ԿարևորՔաղաքական

Պայքարը շարունակել է պետք, միջազգային դիտորդները փոխեցին իրադրությունը Կոսովոյում` հիշեցնում է փորձագետը

Վաշինգտոնը քննարկումներ է անցկացնում Բաքվի հետ՝  Արցախում դիտորդական առաքելություն տեղակայելու նպատակով։ Պետքարտուղարության հաղորդագրւթյան մեջ նշվում է, որ մտադիր են դիտարկել հումանիտար իրավիճակը, շեշտում են Լաչինի միջանցքը բաց պահելու անհրաժեշտությունը։ Ի՞նչ պետք է անի ամերիկյան առաքելությունը հայաթափված Արցախում, կատարվածից հետո ի՞նչ նշանակություն կարող է ունենալ դիտորդների ժամանումը։ Կարծիքներն այս հարցերում տրամագծորեն տարբերվում են միմյանցից։ Վերլուծաբաններից ոմանք դա պայմանավորում են նրանով, թե որ կողմը կառաջնորդի դիտորդներին և ինչ պատկեր կներկայացնի։ Ոմանք էլ պնդում են, որ սա մեծ նշանակություն ունի, քանի որ կարող է իրավիճակ փոխել։ Հիշեցնում են Կոսովոյի օրինակը։

Միացյալ Նահանգները մտադիր է դիտորդական առաքելություն տեղակայել Արցախում և Բաքուն կարծես դեմ չէ, շուտով կորոշվի, թե ի՞նչ ձևով պետք է առաքելությունը դիտորդություն իրականացնի, ի՞նչ մեխանիզմներով, և ո՞ր վայրերում կտեղակայվեն նրանք։ ԱՄՆ–ը քննարկումներ է անցկացնում տարածաշրջանում գործընկերների և դաշնակիցների հետ, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

Ըստ նրա՝ Վաշինգտոնն ու Բաքուն քննարկում են հրադադարի պահպանման և հումանիտար հարցեր, նշվում է Լաչինի միջանցքը բաց պահելու կարևորությունը՝ հումանիտար օգնությունը տեղ հասցնելու և միջանցքով ելումուտն ապահովելու համար։

Պետդեպի խոսնակը նաև հստակեցնում է, որ Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու գաղափարը պնդել է անձամբ պետքարտուղար Բլինքենը, և ԱՄՆ-ում ուրախ են, որ Բաքվի իշխանությունները դրան դրական են վերաբերվում։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ ԱՄՆ առաքելության տեղակայումը Արցախում պայմանավորված է ամերիկյան շահերով․

«Եթե այդ փաստահավաք խումը իրավիճակն այնպես ներկայացնի, որ Արցախում իրականացվել է ցեղասպանության քաղաքականություն, ապա դա որոշակի պարտավորություններ է ստեղծում ԱՄՆ–ի համար, և պետությունը պետք է արձագանքի և, օրինակ, պատժամիջոցներ ընդունի։ Բայց մյուս տարբերակն էլ քննարկենք, որ օրինակ, չնայած բախումներին ու ռիսկերին, Ադրբեջանն իր տարածքում իրականացրել է հակաահաբեկչական օպերացիա և մարդկանց տրվել է ազատ ընտրելու իրավունք, թե որտեղ իրենք ապրեն, և իրենք այդ իրավունքը իրացրել են և տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»։

Շատ բան պայմանավորված է նրանով, թե որտե՞ղ կտեղակայվեն և ո՞ր տարածքում մոնիտորինգ կիրականացնեն դիտորդները, և թե ո՞ր երկիրը կառաջնորդի նրանց և ու՞ր կտանի, ասում է Հրանտ Միքայելյանը․

«Եթե դիտորդները հասնեն Արցախ և կոնտակտի մեջ լինեն տեղական հայկական իշխանությունների հետ, ապա այդ իշխանությունը տանելու է մի վայր, ուր ցույց է տալու սոված մարդկանց, սա մի տարբերակ։ Կարող է լինել նաև, որ այդ մարդկանց տանեն մի այլ վայր ու ցույց տան ահաբեկված մարդկանց, որոնք ասեն, որ իրենց համար ամեն ինչ լավ է իրենց լավ են զգում։ Սա Բաքուն հաշվարկել է և փորձելու է այնպես ներկայացնել, որ իբր մարդիկ ունեին հնարավորություն և որոշել են արտագաղթել»։

