Հաշվառվել` նոր մեկնել կեցության վայրեր․ Արցախից բռնի տեղահանվածների թիվն ավելանում է ժամ առ ժամ
Հակարիի կամուրջը հատելուց, գրանցվելուց հետո անպայման հաշվառվել Գորիսի կամ Վայքի հաշվառման կենտրոնում։ Մարզեր կամ Երևան մեկնելուց հետո չհաշվառված արցախցիները պետք է կապ հաստատեն միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ, կամ օնլայն հաշվառվել։ Սա նախ հնարավորություն կտա ամբողջական պատկեր ունենալ բռնի տեղահանված արցախցիների մասին, ապա նաև տարբեր առաջարկվող ծրագրերից օգտվելու հնարավորություն կտա նրանց։
Ստեփանակերտը ժամ առ ժամ է դատարկվում։ Փողոցներում դեռ բռնի տեղահանվածներ կան, նրանց մի մասը պատսպարվել է եկեղեցում՝ սպասելով, թե երբ են խոստացված ավտոբուսներն իրենց Հայաստան տեղափոխելու։ Մարդիկ սպասողական վիճակում են։ Ամեն օր երեկոյան վառվող լույսերն ավելի ու ավելի են քչանում։ Զրուցակիցս դեռ Ստեփանակերտը չի լքել, չգիտի՝ թե երբ, բայց գիտի՝ որևէ իր տնից չի կարող վերցնել․ մեքենան է փոքր․ հիշողություններն ամբողջությամբ թողնելու է հայրենի Ստեփանակերտում․
«Ի՞նչ իր պիտի հավաքենք։ Հազիվ երեխեքին մի երկու շոր։ Փոքր երեք երեխայով դուրս եմ գալիս, հազիվ իրենց շորերը հավաքենք։ Ամբողջ տունս 4 սենյականոց ամեն ինչով կահավորված։ Վերանորոգումը անցյալ տարի ավարտեցինք։ Իմ տունը վնասվել էր 44–օրյայի ժամանակ։ Բայց ես ասացի պետք է վերանորոգեմ իմ տունը, ու հիմա ամեն ինչը թողնում եմ, դուրս գամ»։
Մեքենաների հոսքը մի քանի շարքով դեռ շարունակվում է, փորձում են հատել Բերձորի միջանցքը։ Մամուլը գրում է՝ հերթերում երեխա է ծնվում, մարդիկ են մահանում։ Հակարիի կամուրջը հատողների թիվն ավելանում է ժամ առ ժամ։ Եթե սեպտեմբերի 27-ի ժամը 12–ի դրությամբ ՀՀ սահմանն անցել էր 47 115 անձ, ապա 15–ի տվյալներով նրանց թիվն անցել է 50 հազարը։
2023 թ սեպտեմբերի 1–ի տվյալներով Արցախում գործել է 108 հանրակրթական հաստատութուն՝ ավելի քան 21 հազար աշակերտով ու 1500 ուսուցիչներով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանն ասում է, որ ցանկության դեպքում ուսուցիչներին կներգրավեն հայաստանյան ուսումնական հաստատություններում աշխատելու։ Աշակերտների համար նույնպես առաջարկ ունեն․
«Երեխաները որոշակի հատվածում դուրս են մնացել կրթական գործընթացից։ Կարող են ունենալ նաև հավելյալ կրթական դասընթացների կարիք, հատկապես ավարտական դասարանների երեխաների համար, որպեսզի կարողանան պատշաճ պատրաստվել։ Պլանավորում ենք առանձին ծրագիր ունենալ ԼՂ–ից մեզ մոտ գտվող ուսուցիչների համար»։
Բայց ցանկացած առաջարկվող ծրագրից օգտվելու համար նախ և առաջ պետք է հաշվառվել։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը չհաշվառված ու մարզեր մեկնած արցախցիներին հորդորում է կապ հաստատել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ ու հաշվառվել։ Սա հնարավորություն կտա ոչ միայն ամբողջական պատկեր ունենալ բռնի տեղահանվածների մասին, այլև հնարավորություն կտա հետագայում սոցիալական աջակցության ծրագրերն ավելի արդյունավետ դարձնել․
«Այս պահի դրութամբ մեր խնդիրն է, որ մեր հայրենակիցներին հնարավորություն տանք, որ տեղակայվեն հյուրանոցներում, հյուրանտներում։ Կարիքների ամբողջական գնահատումից հետո արդեն կկարողանանք ամբողջական ծրագրեր իրականացնել»։
Շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերում հաստատված արցախցիների համար աջակցության ծրագիր կիրականացվի։ Նրանց կեցության վայրից բացի, սննդի քարտեր կտրամադրվեն։ Նարեկ Մկրտչյանը չի բացառում, որ հաշվի առնելով եղանակային փոփոխությունները, կոմունալ ծախսերի փոխհատուցման հնարավորություն տրվի։ Նախարարի տեղեկացմամբ, գործարկել են սոցիալական աջակցության քարտեզագրման հարթակ, որտեղ ամփոփվում են տարբեր հասարակական կազմակերպությունների, անհատների առաջարկությունները։ Այս հարթակում արդեն բազմաթիվ առաջարկներ են ստացել։ Գործարկվել է թեժ գիծը՝ 114–ը։ Գործում է նաև կամավորների հերթագրման հարթակ: Նախարարի տեղեկացմամբ, կոորդինացնող կայաններ կան ՀՀ բոլոր մարզերում և համայնքներում, որոնց հասցեները հրապարակված են: