի ու սննդամթերքի բացակայության պայմաններում ապրելուց հետո, ավելի են սրվել բուժհաստատություններ դիմած արցախցիների առողջական խնդիրները։

Back to top button