Երաժշտական եռանկյունի

«ԿԱՅԹ» խմբի նոր՝ «Հավկունք» ալբոմը․ «Երաժշտական եռանկյունի»

Էթնո-ֆյուժն երաժշտական ոճը 20-րդ դարում ծնունդ առած նոր երաժշտական երևույթ է, որի հիմքում մի կողմից ֆոլկլորիկ տարրն է, մեկ ուրիշ՝ ժամանակակից երաժշտական տեխնոլոգիաների, ոճերի, նվագարանների և ֆորմաների «ներթափանցումն է»։

Այսօր, կարելի է ասել, որ համաշխարհային մակարդակով՝ ֆոլկլորը զարգանում է հենց այդ յուրահատուկ ձևաչափով, հնարավորություն ստեղծելով համադրել տարբեր ժողովուրդների ազգային ավանդական տեսակները և ստեղծել նոր գեղագիտական և գեղարվեստական երաժշտական տեսակներ։

«ԿԱՅԹ» հայկական խումբը գործում է հենց այդ արդիական տիրույթում մշտապես համալրելով հարուստ նվագա և երգացանկը նոր նմուշներով։

«Ի տարբերություն մեր նախորդ՝ «Նուագ» ալբոմից, որտեղ հնչում էին բացառապես պարային եղանակների մշակումները, «Հավկունք» ալբոմում ներկայացված են երգերի մշակումները։ Նպատակը նույն է՝ վերադարձնել հասարակությանը ժողովրդական երաժշտության հայտնի և անհայտ տեսակները, դարձնել այն կենսական անհրաժեշտություն և ձևավորել նոր մշակութային մթնոլորտ»,- ասում է «ԿԱՅԹ» խմբի համահիմնադիր և երգիչ Կորյուն Դավթյանը։

Խումբը գործում է համալիր մշակութային և կրթական ծրագրի շրջանակում, համատեղելով համերգային գործունեությունը լուսավորչական առաքելության հետ։

«Այս անգամ մենք ընտրեցինք գրեթե չկատարվող և մոռացված ավանդական երգեր և մշակեցինք խմբի նվագարանների համար, ուր համատեղված են և՛ ավանդական փողային, լարային, կսմիթային և հարվածային հին ու նոր նվագարաններն ու օրինակ՝ բաս կիթառը։ Ամեն պարագայում՝ մենք ունենք մեր «կարմիր գծերը» և գեղագիտական առումով աշխատում ենք մնալ ազգային, ավանդական երաժշտության տեսակի սահմաններում»,— շարունակում է խմբի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար, հայկական և արևելյան փողայինների նվագող՝ Գրիգոր Քարտաշյանը։

«Հավկունք» ալբոմը ստեղծվել է ազգային երաժշտության մշտապես տարվող լուրջ ուսումնասիրությունների շնորհիվ։ Այստեղ շատ է կարևորված բնագրային նյութին տիրապետելու հանգամանքը, ստեղծագործական վերընթերցումը և ժամանակին համահունչ երաժշտական ֆորմայի զգացողությունը, ինչը թույլ է տալիս ավանդականը արդիականացնելով, ներկայացնել այն նորովի ձևով։

Հաղորդման ընթացքում, առաջին անգամ հանրային ռադիոյի եթերում, հնչում են «ԿԱՅԹ» խմբի «Հավկունք» ալբոմի ստեղծագործությունները։

Back to top button