ԿարևորՀասարակություն

Վերջին հիվանդին ճանապարհել ենք Երևան ու արդեն մենք էլ դուրս կգանք․ պատմում է արցախցի բուժքույրը

Արցախում ռազմական գործողություններից ու վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած ավելի քան 230 վիրավոր այս պահին բուժում է ստանում Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանց մեծ մասի վիճակը ծանր է։ Ողբերգական պայթյունից հետո առայժմ անհայտ է շուրջ 110 քաղաքացիների ճակատագիրը։ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը «Ռադիոլուրին» պատմել է՝ այսօր վերակենդանացման բաժանմունքի վերջին հիվանդին են ուղղաթիռով ճանապարհել Երևան։

«Հենց այս պահին վերջին հիվանդին ճանապարհեցինք ուղղաթիռով, ու արդեն ես էլ եկել եմ, որ իմ բալիկների հետ հավաքվեմ ու մենք էլ դուրս գանք․․․»

Անահիտ Հայրապետյանը Արցախի Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բուժքույրերից է․ «Ռադիոլուրին» պատմում է՝ մինչև վերջին հիվանդը 3 գործընկերուհիների հետ աշխատել են, րոպեներ առաջ Երևան են ճանապարհել բենզալցակայանի պայթյունից տուժած՝ բաժանմունքի վերջին հիվանդին։

«Ռեանիմացիայից վերջինը մենք ենք դուրս եկել․․․ Ինչպե՞ս կարող էինք ռեանիմացիայում հիվանդ թողնել, բա մեր խիղճը․․․ ռեանիմացիայից բոլորին ուղարկել ենք, բայց բաժանմունքներում դեռ կան հիվանդներ․․․ ծայրահեղ ծանր հիվանդներ ենք ունեցել․․․»,– պատմում է արցախցի բուժքույրը։

Անահիտն ասում է՝ սեպտեմբերի 25-ի պայթյունից ժամեր առաջ արդեն պատրաստվում էին դուրս գալ հայրենի տնից, բայց իմացել է, որ բուժքույրերի կարիք կա, ու Արցախից դուրս գալու փոխարեն միանգամից հիվանդանոց է շտապել։

«Հիվանդանոցում ահավոր վիճակ է, սարսափելի է․․․ ինչ աշխատանք ասես անում ենք, միայն թե մի մարդ ավելի փրկենք, շատ ծանր է վիճակը․․․ միաժամանակ մի քանի բանի մասին ենք մտածում․․․ մի կողմում մեր կորուստները, այս վիճակը, մյուս կողմում հիվանդները ու մարդիկ, որ անհույս իրենց հարազատներին են փնտրում․․․ բառերով չեմ կարող նկարագրել․․․ քաոս է թե՛ հիվանդանոցում, թե՛ շուրջ բոլորը»,– պատմում է արցախցի Անահիտը։

Արցախցի ավելի քան 230 բուժառու այս պահին արդեն Հայաստանի բժշկական կենտրոններում է։ Օրվա առաջին կեսին Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռով 142 և շտապ օգնության մեքենաներով 95 վիրավորների Ստեփանակերտից տեղափոխել են հայաստանյան հիվանդանոցներ։ Երևան տեղափոխված հիվանդներից 86-ը Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են․ բուժհաստատության տնօրեն Հովհաննես Հովհանիսյանի խոսքով՝ բուժառուներից մեծ մասի վիճակը ծանր է, 20-ինը՝ ծայրահեղ ծանր։ Վիրավորները հիմնականում դեմքի, վերջույթների այրվածքներ ունեն։

«Պրակտիկորեն բոլոր բուժառուների հետ խոսել ենք, այսինքն` գիտակցություն ունեն, կարողացել են իրենց անուն ազգանուն, ծննդյան թիվ հայտնել, բայց մենք միշտ սպասում ենք 5-7-րդ օրվան, երբ հիվանդների վիճակը կտրուկ վատանում է՝ պայմանավորված այրվածքի մակերեսով, օրգանիզմում տեղի ունեցող թունավորմամբ և հեղուկների կորստով։ Մենք, իհարկե, փորձում ենք դա լրացնել, բայց միևնույն է 5-7-րդ օրերը դրանք կրիտիկական են․ ցավոք սրտի, եթե այս պահին ունենք ծանր կամ միջին ծանր հիվանդներ գիտեք, որ նրանց վիճակում կարող է փոփոխություն լինել»,– ասում է Հովհաննիսյանը։

Այրվածքաբանականի բուժանձնակազմին են միացել նաև 4 իսպանացի և 1 անգլիացի բժիշկ։ Հովհաննիսյանն ասում է՝ այս պահին բուժհաստատությունը նոր հիվանդներ ընդունել ֆիզիկապես չի կարող, բայց առաջիկայում բուժառուների վիճակի դրական դինամիկայի դեպքում, կարող են նրանց տեղափոխել ու կարիքի դեպքում նոր հիվանդների ընդունել։

«Այս պահին ունենք հիվանդներ, որոնց վիճակը կայունացել է և կարող ենք նրանց ավելի քիչ ժամանակ տրամադրել, նրանց բուժմամբ զբաղվում են արդեն մաշկաբանները, և երբ ունենանք նաև ազատ այրվածքաբաններ, կկարողանանք նոր հիվանդներ ընդունել»։

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» տվյալներով՝ զոհերը 68-ն են, նրանցից 47-ի ինքնությունն առայժմ չի ճշտվել։ Պայթյունից հետո 105 քաղաքացու ճակատագիր անհայտ է։ Արցախցի Քնար Պետրոսյանը արդեն 2-րդ օրն է հարազատ եղբորն ու հորն է փնտրում, որոնք Ասկերանից Ստեփանակերտ էին գնացել վառելիքի հարցը լուծելու։ Ձայնագրությունից հրաժարվելով՝ արցախցի աղջիկը «Ռադիոլուրին» պատմում է՝ ինքը Երևանում, մայրն էլ՝ Ստեփանակերտում հիվանդանոցից հիվանդանոց են գնում՝ գոնե անգիտակից հիվանդների մեջ իրենց հարազատներին գտնելու հույսով։

Back to top button