ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Գրանադայից առաջ․ ո՞ր դեպքում է Երևանը պատրաստ փաստաթուղթ ստորագրել

Հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական Միության կայանալիք գագաթնաժողովում հանդիպելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպմանը մասնակցելու են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Հանդիպման նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2 օրից ուղևորվելու է Բրյուսել: Օրակարգը դռեռևս հայտնի չէ, բայց վերջին օրերին թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից սկսել են հնչել ակնարկներ այն մասին, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագիր ստորագրելուն։

Փաստաթուղթ ստորագրելու պատմական հնարավորության մասին հայտարարություններն ու Գրանադայի հանդիպումն, ըստ էության, ուղիղ կապ չունեն միմյանց հետ, բայց արդյո՞ք հնարավոր է, որ հենց այդ օրը կողմերը ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն։ Այս առումով թե՛ քաղաքական, թե՛ վերլուծական գնահատականները հակասական են։ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին, վարչապետ Փաշինյանը արձանագրում էր, որ Գրանադայում փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․

«Ցավոք սրտի, ոչ։ Որովհետև, եթե փաստաթուղթ նախատեսվեր ստորագրել, դա կնշանակեր, որ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ հավասարակշռված շահին և մենք պատրաստ ենք ստորագրել»։

Հայաստանի շահի մասին դեռ ոչինչ չի հայտարարվել, բայց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից արդեն հինգ օր հետո ներկայացնելով իր տպավորություններն ասում է՝ «պատմական հնարավորություն ունեն կնքելու խաղաղության համաձայնագիր»։ Ըստ նրա՝ խոսքը ոչ թե հենց Գրանադայի հանդիպման, այլ առահասարկ գործընթացների մասին է։

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը բացառում է, որ առաջիկա հանդիպմանը որևէ փաստաթուղթ ստորագրվի։ Նա համարում է, որ խաղաղությունը դեռ շատ հեռու է։ Լաչինի միջանցքի արգելափակման, Արցախի շրջափակման, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրման հարցերում մինչ վերջերս պահպանվող անհամաձայնությունների կողքին, պահպանվում է մեկ այլ սկզբունքային խնդիր, որի շուրջ կողմերի դիրքորոշումները անզիջում են։ Միջազգային հանդիպումները, ըստ Գայանե Աբրահամայնի՝ վկայում են, որ գործընթացներն այժմ պտտվում են հենց այս սկզբունքային հարցի շուրջ․

«Այս ակտիվությունը Էրդողանի, որ հնարավոր բոլոր հարթակները օգտագործում է, և ըստ էության, նաև իր վրա է վերցրել այդ գործողությունը իրականացնելու հիմնական առաքելությունը, նրա այցը Նախիջևան, և այլն, և այլն, սրանք բոլորը խոսում են այն մասին, որ դեռ Սյունիքի հետ կապված հարց կա։ Կախված է, իհարկե, Իրանի դիրքորոշումից, բայց տեսնում ենք, թե ինչ ահռելի ճնշումներ են Իրանի վրա գործադրվում։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Շոյգույի (ՌԴ ՊՆ նախարար-խմբ․) այցը, այսօր արդեն նախատեսված է Լավրովի (ՌԴ ԱԳ նախարար-խմբ․) այցը։ Այսինքն՝ հասկանում ենք, որ Իրանին են փորձում համոզել, որոշակի զիջել իր դիրքորոշումները։ Ամիսներ առաջ էրդողանը հայտարարեց, որ հիմնական խոչընդոտը Իրանն է։ Այսինքն՝ համարում են, որ Հայաստանի դեմ լինելը դա խոչընդոտ չէ այլևս, այլ հիմնական խոչընդոտը Իրանն է։ Բայց ես այստեղ էլ, ցավոք, չունեմ լավատեսություն, որովհետև հասկանալի է, որ Իրանն էլ իր շահերը պետք է առաջ մղի։ Վստահաբար, իրենց առաջարկում են ինչ-որ ներգրավվածություն այսպես կոչված «միջանցք»-ում»։

«Միջանցք» կոչվածին առնչվող բոլոր մտավաախություններին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձում է․

 «Հիմա մենք ինչ ճանապարհ էլ տանք, իրենք ասելու են «Զանգեզուրի միջանցք»։ Եթե Լոռիով էլ անցնի, իրենք դա անվանելու են «Լաչինի միջանցք», թող ասեն, իրենց խնդիրն է։ Մենք այդ սկզբունքները ֆիքսել ենք, իրենք էլ են ֆիքսել այդ նույն սկզբունքները։ Մեզ համար առաջնային է այս ճանապարհների բացումը և Հայաստանը բաց է։ Ես հիմա հայտարարում եմ․ և ճանապարհ է տրմադրվում, նաև երկաթուղին մեզ համար նույնպես կարևոր է։ Պետք է երկաթուղի անցնի։ Մենք դրան պատրաստ ենք, և ես հույս ունեմ, որ Գրանադայում, շատ կուզենանք մենք, որ այս մասով մենք քայլ անենք առաջ, այս պատմական շանսը օգտագործենք։ Հավերժ պաատերազմը և հավերժ այս վիճակը որևէ մեկին ձեռք չի տա ու ձեռք չի տալու։ Մենք դրան պատրաստ ենք»։

Ինչին է պատրաստ պաշտոնական Երևանը՝ ևս մեկ անգամ հստակեցրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` հայտարարելով, որ Հայաստանը երբևէ չի համաձայնել և չի համաձայնելու որեւէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության․ «Իհարկե, «Կարմիր գիծ» է»։

Միաժամանակ պաշտոնական Երևանը հստակեցնում է․ հավատարիմ են բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածություններին, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել հուլիսի 15-ին Բրյուսելում։ Ըստ պայմանավորվածությունների՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար 29 800 և 86 600 հազար քառակուսի կիլոմետր տարածքով:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան տեղի է ունենալու 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Ընդդիմությունը հայտարարում է, որ չգիտի, թե ինչ «կարմիր գծերի» մասին է խոսում իշխանությունը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը համոզված չէ, որ Գրանադայում փաստաթուղթ չի ստորագրվի․

«Խաղաղություն Փաշինյանը չի կարող բերել։ Թե կոնկրետ ինչ, Հայրենիքի որ հատվածն են պատրաստվում Գրանադայում «հանձնել», կոնկրետացնել չեմ կարող»։

Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին, արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշում էր, որ խաղաղության պայմանագրի տեքստին առնչվող առաջարկությունների 5-րդ շրջափուլից հետո, փաստաթղթի շուրջ էական առաջընթաց դեռ չկա․

 «Խմբագրությունից խմբագրություն հղկվում է տեքստը։ Իհարկե, այն ամենակենսական, ամենաէական հարցերում դեռևս սկզբունքային տարաձայնություններ կան»։

Այս դեպքում, սկզբունքային տարաձայնություններ ասելով, առաջին հերթին միշտ նշվում էին բոլոր այն դրույթները, որոնք առնչվում էին Արցախին։

Վերադառնալով Գրանադայում սպասվող հանդիպմանը հավելենք, որ այն լինելու է հնգակողմ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին միանալու են նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Եվրոպական Միության գագաթնաժողովի հարթակներում սա Փաշինյան-Ալիև երրորդ հանդիպումն է՝ Չեխիայից և Մոլդովայից հետո։

Back to top button