Մի քանի տարբերակ է քննարկվում․ Փաուերը՝ Ադրբեջանին պատասխանատվության կանչելու մասին


Արցախից բռնի տեղահանվածներին ընդունելուն զուգահեռ Հայաստանը ընդունում է նաև քաղաքական բարձրաստիճան պատվիրակությունների, որոնք գալիս են տարբեր օրակարգերով, բայց թերևս՝ նույն նպատակով։ Այս պահին Հայաստանում են թե՛ ամերիկյան, թե՛ ռուսական պատվիրակություններ։ Կան նաև առաջին հայտարարություններն ու գնահատականները։ «Ռադիոլուրը» փորձել է հասկանալ, թե ի՞նչ են նշանալում այդ այցերը և ո՞րն է դրանց իրական նպատակը։
Հայաստան ժամանած ամերիկյան պատվիրակության անդամ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը էթնիկ զտումների մասին գրքի հեղինակ է, սակայն, դեռ չի շտապում հստակ ձևակերպել այն, ինչ կատարվում է Արցախի բնակչության հետ։ Կոռնիձորում և Գորիսում զրույցները տեղահանված արցախցիների հետ ծանր տպավորություն են թողել նրա վրա․
«Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները։ Շատերը հեռացել են իրենց բնակավայրերից հրետակոծության ներքո։ Մենք առիթ ունեցանք զրուցելու բժիշկների հետ, շատերի մոտ թերսնում է։ Կարծում եմ, բոլորդ տեսնում եք այն տրավման, այն հոգնածությունը։ Մարդկանց դեմքից այդ ամենը արդեն իսկ տեսանելի է։ Ես նաև հանդիպեցի մարդկանց, որոնք տեղյակ չեն, թե որտեղ են գտնվում իրենց ընտանիքի անդամները։ Կան առանց ծնողների ուղեկցության Հայաստան ժամանած մեծ թվով երեխաներ և խիստ անհրաժեշտ է, որ հնարավորինս շուտ նրանք կարողանան գտնել իրենց ընտանիքներին։ Մենք շատ անհանգստացնող հաղորդումներ ենք ստացել քաղաքացիական անձանց նկատմամբ գործողությունների, բռնության վերաբերյալ։ Անհրաժեշտ է, որ «անկախ աչքեր» լինեն ԼՂ տարածքում, և դա լինի հիմա»։
Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչը խոսում է միջազգային դիտորդների մասին։ Իրողություններին տեղում ծանոթանալուց հետո Սամանթա Փաուերը հայտարարեց․ ԱՄՆ-ը 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին հումանիտար կարիքների համար։ Գումարը, նրա խոսքով, կուղղվի սննդի ձեռքբերմանը և սոցիալական ու հոգեբանական աջակցությանը։
Փաուերը հստակ գնահատական չի տալիս Ադրբեջանի հավաստիացումներին, որ ԶՈՒ-ը չեն թիրախավորել խաղաղ բնակչությանը։ Բայց հստակ խոսում է բռնության վերաբերյալ անհանգստացնող հաղորդումների մասին։


«Միացյալ Նահանգները չի հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի բնակիչների վրա»,-Սենատում սեպտեմբերի 14-ին հայտարարում էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը, իսկ այսօր արդեն Սամանթա Փաուերի հետ Կոռնիձորում և Գորիսում անձամբ են տեսնում Արցախից բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիների վիճակը և լսում նրանց պատմությունները, թե ինչ եղավ սեպտեմբերի 19-ին և դրանից հետո։
Փաուերն ասում է՝ գալով այստեղ, ավելին են իմացել իրավիճակի մասին։ Թե ինչպե՞ս չի հանդուրժի Միացյալ Նահանգները ԼՂ բնակիչների դեմ Ադրբեջանի հարձակումը՝ այս պահին էլ օդում մնացած հարց է, որը կհստակեցվի Վաշինգտոն վերդառնալուց և վարչակազմին իրողությունը զեկուցելուց հետո։ Բայց որ ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակումը անհետևանք չի մնա՝ նա համոզված է։


