ԿարևորՀասարակություն

Արմավիրում արցախցիները ժամանակավորապես տեղակայվում են նախկին գիշերօթիկ դպրոցում

Արմավիրի նախկին գիշերօթիկ դպրոցը 44-օրյա պատերազմից հետո դարձյալ ժամանակավոր կացարան է դարձել Արցախից տեղահանվածների համար: Սեպտեմբերի 27-ի գիշերը գիշերօթիկն ընդունել է առաջին արցախցիներին՝ մեծամասամբ Ասկերանից ու Ստեփանակերտից: Միասնական սոցիալական ծառայության տարածքային սոցաշխատողները նրանց հաշվառում են, գնահատում կարիքները:

Վայոց Ձորի հումանիտար կենտրոնում գրանցվելուց հետո Արցախից տեղահանված մեր հայրենակիցների մի մասն ուղղորդվել է Արմավիրի մարզ:  Արմավիր քաղաքում, ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա  նրանց ընդունում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության  կենտրոնում, որը ժամանակավոր կացարան է  մինչև կեցության նոր վայր գտնելը: Ներհոսքը սկսվել է սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը:  Տեղահանվածները Արցախի տարբեր շրջաններից են՝ Ասկերանից, Ստեփանակերտից:

Արմինե Խաչատրյան․ «Մեզ հարմար էր այստեղ, մեր մեքենաներով ենք եկել, բոլորս ազգականներ ենք Ասկերանի շրջանի Սարդարաշենից, Նորագյուղից, կան նաև Շուշիից փախստականներ: Ազգականներով մի տեղ ենք եկել, որպեսզի իրար չկորցնենք»:

Արմինեն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում ավագ բուժքույր է աշխատել, պատերազմի օրերին հերթապահել է՝ չիմանալով երեխաների տեղը, ամուսինը զինվորական է:

«Երկու օր երեխաներիս չեմ տեսել, միայն ուշ երեկոյան գնացել եմ երեխեքիս հետևից. մեկին մի տեղից եմ գտել, մյուսին՝ մի ուրիշ տեղից: Մեծ տղաս Ստեփանակերտում էր, քրոջս տանը: Այդ շենքի վրա կրակել են, հարվածի ուժգնությունից տղաս ընկել է, մեջքը ցավում է, մյուսը՝ գյուղում տատիկի հետ էր»:

Արմինեն ամուսնու եղբոր ընտանիքի ու նրանց հարազատների հետ 17 հոգով են  տեղափոխվել Հայաստան, եկել Արմավիր: Հիմա տեղավորվել են նախկին գիշերօթիկ դպրոցի շենքում: Խցանումների պատճառով երկու օր ճանապարհին են եղել: Արմինեն ասում է ՝տեսակով անվախ է, բայց սարսափ է ապրել Հակարիի կամրջի անցակետում, անձնագրերը ստուգելիս լուսանկարել են նրանց ու ծաղրել։

«Դուխս կհերիքեր, որ դուրս գայի ու  պատասխանեի, բայց ասում էի՝ բա որ գան երեխաներիս հավաքեն, տանեն: Այդ վախից իմ ձեռքերը կապվում էին: Մեծ տղաս 17-18 տարեկան է, բոյով, տեսքով: Ես Հակարիի կամրջի  անցակետում կանգնած սառում էի, դողացնում, ոտքերս ջրի մեջ, հողաթափերով եմ դուրս եկել: Ասում էի՝ այնքան կուզեմ դրանց պատասխանել, բայց երբ շրջվում նայում էի երեխեքիս՝ սուս էի մնում, հանկարծ չպոռթկամ ու իմ երեխաների կյանքը չվտանգեմ»:

Լաուրա Բաբայանը Սարդարաշեն գյուղից է,  ասում է՝ անսպասելի էր ցերեկվա պատերազմը, քանի որ միշտ կարկել ու հարձակվել  են առավոտվա ժամերին: Տանն է մնացել, ամսի 20-ին դուրս եկել գյուղից:

