ԿարևորՀասարակություն

Արցախյան ձերբակալություններ կամ «անխոչընդոտ» ելք հայրենիքից․ Հայաստանը սպասում է ՄԻԵԴ–ի պատասխանին

Ստեփանակերտից Շուշի մեկնած Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից մինչև այժմ որևէ տեղեկություն չկա։ Արցախի արտաքին գործերի նախկին նախարարը վաղ առավոտյան facebook-յան գրառմամբ հայտարարել էր, որ որոշել է Շուշի գնալ, քանի որ, ըստ նրա, ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակում» և ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Պաշտոնական Բաքուն առայժմ լուռ է, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները, մեջբերելով Բաբայանի գրառումը, գրում են, որ նա ինքնակամ հանձնվել է։

Այսօր Ադրբեջանում 4 ամսով կալանավորվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Ադրբեջանի սահմանապահները երեկ՝ սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի անցակետից ձեռբակալել էին Վարդանյանին ու տեղափոխել Բաքու։ Արդեն այսօր պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածներով․

«Ահաբեկչության ֆինանսավորում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեության մեջ մասնակցություն և քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանում Ադրբեջանի Հանրապետություն»,– ասված է ադրբեջանական մեղադրանքում։

Ըստ Բաքվի՝ Ռուբեն Վարդանյանը, լինելով օտարերկրյա քաղաքացի, 2022 թվականի սեպտեմբերին իբր ահաբեկչական սադրիչ գործողություններ կատարելու նպատակով ապօրինի հատել է Ադրբեջանի պետական սահմանը՝ մուտք է գործել Ադրբեջանի տարածք և Բաքվի պնդմամբ, մասնակցել Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների ձևավորմանն ու գործունեությանը։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյան

Վարդանյանի ձեռբակալությունից ժամեր անց Հայաստանի կառավարությունը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը մանրամասնում է՝ ակնկալում են Բաքվից պատշաճ տեղեկատվություն ստանալ Վարդանյանի որպիսության, առողջական վիճակի ու պահման պայմանների մասին։

«Այո, Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության մասով անհատական միջանկյալ ժամանակավոր միջոց պահանջելու դիմումը երեկ ուղարկել ենք դատարան և դատարանից պահանջել ենք ընթացակարգի համաձայն Կոնվենցիայի հիման վրա երաշխավորել Վարդանյանի իրավունքները, առաջնահերթ բնականաբար 2-րդ և երրորդ հոդվածների մասին է խոսքը գնում՝ կյանքի իրավունք և խոշտանգման, անմարդկային, դաժան վերաբերմունքի արգելք։ Հուսով ենք, որ դատարանն արագ կարձագանքի դատարանը, ամեն դեպքում նաև կապի մեջ ենք նրա հարազատների հետ և երբ ունենանք պատասխան, նաև կփոխանցենք իրենց»,– ասել է Եղիշե Կիրակոսյանը։

Հակարիի կամրջի անցակետում ու մինչև անցակետն Ադրբեջանը կամայական ձերբակալություններ է իրականացնում,  և սա չափազանց անհանգստացնող փաստ է՝ Կառավարություն նիստում ընդգծել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է արձանագրենք նաև որ մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն կամայական ձեռբակալված անձանց իրավունքները այդ թվում միջազգային ատյաններում պաշտպանելու համար։ Եվ սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ մինչև այդ հարցերը պատշաճ ձևով հասցեագրված չեն»։

Սեպտեմբերի 20-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Արցախի իշխանությունների ու Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ պետք է ապահովվեր Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների, այդ թվում` զենքը վայր դրած զինծառայողների ազատ, ինքնակամ և անխոչընդոտ ելքը Լաչինի միջանցքով։ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Բաքուն, ըստ երևույթին, ունի «սև ցուցակ» և այս պարագայում առաջնորդվում է դրանով։

«Կարծում եմ՝ դրանում կա նաև որոշակի դասակարգում արված, ունեն առաջնահերթություններ ու այս պահին փորձում են առաջնորդվել դրանով։ Կոնկրետ Դավիթ Բաբայանի և Ռուբեն Վարդանյանի հետ կապված կան այլ առանձնահատկություններ ու քանի դեռ դրանք չեն հանրայնացվել՝ իրավիճակի և բանակցային գործընթացի նրբություններից ելնելով, ես այս պահին չեմ ցանկանում դրա մասին խոսել։ Անկեղծ ասած ես հույս ունեմ, որ որոշակի ընթացակարգերի իրացումից հետո հնարավոր կլինի մեր հայրենակիցներին վերադարձնել Հայաստան․ համենայնդեպս սա բավականին ծանր գործ է լինելու»,– ասում է Աբրահամյանը։

Արդյոք հայկական կողմը կարող էր կանխարգելել կամ կանխել արցախցի պաշտոնյաների կամ ադրբեջանական «սև ցուցակներում» հայտնված մարդկանց ձերբակալությունները․ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը շեշտում է՝ իրականացվող գործընթացներ կան, որոնց մասին այս պահին հայտարարել չեն կարող։

«Ցավոք սրտի, չեմ պատկերացնում ինչպես կարող ենք կանխարգելել չեմ պատկերացնում ինչպես է հնարավոր, շատ ցավում եմ, բայց կարծում եմ ավելի շատ այստեղ պոստփակտում պետք է գործենք։ Ամեն դեպքում որոշակի միջոցներ կան, որոնք մասին կարծում եմ շուտով կիմանաք, որ կփորձենք մենք հնարավոր իրավական միջոցները օգտագործել, որ ձեր ասած կանխարգելման ուղղությամբ էլ աշխատանքներ տարվեն բայց այս պահին չեմ կարող բարձրաձայնել»։

Մամուլում նախօրեին տեղեկություններ էին տարածվում, թե ադրբեջանական կողմը ձերբակալել է նաև Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, վերջինը սակայն լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հերքել էր լուրերն ու շեշտել, որ ինքը Արցախում է՝ Ասկերանում և չի պատրաստվում Արցախից դուրս գալ։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյան

Ինչ է լինելու Արցախում մնացած հայերի հետ և ինչպես են կարգավորվելու նրանց իրավունենքները․ Եղիշե Կիրակոսյանը դժվարանում է մեկնաբանել, ընդգծում՝ հատկապես Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրից հետո, որի համաձայն՝ մինչև 2024թ հունվարի 1-ը լուծարվում են Լեռնային Ղարաբաղի բոլոր հիմնարկները և Արցախի հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ, խնդիրն ավելի է բարդանում  և մանրամասն վերլուծություն ու ուսումնասիրություն անելու կարիք կա։

«Արցախահայության իրավունքների տեսանկյունից մինչև այժմ իրականացրած իրավական գգործընթացները՝ Եվրոպական դատարան, արդարադատության միջազգային դատարան դիմումները հենց ուղղակիորեն վերաբերում են նաև արցախահայության իրավունենքների պաշտպանությանը և այդ գործընթացները շարունակվելու են ու հիմա էլ շարունակվում են շուտով կարծում եմ նոր քայլեր էլ կփորձենք ձեռնարկել»,– ասում է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը։

Սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայից հետո հայկական կողմում կան նաև բռնի անհետացած քաղաքացիներ ու անհետ կորածներ․ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն ընդգծում է՝ այս դեպքերով և իրավական գործընթացներ են նախաձեռնել, այս պահին, սակայն, հրապարակման ենթակա նորություններ չկան։

Back to top button