ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արցախը չի հանձնվել, Արցախը պայքարել է․ Ստեփանակերտի եկեղեցում այսօր պսակադրություն էր

Երեկվանից Ստեփանակերտում վերականգվել է էլեկտրամատակարարումը։ Արցախի մայրաքաղաքում այսօր սպասողական վիճակ է։ Մարդիկ Հայաստան տեղափոխվելուն են սպասում։

Առավոտյան Ստեփանակերտի բանկերն ու փոստն աշխատել են։ Փակ խանութների մի մասը բացվել է, հագուստը տրամադրում են տեղահանված քաղաքացիներին։

Դպրոցականները Ստեփանակերտին հրաժեշտ են տալիս՝ իրենց անունները գրելով քաղաքի տարբեր շենք-շինությունների պատերին։ Ստեփանակերտի եկեղեցում այսօր նույնիսկ պսակադրություն է տեղի ունեցել։

Արցախը թշնամուն չի հանձնվել, Արցախը պայքարել է․ արցախցիների խոսքերն են՝ անորոշ ու սպասողական Ստեփանակերտից։ Իսկ Արցախի մայրաքաղաքում երեկվանից արդեն տները լուսավորված են։Ստեփանակերտի փողոցներում դեռ ծուխ է։ Մարդիկ իրերն են հավաքում, փողոցներում տեղահանվածներ կան, բայց ոչ նախորդ օրերի քանակությամբ։ Նրանց մի մասն արդեն Հայաստանում է։ Մյուսները սպասում են իրենց հերթին։ Ստեփանակերտից «Ռադիոլուրի» զրուցակիցը փոխանցում է՝ ցանկացողները անձնական մեքենաներով փորձում են դուրս գալ։ Նա նշում է, որ առավոտյան բանկերն ու փոստը աշխատել են։ Փակ խանութների մի մասն այսօր առավոտյան բացվել է, պահեստներում ու խանութներում մնացած հագուստը տրամադրում են տեղահանված քաղաքացիներին։

«Ռադիոլուրի» զրուցակիցը նույնպես իրերը հավաքել է․

«Ով ուզում է անձնական մեքենայով դուրս է գալիս, բայց բանկերը դեռ աշխատում են։ Բանկերում դրված ոսկիները հետ են տալիս։ Տրամադրությունները վատ են։ Մարդիկ ասում են՝ ոնց թողնենք մեր հայրենիքը գնանք»։

Արցախում իրավիճակը հնարավոր չէ ներկայացնել բառերով՝ փաստում է «Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը։ Պատմում է՝ թշնամու հետ չեն ուզում ապրել, կհեռանան, բայց մտքով, սրտով ու հոգով միշտ Արցախում են լինելու․

«Հիմա Ստեփանակերտի փողոցները դատարկ են։ Բոլորը հավաքված սպասում են, մեքենա են փնտրում, որ գնան այստեղից։ Գիտեք՝ մեր Արցախից լավ տեղ չկա։ Ստեփանակերտից լավ տեղ չկա։ Մեր տղաները զոհվեցին մեր սուրբ հողում, մեր Արցախում, ուր էլ գնամ, մեկ է՝ մեր Արցախից լավ տեղ չկա։ Մեր զինվորները զոհվեցին մեր սուրբ հողի համար։ Չեմ կարող բացատրել, թե ինչ է ներսումս կատարվում»։

Մարտակերտը թշնամին չի գրավել, մենք կռվել ենք մինչև վերջ։ «Ռադիոլուրի» զրուցակիցը պատմում է՝ սպասել են մինչև բոլորը դուրս գան։ Ճանապարհը ավեի քան 8 ժամում են անցել։ Ճանապարհին պարբերաբար ադրբեջանցիների մեքենաներ ու դրոշներ են տեսել։ Տարբեր վայրերում մեկ-երկու մեքենայի նաև հարվածել են՝ ասում է։ Այժմ Ստեփանարկերտում են, սպասում են, թե երբ իրենց հերթ կհասնի․

«Ժողովրդի մի մասը հերթում կանգնած, բենզին է ստանում, մի մասը մեքենաներով՝ ճանապարհներին։ Իրար օգնելով, ճանապարհին ոչ մի մեքենա չենք թողել։ Մարտակերտը իրենց երազած երկիրն է, համով պատառը»։

Սոցիալական ցանցերը նույնպես հեղեղված են Արցախի տարբեր բնակավայրերից բռնի տեղահանված արցախցիների հրաժեշտի խոսքերով։ Նրանք դժվարությամբ են թողնում իրենց տները.

«Շատ եմ սիրում մեր բերդ տանող ճանապարհը։ Խի ես էսքան ղաշանգ, որ կռվախնձոր ես դառալ»։

Դպրոցականները Ստեփանակերտին հրաժեշտ են տալիս՝ իրենց անունները գրելով քաղաքի տարբեր շենք-շինությունների պատերին։ Իսկ Ստեփանակերտի եկեղեցում պսակադրություն է տեղի ունեցել։

Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը՝ հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Առաջնահերթ ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված ու տեղափոխվել ցանկացողները: Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական կառավարում իրականացնել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը: Վառելիք ստանալու համար հերթերը մեծ խցանումներ են առաջացնում բենզալցակայանների մերձակա տարածքներում՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկն ու բնականոն կենսագործունեությունը:

Արցախի կառավարությունը կոչ է անում հատկապես պետական կառավարման համակարգի, առողջապահության ոլորտի և ուժային կառույցների աշխատակիցներին շարունակել կատարել մասնագիտական պարտքը՝ հանուն հայրենակիցների անվտանգության ու առողջության: ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին Ստեփանակերտի բենզալցակայաններում անվճար վառելիք է տրամադրվում:

Ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են։ ԱՆ ՆԳՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ից Արցախի տարբեր շրջաններից տարհանել են զոհվածների 100-ից ավելի մարմիններ, հայտանաբերվել են կորած քաղաքացիներ։

Back to top button