Տարերային կամավորություն․ ինչ ունենք ու ինչ կարող ենք՝ արցախցուն


Պետության վստահեցումներին զուգահեռ, թե ձեռնարկվում են բոլոր միջոցառումները Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար, ժամ առ ժամ ավելանում է կամավորական նախաձեռնությունների թիվը։ Դրանք տարբեր են ու բազմաբնույթ․ մարդիկ, կազմակերպություններ, համայնքներ առաջարկում են այն ամենն, ինչով կարող են օգնել իրենց տները թողած մեր հայրենակիցներին։ Աջակցության ցանկերն արդեն մեկտեղվել են առնվազն երկու՝ reArmenia և Tikunq.am թվային հարթակներում։
Ապրելու վայր կամ ապրելու միջոց, աշխատանք կամ կրթություն՝ աշխատանք գտնելու համար, սնունդ, հագուստ, կենցաղային այլ պարագաներ կամ հոգեբանական աջակցություն՝ կորստից ինքն իրեն չկորցնելու համար․սրանք այն առաջարկներն են, որոնք տարերայնորեն ուղղվում են Արցախից բռնի տեղահանվածներին։ Առաջարկողները սովորական քաղաքացիներն են, որոնք սոցիալական ցանցերում ներկայացնում են ամենը, ինչ կարող են տալ՝ փնտրելով մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։
Սակայն գրեթե համատարած կամավորության պատրաստակամության ֆոնին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունն է այն մասին, որ բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում այս պահին կամավորների ներգրավման անհրաժեշտություն չկա։
«Հրապարակել ենք կայքի հղումը, քաղաքացիները կկարողանան լրացնել հայտ, ըստ անհրաժեշտության կդիտարկվի նրանց ներգրավվելու հարցը։ Եթե իրենք ներգրավվեն աշխատանքներում, դա կլինի աշխատանքային խմբի ընդհանուր աշխատանքների իրականացման նպատակով։ Չեմ կարող ասել, երբ կամավորները հայտը լրացնեն, ինչ պրոֆիլով կկարողանան մասնակցություն ունենալ, որ գերատեսչությունը մարդկային լրացուցիչ ռեսուրսի անհրաժեշտություն կունենա, ըստ այդմ կներգրավվեն խմբում»,- ասում է նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Զառա Մանուչարյան։
Նախարարության հիմնական գործառույթն այս շրջանում տեղահանվածների կարիքների հաշվառումն է։ Սա իրականացվում է Գորիսի և Կոռնիձորի հումանիտար կայաններում՝ նախարարության ներկայացուցիչների, միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների ու տեղում աշխատող կամավորների օգնությամբ։




