

Անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի որոշումը վտանգի տակ է դնում կայուն խաղաղ կարգավորում գտնելու ջանքերը՝ ասված է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Դեյդր Բրաունի հայտարարության մեջ։
«Ինչպես շատերը, Մեծ Բրիտանիան ևս կոչ արեց Ադրբեջանին դադարեցնել ուժի կիրառումը, ձեռնպահ մնալ հետագա էսկալացիոն գործողություններից և վերադառնալ երկխոսության: Թեև Միացյալ Թագավորությունը լիովին ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ռազմական ուժը չի կարող օգտագործվել լարվածությունը կարգավորելու համար»,- ասել է նա։
Դեյդր Բրաունը կոչ է արել բոլոր կողմերին շարունակել հարգել սեպտեմբերի 20-ի հրադադարը, ողջունել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 21-ին և 25-ին, և կոչ է արել Ադրբեջանին պաշտպանել հայերի իրավունքները և անվտանգությունը։
«Մեզ անհանգստացնում է հումանիտար իրավիճակը՝ կապված միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղ օգնության սահմանափակ հասանելիության և Լեռնային Ղարաբաղից Հայաստան փախստականների զգալի հոսքերի հետ։ Մենք կապի մեջ ենք ՄԱԿ-ի, ԿԽՄԿ-ի և այլոց հետ՝ տարածաշրջանում հումանիտար կարիքները գնահատելու և հասկանալու, թե ինչ հավելյալ օգնություն է հարկավոր»,- ասել է դիվանագետը:
«Մեծ Բրիտանիան իր մտահոգությունները բարձրացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այստեղ՝ անցյալ շաբաթ Հատուկ մշտական խորհրդում և ուղղակիորեն Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչների հետ: Մենք կշարունակենք վերահսկել իրավիճակը՝ սերտ համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ»,- ասել է նա։
«Միայն դիվանագիտական ճանապարհով՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքներով, մենք կարող ենք հասնել այս հակամարտության կայուն կարգավորման: Մենք հորդորում ենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հնարավորինս արագ վերականգնել բովանդակային բանակցությունները տարածաշրջանում առկա ավելի լայն լարվածության կարգավորման շուրջ», — եզրափակել է Դեյդր Բրաունը: