Փարիզը հրատապ օգնություն է ուղարկում Երևան՝ Ստեփանակերտի պայթյունից տուժածների համար


ՀՀ-ում Ֆրանսիայի հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ Ստեփանակերտի պայթյունից տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար առաջիկա ժամերին Երևան կուղարկվեն հրատապ օգնության միջոցներ։
Ֆրանսիան շտապ սարքավորումներ է ուղարկում Հայաստան՝ Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին օգնելու համար։
Սարքավորումը կմեկնի Երեւան, X-ում (նախկին Twitter) գրառման մեջ նշել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։
«Բոլոր մտքերս նախօրեին վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել. Ադրբեջանը պետք է թույլ տա անհապաղ մուտք գործել մարդասիրական օգնության համար»,- այսօր ավելի վաղ ասել էր նախարարը։
Սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի մոտ վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժել է մոտ 300 մարդ, շատերը դեռևս անհետ կորած են։
Վիրավորների որոշ մասին սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Հայաստան։