«Այս օրերին կային ահազանգեր, որ կարիքի գնահատում չեն անցել, առաջնային հաշվառման հարթակի մասին է խոսքը։ Մարդիկ կարող են ինքնուրույն էլ լրացնել, եթե տեղում ինչ-ինչ պատճառներով չի լրացվել իրենց հայտը։ Կարող են մուտք գործել e-soc.am ու լրացնել։ Եթե կա ինտերնետի հասանելիության խնդիր, կամ տեխնիկապես չեն կարողանա լրացել հայտը, ապա կարող են զանգել 114 թեժ գծին, 24 ժամ օպերատորները հերթապահում են ու իրենց փոխարեն հայտը կրացնեն»։
Կարիքների գնահատումից հետո այն քաղաքացիները, որոնք ունեն կացության խնդիր, ուղղորդվում են Գորիսի դրամատիկականում տեղակայված կենտրոն ։ Զառա Մանուչարյանի խոսքով՝ նշված մյուս կարիքները բավարարվում են՝ մարզպետարանների համակարգմամբ։ Տեղահանվածներին կեցության վայրով ապահովելը համակարգում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սոնա Հարությունյանը «Ռադիոլուր»-ին փոխանցում է՝ տեղահանվածների մեծամասնությունը հրաժարվում է պետության առաջարկից։
«Ժամը 8-ի դրությամբ 13 550 անձ է եկել, որոնցից միայն 2000-ն է ցանկություն հայտնել պետության կողմից ապահովված բնակարաններում տեղավորվել՝ հյուրանոցներ, հյուրատներ։ Մնացած քաղաքացիները հաշվառվելուց հետո տեղափոխվել են և հիմնականում այդ բնակարանները իրենց համար փորձում են գտնել իրենց ծանոթները, հարազատները, բարեկամները։ Այսինքն՝ իրենք հրաժարվում են առաջարկված աջակցությունից և փորձում են իրենց միջոցներով գտնել բնակարան և տեղավորվել այդ բնակարաններում»։
Սոցհարթակներում ակտիվ բնակարանային փնտրտուք է ընթանում այն հիմնավորմամբ, որ տեղահանվածները երկար ժամանակ են անցկացնում դրսում, երբեմն՝ գիշերում մեքենաների մեջ։ Սրանով են պայմանավորվում ինքնագործունեությունն ու նրանց համար անձնական կապերով կեցության վայրի փնտրտուքը։ Սոնա Հարությունյանն ասում է՝ գործընթացը, գուցե երբեմն փոքր–ինչ դանդաղ, բայց ընթանում է բնականոն հունով․
«Հոսքը բավական մեծ է, եթե մարդիկ առաջին օրերին ավտոբուսներով էին գալիս, կոնկրետ թվով քաղաքացիներ էին գալիս, իրենց հնարավոր էր արագ տեղավորել։ Վերջին 2-3 օրերին մարդիկ իրենց ավտոմեքենաներով են տեղափոխվում Հայաստան, հոսքը մեծ է և տեղում ստեղծված կետերը մաքսիմում ծանրաբեռնվածությամբ փորձում են իրենց տեղավորել։ Այո, պրոցեսը կարող է դանդաղել ծանրաբեռնվածության պատճառով, բայց համացանցում նկարագրված իրավիճակը չէ»։
Արդյո՞ք ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար նոր ուժեր ներգրավելու կարիք չկա․ հարցին ի պատասխան ՏԿԵՆ նախարարությունից հիշեցնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունն ու ասում՝ հավանաբար կարիքների գնահատում արվել է և հավելյալ ուժի անհրաժեշտություն չի նկատվել։
«Եվ մեկ այլ խնդիր էլ է առաջանում, երբ մարդիկ իրենց մեքենաներով մուտք են գործում Հայաստան և չեն սպասում հաշվառման։ Հաշվառում չեն անցնում, կարիքների գնահատում չի իրականացվում և իրենք իրենց մեքենաներով տեղաշարժվում են առաջ՝ Հայաստանի տարբեր մարզեր և արդեն այնտեղ են բարձրաձայնում, որ հասել ենք այսինչ տեղը, ի՞նչ պետք է անենք, ո՞վ պետք է մեր կարիքները հոգա։ Դրա համար մենք ևս մեկ անգամ հորդորում ենք, որ պարտադիր անցնեն հաշվառում, կարիքների գնահատում, նոր տեղաշարժվեն Հայաստանի տարբեր մարզեր և քաղաքներ»։




Բարձրաձայնվող այս հարցերին կամ որևէ կերպ օգնելու ցանկությանն ընդառաջ գնալով քաղաքացիները տարբեր խմբերով նախաձեռնություններ են մեկնարկում։ Այսպես, օրինակ, միայն ReArmenia հարթակում «Արցախահայերի աջակցության նախաձեռնություններ»՝ ամեն ժամ թարմացվող բաժնում հումանիտար աջակցության ավելի քան 22, հոգեբանական աջակցության ավելի քան 40, կացության ապահովման ավելի քան 18 նախաձեռնություն կա։ Նախաձեռնությունները մի տանիքի տակ հավաքելու նպատակով գործում է նաև Tikunq.am կայքը։ Շատ են նաև անձնական հարթակներով տարածվող հայտարարությունները, որտեղ մարդիկ առաջարկում են, կարելի է ասել, ամեն ինչ՝ տուն, հագուստ ու սնունդ, ժեստերի լեզվով թարգմանություն, աշխատանք, նոր մասնագիտական հմտություններ, դասընթացներ, ընտանի կենդանիների՝ ապահով վայր տեղափոխում և այլն։