ԿարևորՔաղաքական

Արցախում խաղապահների համալրումը կամ փոխարինումը որևէ հարց չի լուծի, եթե չկա քաղաքական կամք․ քաղաքագետ

ՄԱԿ ԱԽ քննարկումների ընթացքում ականատես եղանք Ադրբեջանին դատապարտող արդեն սովորական դարձած հայտարարությունների, մտահոգիչ ելույթների, սակայն դրանք բավարար չեն Արցախում էթնիկ զտումները կանգնեցնելու համար։ Ինչո՞ւ է միջազգային հանրությունը անգործություն դրսևորում, կամ բավարարվում միայն հայտարարություններով։ Փորձագետներն այս հարցի վերաբերյալ մի քանի տեսակետ են շրջանառում։

Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի մասին քննարկումներում ընդհանուր մի քանի մոտեցումներ են ընդգծվում։ Նախ՝ ողջունվում է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի ելույթը, ինչից անմիջապես հետո հիշատակվում է ադրբեջանական կողմի հակադարձումը, թե ՀՀ վարչապետը ժամեր առաջ հերքել է ԼՂ հայերի զանգվածային սպանությունների մասին տեղեկությունը, ինչի մասին միջազգային հանրությանը պատմել էր ՀՀ ԱԳ նախարարը։ Միջազգային հանրության հայտարարություններն իհարկե դատապարտող էին, ինչպես և սպասվում էր, սակայն, կոնկրետ որևէ գործողություն չտեսանք։ Հարց բարձրացվեց հայկական կողմից ՄԱԿ–ի մանդատով օժտված խաղաղապահների տեղակայման մասին, այս ուղղությամբ ևս արձագանք չգրանցվեց։

Ինչո՞ւ է միջազգային հանրությունը սահմանափակվում միայն դատապարտումներով ու մտահոգություններով։ Սա միջազգային հանրության հետ սխալ աշխատանքի արդյո՞ւնք է, թե՞ այդ հանրությունն անտարբեր է, կամ առաջնորդվում է միայն սեփական շահերով, որոնք այս պահին չեն համընկնում հայկական շահերի հետ։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը շատ բան պայմանմավորում է հայկական դիվանագիտության աշխատանքի որակից․

«Եթե մենք փորձենք բացատրել միջազգային հանրությանը, որ Արցախում ոճրագործություն է տեղի ունենում, սա չի ազդելու։ Խնդիրն այն է, որ մենք չենք կարող ուրիշների խղճի վրա հույս դնել, որովհետև այդ երկրները իրենց շահերով են առաջնորդվում։ Իրենք կարող են մտահոգություններ հայտնել, նույնիսկ մեղադրել Ադրբեջանին, բայց դա միայն խոսքով»։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը մի քանի նկատառում է ներկայացնում հայկական դիվանագիտության աշխատանքում, որոնք արժանի են ավելի մեծ ուշադրության․

«Աշխարհը ծանոթ է իրավիճակին, քաջատեղյակ է, սակայն խնդիրը մեկնաբանման մեջ է։ Շատ բաներ կարելի էր ավելի մանրակրկիտ ներկայացնել և ցույց տալ, որ այնտեղ էթնիկ զտում է գնում և հումանիտար աղետ է, բայց էլի չենք բողոքում։ Վատ դրության մեջ ընկանք, երբ Բայրամովը շեշտադրեց, որ ձեր վարչապետը այլ հայտարարություն է արել, և հակասական իրավիճակի մեջ ընկանք»։

Ի՞նչ անել միջազգային հանրությանը իրական փաստերը տեղ հասցնելու համար։ Քաղաքագետի համոզմամբ՝ միայն մեկ հարթակում ասելիքը ներկայացնելը բավարար չէ, պետք է աշխատել բոլոր հարթակներում։ Հրանտ ՄԻքայելյանի կարծիքով՝ այնպես է ստացվել, որ Հայաստանին լքել են բոլոր դաշնակիցները, ի՞նչ անել միայնակ չմնալու համար։ Քաղաքագետն այսպիսի բանաձև է առաջ քաշում․

«Եթե մենք արդյունավետ չաշխատենք, որ երկրները հասկանան, թե մեր շահերը իրենց շահերի հետ որքանով կարող են համընկնել, ապա մենք աջակցություն չենք ստանա»։

Սակայն մենք տեսնում ենք, որ օրինակ ԵԽԽՎ-ում Ադրբեջանը այսպես ասած «խավիարային դիվանագիտությամբ» է աշխատում, կաշառում է Եվրոպացի պատգամավորներին, և այդ գործելաոճը աշխատում է։ Այս դիտարկմանը քաղաքագետն այսպես է հակադարձում․

«Մենք միլիարդավոր դոլարներ չունենք, որ կաշառենք նրանց, այսինքն՝ նույն դաշտը մտնել չենք կարող։ Մենք կարող ենք հետախուզական խմբեր վարձել ու բացահայտել այդ դեպքերը, խոչընդոտել։ Հաղթողն անում է, պարտվողը բացատրություններ է ներկայացնում։ Մենք ունենք հնարավորություններ Բաքվին զսպելու։ Բացի դա, ԱՄՆ մեծ երկիր է, բայց եթե իրենք ինչ-որ հարց դնում են քննարկման, նախապես ամիսներով աշխատում են այդ ուղղությամբ բոլոր երկրների հետ։ Իսկ մենք ափալ-թափալ հավաքվում ենք և ուզում ենք մի անգամով լուծվի այդ հարցը»։

ՄԱԿ ԱԽ-ում հայկական կողմը մի քանի կարևոր շեշտադրումներ ու առաջարկներ ներկայացրեց, մասնավորապես ընդգծվեց ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության կարևորությունը: Նշվեց Արցախում ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտությունը։ Որքանո՞վ է դա իրագործելի։

Հրանտ Միքայելյան․ «Խաղաղապահների ֆորմատը արդյունավետ ֆորմատ չէ։ Աշխարհում միայն մեկ դեպք կա, որ խաղաղապահների ֆորմատը իրեն արդարացրեց, մնացած դեպքերում նույն ոճրագործություններն են տեղի ունեցել, ինչպիսիք տեսանք Արցախում այս օրերին։ Իհարկե, կարելի է փոխարինել ռուսներին, կամ համալրել նրանց այլ երկրներով, բայց կարծում եմ՝ նույն արդյունքը կլինի, քանի որ եթե քաղաքական կամք չկա ուժ կիրառելու Ադրբեջանի դեմ, ապա լինելու է նույնը»։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը սակայն կարծում է, որ դեռ պետք է սպասել ՄԱԿ ԱԽ-ից հայտարարության, որը գուցե առաջիկա ժամերի ընթացքում կլինի․

«Իհարկե, նույն րոպեին որևէ բանաձև կամ հայտարարություն չներկայացվեց, բայց կարծում եմ, որ այսօր ՄԱԿ ԱԽ հանդես կգա հայտարարությամբ։ Թե ինչ բովանդակությամբ կլինի այն, կարելի է կռահել՝  կոչեր, հորդորներ, որ չպետք է թույլ տալ էթնիկ զտումներ։ Բայց նման հայտարարություններով արցախահայերի հարցերը չեն լուծվում»։

Back to top button