Կլինի պատժամիջոց, թե այլ հստակ քայլ՝ դեռ պարզ չէ․ «Այդ ամենը անշուշտ կօգնի, որ նախագահը և վարչակազմը կարողանան դիտարկվող տարբերակներից ընտրեն այն տարբերակը, որը կկիրառվի։ Ես ուզում եմ նշել, որ այս պահին ակտիվ դիտարկվում են ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակներ։ Լինելով այստեղ, զրուցելով ականատեսների հետ, ես իմ տեսածը, լսածը ներկայացնելու եմ վարչակազմի իմ գործընկերներին և ներկայացնելու եմ, թե ինչքան ծանր է իրավիճակը ԼՂ բնակիչների համար»։
Փաուերը հստակեցնում է, որ հարձակման հետևանքների պատասխանատվության հարցում խորհրդակցելու են նաև «տարածաշրջանի իշխանությունների, այդ թվում նաև Հայաստանի հետ»։
Նախօրեին ամերիկյան դեսպանատանը ասուլիսի ժամանակ ամերիկացի պաշտոնյան փակագծեր էր բացաել, թե ինչ պատժամիջոց են դիտարկում Ադրբեջանի համար։ Տարբերակներից մեկը անվտանգային աջակցության վերանայումն է։ Նույն ասուլիսի ժամանակ Փաուերը հայտարարեց, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը։ Այս հայտարարությունը նա արեց Սյունիքի մարզի նկատմամբ հնարավոր և կանխատեսվող նոր ագրեսիայի համատեքստում՝ շեշտելով, որ չի կարող նշել, թե ինչպիսին կարող են լինել այդ խախտման հետևանքները, բայց թվարկածը անխախտելի սկզբունքներ է համարում։
Եթե ամերիկացի պաշտոնյաներ՝ Սամանթա Փաուերի ու Յուրի Քիմի այցը Հայաստան բաց է և հրապարակային, ապա նույն ժամանակում Հայաստանում գտնվող ՌԴ պատվիրակությունը ավելի փակ է աշխատում։ ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորած պատվիրակության այցը երկօրյա է։ Կոլոկոլցևը արդեն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև տեղի է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը։ Այս ամենը լուսաբանման ենթակա չի եղել, աշխատանքից հետո հայտարարություններ նույնպես չկան։


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ վերջին օրերին Հայաստանը միայն այս երկու պատվիրակության ուշադրության կենտրոնում չէր։ Իրականում, հետաքրքրությունը աշխարհագրական տեսանկյունից ավելի լայն է։ Վերլուծաբանի կարծիքով՝ բոլոր այցելությունների առանցային թեման կարող են լինել ճանապարհները․
«Ամերիկյան և ռուսական պատվիրակությունների մասին խոսեցինք, նաև Իրանի դեսպանն էր Հայաստանի վարչապետի մոտ հյուրընկալվել։ Քիչ ուշադրության արժանացավ, սեպտեմբերի 20-ին Հայաստան էր ժամանում Շանհայի գործակցության կազմակերպության պատվիրակությունը, իսկ այստեղ պետք է չինական ազդեցություն և հետաքրքրություն տեսնել նաև։ Տեղեկություն եղավ Հնդկաստանի հետաքրքրության մասին։ Իհարկե, ՀԿ ղեկավար՝ հայ-հնդկական բարեկամության, բայց շատ նշանային հայտարարություն է անում, որ Հայաստանում Հնդկակաստանի ավիաբազա դնելու ժամանակն է։ Խոսում է այս ճանապարհային հարցերի մասին, որ այնտեղ կարող է թուրք-ադրբեջանական թուրանի ծրագիրը զարգանալ, որը հակասում Հնդկաստանի շահերին և այլն։ Այս ամենը խոսում է իսկապես Հայաստանի շուրջ ճանապարհներին առնչվող լիցքերի շատ լուրջ կուտակումների մասին։ Եվ սա շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում»։
Վերլուծաբանը ենթադրում է, որ իսպանական Գրանադայում հոկտեմբերի 5-ին սպասվող հնգակողմ հանդիպման օրակարգի առանցքային հարցերից մեկը, եթե ոչ առանցքայինը, ըստ ամենայնի լինելու է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի չեղարկման գնալը, այդպիսով Ռուսաստանին զրկելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրումների վերահսկողության «հիմքից»:
Իսկ այս քայլը իր մեջ պարունակում է պայթյունավտանգ ռիսկեր, զգուշացնում է Բադալյանը՝ կարևորելով ճիշտ հաշվարկների անհրաժեշտությունը։