Քաղաքագետը նաև կարևորում է այն, թե ովքե՞ր են որպես դիտորդ գալու Արցախ։ Հիշեցնում է, որ Բաքուն կաշառքներ բաժանելով է զբաղված, և չի բացառվում, որ ԵԽԽՎ պատգամավորների նման այսպես ասած «խավիարային դիվանագիտությամբ» առաջնորդվող դիտորդներ ժամանեն Արցախ և պատկերը ներկայացնեն հօգուտ Բաքվի։

Այդ հարցի վերաբերյալ միանգամայն այլ կրծիք ունի քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Նա հիշեցնում է, թե ինչպես դատապարտվեցին կաշառակեր եվրոպատգամավորները սկանդալային բացահայտումներից հետո․

«Մենք շատ լավ գիտենք չէ, որ ԵԽԽՎ պատգամավորները ձերբակալվեցին, ազատվեցին պաշտոններից սկանդալային կաշառակերության դեպքերից հետո, սա մեզ հիմք է տալիս կարծելու՝ որ երկրի քաղաքացի էլ նշանակվի, միևնույնն է իր գործը կատարելու է անաչառ և օբեկտիվության համատեքստում։ Սա քաղաքական պահանջ է հավաքական Արևմուտքի կողմից»։

Գուրգեն Սիմոնյանը չի կասկածում Արևմուտքի անկեղծությանը, համոզված է, որ ԱՄՆ դիտորդները կժամանեն ու կարձանագրեն պատկերը, և արձանագրվածը միջազգային քաղաքականության հիմքում կդրվի։ Ոչինչ կորած չպետք է համարել պնդում է քաղաքագետը, հիշեցնում է Կոսովոյի նախադեպը․

«Կգնան և կտեսնեն, որ այն տարածքների վրա, որտեղ բնակվում էին 120 հազար հայեր՝ չկան։ Հարց է առաջանում՝ ու՞ր են։ Նշանակում է ենթարկվել են ցեղասպանության, դրանից բխող բոլոր տեսակի քաղաքական, ռազմաքաղաքական ու տնտեսական հետևանքերով։ Կոսովոն լիակատար բռնազավթված էր և արտագաղթ էր ծավալվել, բայց դա չխանգարեց, որ աշխարհը համարժեք գնահատի իրողությունը, գնահատի նրանց լինելիության իրավունքը և ստիպի այն պետությանը, որը վիճակրում էր նրանց գոյության իրավունքը, որպեսզի համակերպվի նրանց անկախության հետ, այնուհետև բոլորը վերդարձան իրենց օջախներ։ Պայքարը շարունակել է պետք»։

Ի տարբերություն ԱՄՆ դիտորդների, Բաքուն թույլ չի տալիս ԵՄ անկախ միջազգային դիտորդներին մուտք գործել Արցախ, այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ Նա կոչ է արել Ադրբեջանին միջազգային հասանելիություն ապահովել Լեռնային Ղարաբաղ՝ անկախ մոնիթորինգ  իրականացնելու և տեղում իրավիճակը գնահատելու համար, հասկանալու, թե ինչպես են վերաբերվում բնակչությանը… Նա նաև ասել է, որ ԵՄ-ն հորդորում է Լեռնային Ղարաբաղի հրադադարի համաձայնություն տված ուժերի համար համընդհանուր համաներում կիրառել։

«Քանի որ մանրամասներին չեմ տիրապետում չեմ կարող բացառել, որ այն առաքելությունը և մանդատը, որն ունի Եվրոպական առաքելությունը, լրիվ այլ է քան այն, ինչ կարող է ունենալ ամերիկյանը։ Կարող է իրավական կամ կարգավիճակային տարբերություն լինել։ Կարող է բովանդակային տարբերություն լինել»։

Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի հայտարարության մեջ նշվում էր, որ ԱՄՆ դիտորդական առաքելության հարցը Վաշինգտոնը քննարկում է տարածաշրջանի իր գործընկերների և դաշնակիցների հետ։ Քաղաքագետի մեկնաբանմամբ՝ դաշնակիցը Թուրքիան է, իսկ գործընկերները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, այսինքն՝ ԱՄՆ Արցախում դիտորդների տեղակայման հարցը քննարկելու է նաև Թուրքիայի հետ։

Նման պայմաններում քաղաքագետը անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը ակտիվ աշխատի դիտորդների հետ և չթողնի բախտի քմահաճույքին, թե ինչ կպատմեն կամ ինչ կներկայացնեն ադրբեջանցիները նրանց։

Back to top button