Լավ թղթերն ուժեղի հետ են ստորագրում․ ՈՄԱ-ն հրավիրում է ուժեղանալու
Արդեն 3 և դեռ 7 օր մոտ 300 մարդ սովորելու է ողջ մնալու արվեստը։ Նրանք զգացել են՝ դրա կարիքն ավելի քան իրական է։ Զգացողությունը, սակայն, ակտիվանում է խաղաղության պատրանքի վերացման պահերին և բթանում դրա վերականգնմանը զուգահեռ։ «ՈՄԱ» ՀԿ-ում առաջինի համար ուրախ են, երկրորդի համար՝ մտահոգ։
Ծրագրերի ղեկավար Էդգար Մարգարյանն ասում է՝ չեն հավակնում զբաղեցնել բանակի տեղը, բայց երազում են դրան օգնող ուժ դառնալ։ Կարծում է՝ եթե տան դուռը կողպում ենք, ապա պարտավոր ենք նաև զենքից օգտվել կարողանալ։ Այս երկուսը, Էդգարի կարծիքով, նույն բանի մասին են․
«Ոստիկանություն ունենք, որը պիտի ապահովի, որ գողերը չմտնեն մեր տները, բայց մենք լավ կողպեք ենք առնում, անվտանգության համակարգ ենք դնում, որ չգան, մեզ թալանեն։ Բայց երբ խոսքը պետության մասին է, չէ, մենակ բանակը պիտի անի»։
Այսպիսով ՈՄԱ-ն հորդորում է ուժեղանալ՝ բոլոր դեպքերում ապահով լինելու համար և վստահ լինել՝ հեշտ ճանապարհներով, թղթեր ստորագրելով խաղաղություն չի գալիս։ Ասում են՝ լավ թղթերը ուժեղի հետ են ստորագրում։