ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սյունիքը պատրաստ է հնարավոր տեղահանման դեպքում ընդունել արցախցիներին

Արցախից հնարավոր տեղահանման դեպքում՝ մեր հայրենակիցներին Սյունիքում պատրաստ են ընդունել։ Նրանց առաջին կանգառը լինելու է Կոռնիձորի հումանիտար կենտրոնը։ Այստեղ հաշվառելու են տեղահանվածներին, որից հետո արդեն բաշխելու են այն բնակավայրերը, որտեղ նրանք ապրելու են։

Սյունիքի մարզպետի հանձնարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, գործընթացում ընդգրկվել է մոտ 300 կամավոր։

Մոտ մեկ ամիս առաջ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված հումանիտար կենտրոնում պատրաստ են Արցախից հնարավոր տեղահանման դեպքում ընդունելու մեր հայրենակիցներին։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան․ «Նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց Սյունիքի մարզը պատրաստ է ընդունելու բոլոր մեր հայրենակիցներին, ինչքան կտեղավորվի մարզում։ Այս առումով մարզում բոլոր կառույցների հետ խորհրդակցություններ ու քննարկումներ են եղել»։

Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի Արցախից քաղաքացիների հնարավոր հոսքի կազմակերպչական խնդիրներով։ Աշխատանքային խմբին կից ձևավորվել է կամավորների 300 հոգանոց խումբ, որի հիմնական կազմը Գորիսի պետական համալսարանի ուսանողներն են։ Կոռնիձորի հումանիտար կենտրոնում, պատասխանատուների խոսքով՝ ընդունելու և հաշվառվելու են տեղահանված արցախցիներին։

Սյունիքի մարզպետի խորհրդկան Կարեն Բալայան․ «Ընդունելուց հետո հոգալու ենք նրանց կարիքները՝ սննդի, գիշերակացի։ Արդեն գույքագրվել են այն ազատ տեղերը, որտեղ կարելի է ապահովել մեր հայրենակիցների գիշերակացը, նաև գույքագրվել են նրանց ժամանակավոր տեղակայման վայրերը»։

Արցախցիների հնարավոր տեղահանման դեպքում՝ նրանց ոչ միայն Գորիսի տարածաշրջանում են տեղավորելու, այլև մարզի բոլոր քաղաքային և գյուղական բնակավայրերում։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցներն արդեն շուրջօրյա հերթապահություն են սահմանել Կոռնիձորի հումանիտար կենտրոնի տարածքում։

Սեպտեմբերի 22-ի կառավարության նիստում որոշում է ընդունվել Կոռինձորի հումանիտար ճամբարին կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել  15,911.7 հազ. դրամ։ Ըստ հիմնավորման՝ հումանիտար ճամբարը ծառայելու է որպես հարթակ, որի միջոցով հնարավոր է իրավապաշտպան կազմակերպություններին և համաշխարհային հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ողջ իսկությունը, կազմակերպել միջազգային կառույցների ներկայացուցիչների այցերը և դեպքերի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել անմիջապես այն միջավայրից, որտեղ օգնության ցուցաբերման նպատակով կուտակված է հումանիտար բեռը։

Back to top button