ԿարևորՎերլուծական

Ի հակակշիռ ԵՄ-ի՞, թե՞ ի պաշտպանություն ՀՀ-ի․ ՌԴ-ն որոշել է արագացնել հյուպատոսության բացման գործընթացը Գորիսում

Ռուսաստանի Դաշնության  արտգործնախարարության ներկայացուցիչները Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ քննարկել են Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացման հեռանկարները` հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը։

Թեև Մոսկվան ավելի շուտ` դեռ մայիսին էր նման որոշում կայացրել, սակայն գործընթացը կարծես արագանում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կողմից Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին հայտարարությունից հետո։

Իսկ Իրանն արդեն մեկ տարի առաջ է իրագործել Սյունիքում հյուպատոսություն բացելու գաղափարը։ Ի՞նչ ռիսկեր ու ի՞նչ հնարավորություններ է ստեղծում Սյունիքում Թեհրանի, Փարիզի ու Մոսկվայի ներկայությունը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչներն արդեն քննարկումներ են սկսել Գորիսի քաղաքապետի հետ՝ տեղում շուտափույթ ՌԴ  գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ Հայաստանում ՌԴ դեսպանատունը որոշակի մանրամասներ է հաղորդում քննարկումից, մասնավորապես նշում է, որ հյուպատոսության շուտափույթ բացումը էական նշանակություն կունենա Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների գործը հեշտացնելու համար։  Ի հավելումն նաև նշվում է, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացումը  կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։

Ամեն ինչ ավելի պարզ և հասկանալի կլիներ, եթե Մոսկվայի այս հայտարարությունը չնախորդեր Ֆրանսիայի ԱԳՆ Կատրին Կոլոննայի հայտարարությանը, որ Ֆրանսիան մտադիր է Սյունիքում հյուպատոսություն բացել։ Փարիզը այս հստակեցմանը զուգահեռ դիտարկում է նաև Հայաստանի հետ ռազմական համագործակցության ամրապնդումը։ Կոլոնան նաև հիշեցնում է, որ Փարիզը Երևանում ռազմական կցորդ է նշանակել։

Ինչով է պայմանավորված հենց այժմ մոսկովյան ու փարիզյան հետաքրքրությունը Սյունիքի նկատմամբ, այս երկու երկրները գործում են ի հակակշիռ, թե՞ ի պաշտպանություն Հայաստանի։ Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանի համոզմամբ՝ Ռուսաստանը գործում է բացառապես իր շահերի համատեքստում։

«Արևմուտքը փորձում է պայթեցնել տարածաշրջանը, մեծ պատերազմ հրահրել։ «Զանգեզուրյան միջանցքի» համար մի շահառուն Ֆրանսիան է, որը ուրանը պետք է Ղազախստանից գնի և «Զանգեզուրյան միջանցքով» անցկացնի Եվրոպա։ Մյուս կողմում  Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան են, որոնք փորձում են տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին։ Այդ պատճառով էլ Ռուսաստանն ուժեղացնում է իր դիրքերը՝ բացելով հյուպատոսություն Սյունիքում»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, մինչդեռ, համոզված է, որ Ռուսաստանի կողմից Սյունիքում հյուպատոսության բացումը աշխարհաքաղաքական հավասարակշռություն պահելու և հակակշիռ է Ֆրանսիայի համանման մտադրությանը հակակշռելու նպատակ ունի։

«Կարևորն այն չէ, թե Սյունիքն ումն է։ Եթե Սյունիքը լիներ մեկ ուրիշ պետությանը, Ռուսաստանը նույն կերպ էր վարվելու։ Նրանց ընդամենը պետք է, որ այդ հատվածում Իրանից ու Ֆրանսիայից բացի իր անմիջական ներկայությունն ունենա նաև Ռուսաստանը, որպեսզի քաղաքական գործընթացներում,  օրինակ՝ ճանապարհի բացում, Ռուսաստանը ևս իր ներկայությունը և իր, այսպես ասած, բաժինն ունենա։ Ուրիշ պատճառ Սյունիքում հյուպատոսություն բացելու Ռուսաստանը չունի»։

Ամեն ինչ խառնվեց, երբ Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունները որոշեցին «և, և»-ի քաղաքականություն սկսել՝ ասում է քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը, ինչն էլ այսօր, ըստ նրա, ռիսկերի առջև է կանգնեցրել։

«Ի սկզբանե ՀՀ բազմավեկտոր քաղաքականությունը սխալ է եղել։ Այն պետք է լիներ միայն Ռուսաստանի ուղղությամբ, այդ դեպքում Հայաստանում կլիներ միայն ռուսական ներկայություն և Հայաստանի նկատմամբ ռիսկերը էականորեն կնվազեին, շահերի բախում Հայաստանի տարածքում չէր լինի։ Հիմա բանը հասել է շահերի բախման, այսինքն՝ Ռուսաստան-Արևմուտք շահերի բախման՝ Հայաստանի տարածքում, որից տուժելու է միայն Հայաստանը, ինչպես Սիրիան տուժեց այդ պատճառով»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը այս հարցում միանգամայն այլ պատկերացում ունի։

«Ընդհակառակը, դիվերսիֆիկացումն ավելի շատ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, որովհետև միջանցք ունենալու՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկությունը բխում է նաև Ռուսաստանի շահերից։ Այսինքն՝ եթե խնդիրը լուծվեր քառակողմ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան  ֆորմատում,  կլուծվեր ի վնաս մեզ, իսկ այլ երկրների մասնակցությունը հնարավորություն է տալիս այլընտրանքներ ունենալ։ Նույն տրամաբանությամբ Սյունիքում ավելի շատ պետությունների ներկայությունը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, հատկապես այնպիսի պետությունների, որոնք ակնհայտորեն ունեն շահեր, որոնք համադրվում են Հայաստանի շահերի հետ։ Այս դեպքում դրանք Իրանն ու Ֆրանսիան են, որոնց շահերը Սյունիքի հարցում համընկնում են մեր շահերի հետ»։

Մինչ Ռուսաստանն ու Ֆրանսիան քննարկումներ են ծավալում, մեր հարավային հարևան Իրանն այդ հարցն արդեն լուծել է մեկ տարի առաջ։ 2022թ․ հոկտեմբերի 21-ին Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, որի ընթացքում Իրանի արտգործնախարար  Աբդոլլահիանը շեշտել էր, որ Թեհրանը հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը: Այս հայտարարությունը հնչեց Հայաստանի սահմաններին Եվրամիության քաղաքացիական դիտորդների տեղակայման ընթացքում։ Ստացվում է, որ Սյունիքում Իրանի կողքին կարող են հյուպատոսություններ ունենալ և ՌԴ-ն,  և Ֆրանսիան։ Երեք երկրների ներկայությունն ի՞նչ ռիսկեր ու հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։

Հայկ Այվազյանի համոզմամբ՝ այդ երկրներից երկուսը զսպիչ դերակատարում կունենան աշխարհաքաղաքական բարդ զարգացումների ֆոնին․ «Ռուսաստանի ու Իրանի ներկայությունը կկատարի զսպիչ դերակատարում, իսկ Ֆրանսիայի ներկայությունը հակառակը՝ սպառնալիքներ կստեղծի։ Եթե փորձեն ուժով բացել՝ մեծ պատերազմ է լինելու Հայաստանի տարածքում։ Հավանականությունը բավականին մեծ է»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Ռուսաստանի և Իրանի շահերից չի բխում արտատարածքային միջանցքի գոյությունը, ինչը հիմք է տալիս ասելու, որ մարտահրավերները ավելի քիչ են, քան հնարավորությունները։

Back to top button