Սփյուռքի ձայնը

Իսրայելում անհանդուրժողականության պատճառը կրոնական է․ «Սփյուռքի ձայնը»

Իսրայելի հայության ներհամայնքային, ներազգային ու ներպետական հարցերը։ Հայացք իսրայելահայությանը.   

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի միության» նախագահ, «Իսրայելահայեր» ամսաթերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը ներկայացնում է իր տեսակետն ու դիտարկումները՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությունում տեղի ունեցող իրադարձությունների, Իսրայելում հայ և այլ համայնքների հարաբերությունների վերաբերյալ։

Անդրադառնալով իսրայելահայերի հանդեպ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ոտնձգություններին՝ Արտյոմ Չերնամորյանը նշում է, որ համայնքը մշտապես տագնապի ու անհանգստությունների մեջ է։

«Նորաստեղծ կառավարությունն անհանդուրժող է ու ծայրահեղ ազգայնամոլ։ Այս հարձակումների պատճառը  նման գործողությունները չկանխելու պետական քաղաքականության արդյունքն է»,— ասում է Արտյոմ Չերնամորյանը։

Հայության թիվը  նվազում է այս երկրում, արձանագրում է զրուցակիցս։ Պատճառները և՛ կրոնական է, և՛ քաղաքական։

«Իսրայելի ներքաղաքական, դեմոկրատական խաղերին մեր համայնքը փորձում է չմասնակցել՝ ներսում ունենալով այլ անլուծելի խնդիրներ: Համայնքի թվաքանակը փոփոխության չի ենթարկվում: Դա կապված է այս երկիր մուտքի ու այնտեղ ապրելու պետական քաղաքականության հետ: Եթե դու այդ ազգի որևէ պատկանելություն չունես, այստեղ ապրելու հնարավորություններ ևս չունես»,- ասում է Արտյոմ Չերնամորյանը։

Անդրադառնալով Երուսաղեմի հայապատկան հողերին ու դրանց շուրջ ստեղծված տարակարծություններին` Արտյոմ Չերնամորյանը նշում է, որ դեռևս 2004-թվականին է բարձրաձայնել Երուսաղեմի հայկական հողերի 99 տարով վարձակալության տալու որոշմանը: 

«Բարձրացված խնդրին ո՛չ ՀՀ-ը, ո՛չ էլ Սփյուռքը չարձագանքեցին։ Անպատժելիությունը նման նոր խնդրի առաջ կանգնեցրեց նաև այս օրերին»,- ավելացնում է։

Ֆեոդալական կառույց  հիշեցնող Երուսաղեմի պատրիարքությունը` նշում է Արտյոմ Չերնամորյանը։ Եվ պայմանագրեր, վարձակալություններ ու այլ առուծախի գործարքներ, որոնք իրականացվում են՝ օրինական կամ անօրեն, պատասխանատվության առաջ չեն կանգնեցնում Երուսաղեմի հայոց պատրիարքին հետևյալ պատճառով.

«Երուսաղեմի Հայոց պատրիարքը անձեռնմխելի է և կարող է միանձնյա որոշումներ կայացնել: Նրան որևէ մեկը պատասխանատվության չի կարող ենթարկել՝ ոչ եկեղեցին, ոչ էլ համայնքը: Խնդիրներից ու ճակատագրական որոշումներից հետո մնում է միայն համախմբվել ու որևէ լուծում գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- ասում է Արտյոմ Չերնամորյանը:

Ինչպե՞ս են սաղիմահայերը ձայն բարձրացնում, որո՞նք են ամիսներ շարունակվող բողոքների ընտրված միջոցները. «Բոյկոտել Երուսաղեմի հայոց պատրիարքարանը, չհաճախել եկեղեցի, չի ենթադրում պատասխանատվության ենթարկել կամ պատժել պատրիարքին: Ամիսներ շարունակ սաղիմահայերը նաև հավաքներ են անցկացնում պատրիարքության մոտ: Այս միջոցը ևս չտվեց իր դրական արդյունքը»,- նշում է։

Արտյոմ Չերնամորյանը նշում, որ համայն հայության այսօրվա կռիվը երկու ուղղությամբ պետք է ընթանա՝ Արցախի և հայության պատմական ժառանգության պահպանության։

Back to top button