«Գյուղապետը դիրքերից եկավ ու ասեց, որ արդեն անհնար է դիմադրել, հավաքվեք, անձնագրերը վերցրեք ու դուրս եկեք, մի քիչ հաց ու մի քանի շոր վերցրեք հետներդ: Այդպես էլ արեցի՝ մի քիչ հաց վերցրի, փաստաթղթերը, մի քանի շոր, ու հիվանդ ամուսնուս հետ դուրս ենք եկել այն պայմանով, որ հետո լավ կլինի ու կվերադառնանք տուն, բայց այդպես էլ բոլորը կորցրինք»:

Փաստաթղթերը հիմանակնում լուսանկարել են և ուղարկել հայաստանցի բարեկամներին, քանի որ վախեցել են, թե անցակետում կկորցնեին, և մտածել են կրկնօրինաիկներն ունենալու մասին: Ասկերանցի գաղթականները դեռ մտքով իրենց տներում են, հեռախոսով նկարել են վերջին հրաժեշտն ու արցախյան վերջին ընթրիքը.

«Եթե հայրենիքը մնար հայրենիք և 44-օրյա պատերազմի պես գայինք ու նորից հետ դառնայինք, թեկուզ «Պիտաչոկից» մինչև «Տատիկ-պապիկի» արձանը մեզ թողնեին՝ էլի կհարմավեինք, կապրեինք: Բայց հիմա անհնարին է, երբ նայում ենք իրենց վայրագություններին. մի անկյունից նկարում են, թե ոնց են բուժօգնություն ցուցաբերում, մյուսից՝ տարեց մարդու կոկորդն են կտրում»:

Արցախից տեղահանվածների մասին տեղեկությունները մի միասնական հարթակում հավաքում ու  հաշվառում են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատակիցները:

Սոցաշխատող Դավիթ Հարությունյան․ «Գնահատում ենք Արցախից տեղահանված քաղաքացիների առաջնակի կարիքները, խնդիրները նույնն են՝ կացարան, սնունդ, հիգիենայի ու կենցաղային պարագաներ, դեղորայք: Այս հարթակը, որտեղ գրանցում ենք, հենց քաղաքացիների համար է, իրենք կարող են տեխնիկական միջոցով  մուտք գործել  սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ՝ map.socservice.am, և լրացնել իրենց հայտը: Ծանր հոգեվիճակում գտնվող մարդկանց համար  դա այդքան էլ հարմար չէ, տեխնիկական սխալի դեպքում  դիմումը մերժվելու է»:

Դավիթը երկու ժամվա ընթացքում հաշվառել էր 16 քաղաքացու, տեղահանվածներն աշխատանք են ուզում. «Մեզ համար առաջնայինը տունն է, որ ամեն մեկս մեր անկյունն ունենանք, հետո սնունդը: Գործազուրկ չենք ուզում մնալ, գոնե մեզ մի տեղ տեղավորեն, աշխատենք, մեր հացի փողը վաստակենք: Մենք չենք եկել այստեղ, որ նստենք և ուրիշի հաշվին ապրենք: Մենք ամբողջ կյանքում աշխատել ենք»:

Գիշերօթիկ դպրոցը ժամանակավոր կարող է ընդունել մինչև 40 քաղաքացու, չվնասված մահճակալների թիվն այդքան է՝ ասում է Արմավիր տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Լիլիա Ասատրյանը.

«Ներկա պահին գրանցվել են 16 հոգի, բայց չգրանցվածներ էլ կան, նախկինում եղել են 33 տեղահանված քաղաքացիներ, նրանց  մի մասը գնացել է Մասիս, բարեկամներ են գտել ու տեղափոխվել: Գիշերօթիկի բազայի վրա մնացած գույքը նախկինում եղել է 60 մահճակալ: 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածներ են եկել, գնացել, երկարատև ապրել և հիմա այդ մահճակալների կեսն է մնացել սարքին: Ամեն դեպքում մենք հաշվառել ենք՝ 40 մահճակալ՝ 20 հատ մեծ, 20՝ փոքր: Հիմա 16 մահճակալ է զբաղված»:

Տեղահանված ընտանիքներին   ընդունել ու տեղավորել է Արմավիրի համայնքապետարանի, որն ապահովել է նաև որոշ քանակությամբ սննդով: Նրանց հիմնական մասը ցանկանում է դուրս գալ կացարանից ու առանձին ապրել, քանի որ բոլորը՝ անկախ սեռից ու տարիքից, ազգակցական կապից գիշերում են նույն տարածքում:

Back to top button