Թամար Թիթիզյանը ծնվել է 1985 թվականին Լիբանանի Բուրջ Համուդ հայկական շրջանում։ 2009 թվականին ամուսնացավ տեղացի Վարուժան Դումբալյանի հետ, իսկ 2010-ի հոկտեմբերին ծնվեց աղջիկը՝ Փալիկը։ Վարուժանը երազում էր, որ դպրոցական առաջին քայլերը Փալիկը կատարի հայկական դպրոցում, միաժամանակ, պաշտում էր Արցախը։ Լիբանանում վաճառելով բնակարանն ու ողջ ունեցվածքը 2016 թվականի սեպտեմբերի 27-ին ընտանիքը տեղափոխվեց Արցախ՝ բնակություն հաստատելով Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում, որը կարճ ժամանակում դարձավ մեծ աշխարհի նրանց փոքր, բայց ամենահարազատ անկյունը։ Վարուժանն աշխատում էր Աղավնոյի դպրոցում, Թամարը՝ սպասարկման ոլորտում։ Երջանիկ էին՝ մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը։
Պատերազմի օրերին Թամարը հայ զինվորների համար հաց էր թխում, իսկ Վարուժանը Աղավնոյի պաշտպանական ուժերի կապի պատասխանատուն էր։ Ծանր օրեր էին, բայց Թամարի համար ամենամղջավանջայինը, թերևս, պատերազմից հետո էր գալու, 2022-ի օգոստոսի տասին։ Այդ օրը նրանք լքեցին Աղավնոն։ Որոշ ժամանակ ապրեցին Էջմիածին քաղաքում, հետո հաստատվեցին Արարատի մարզի Զոդ գյուղում, բայց Աղավնոյի կարոտը չլքեց ոչ մի վայրկյան։ «Եթե հիմա հարցնեք՝ ո՞րն է երազանքս, կասեմ՝ վերադառնալ Աղավնո»,-ասում է Թամարը։ Կորուստների ու կարոտի ցավին Վարուժանը չդիմացավ։ Ծանր հիվանդությունից հետո 2023-ի մայիսի ութին հեռացավ կյանքից։ Մայր ու դուստր ճակատագրի դեմ այսօր պայքարում են միայնակ։ Թամարին ուժ տվողը Փալիկն է։