Մտքի ուժը

Կան արդյո՞ք լիթիումի ու այլ-հազվագյուտ էլեմենտների պաշարներ Հայաստանում․ փնտրում են գիտնականները․ «Մտքի ուժը»

Մեքենա, որն աշխատում է հոսանքով և ոչ թե վառելիքով։ Էլեկտրամոբիլիների արտադրությունն աշխարհում արագ է զարգանում։ Էլեկտրամոբիլների՝ առավել արդյունավետ աշխատելուն նպաստում են լիթիումային մարտկոցները։ Դրանք նաև հիբրիդային շարժիչ ունեցող ավտոմեքենաներում են կարևոր։ Նոութբուքերի, բջջային հեռախոսների, էլեկտրոնային սարքերի համար էլեկտրասնուցման մարտկոցներ․ լիթիումի կիրառությունն ավելանում է նաև այս ոլորտում։ Սրանով էլ պայմանավորված հազվագյուտ այս մետաղի պահանջարկն ավելանում է աշխարհում։ Հայաստանի ընդերքն օգտակար հանածոներով հարուստ է։ Բացի պղնձից, ոսկուց, մոլիբդենից Հայաստանում նաև լիթիում ու հազվագյուտ այլ էլեմենտներ կան։ Դրանց պահանջարկն ամբողջ աշխարհում է մեծանում՝ ասում են գիտնականները։ Եվ ահա մեր երկրում գիտական մի խումբ  հազվագյուտ էլեմենտների պոտենցիալի գնահատում է իրականացնում։ Փորձում են հասկանալ՝ ինչից ինչքան ունենք։ Կարեն Համբարյանը ԳԱԱ երկարաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների բաժնում է աշխատում.  

«Նմուշներ ենք վերցրել, որպեսզի Շվեյցարիայում անալիզներ անենք՝ հասկանանք՝ ինչ ունենք։ Նախկինում ուսումնասիրություններ արվել են, փորձում ենք վերագնահատել, հասկանալ՝ ինչ ունենք։ Այս էլեմենտների պահանջարկն է  ավելացել»։

Աշխարհում լիթիումի խոշորագույն արտադրողներն են Բոլիվիան, Չիլին, Արգենտինան և Ավստրալիան: Նոր պաշարներ են հայտնաբերվել Աֆղանստանում։

Ընդհանրապես Հայաստանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Ընդերքից ամենատեղյակը երկրաբաններն են։ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների լաբորատորիայի վարիչ Արշավիր Հովհաննիսյանն արձանագրում է՝ Հայաստանի ընդերքում առկա են մետաղական ու ոչ մետաղական օգտակար հանածոներ, հանքային ջրեր։ Մետաղական հանքավայրերից ամենախոշորը անշուշտ Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրն է, նման հանքավայր աշխարհում քիչ կա՝ ասում է։ Միայն այս հանքավայրն է համադրելի հարևան երկրի նավթահանքերի հետ։ Երկաթ Հայաստանում քիչ կա․  

«Ունենք փոքր հանքավայրեր, որոնք հազվագյուտ հողային էլեմենտներ են պարունակում։ ԲՏԱ-ն սնվում է այդ էլեմենտներով։ Մենք ունենք Կապուտանը, Սվարանցը,  Հրազդանը։ Ունենք նաև նեֆելիտային սիենիտների կոմպլեքսներ, որոնց հետ հանդիպում են նաև հազվագյուտ էլեմենտներ։ Հայաստանն ունի նաև այլ տիպի հանքայնացումներ։ Դրանք հանդիում են գործող հանքանյութերի հետ։ Օրինակ՝ Քաջարանում մենք ունենք ռենիումի պաշարներ, Սոթքում սելեն և տելուր կա։ Դրանք բոլորը օգտագործվում են բարձր տեխնոլոգիաներում, ռազմարդյունաբերության, հեռախոսներրի արտադրության մեջ։ Բայց մեր հիմնական հարստությունը երկաթը չէ, այլ պղինձ-մոլիբդենային ու ոսկու հանքավայրերը»։

Այս պահի դրությամբ Հայաստանն ունի 43 մետաղական հանքավայր, որից 7-8 է աշխատում։ Երկրաբանների համար հանքավայրը մի տարածք է, որտեղ օգտակար հանածոյի որոշակի կուտակումներ կան։ Երկրաբան գիտնականների համար կարևորը ընդերքի հարստությունների խելամիտ ու արդյունավետ շահագործումն է, ի շահ պետության և ժողովրդի, տնտեսվարողների համար՝ տնտեսական շահը։

ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների լաբորատորիայում Հայաստանի տարբեր բնակավայրերից բերված քարեր են, օգտակար հանածոների տարբեր նմուշներ։ Լաբորատորիայի վարիչ Արշավիր Հովհաննիսյանն անգիր գիտի՝ որ քարը որտեղից է բերվել, կարևոր ինչ նշանակություն ունի։ Ժամանակի ընթացքում հանքանյութը քայքայվում է՝ ասում է։

ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների լաբորատորիայում կատարում են և՛ դաշտային, և՛ լաբորատոր աշխատանքներ։ ԳԱԱ երկարաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների բաժնի աշխատակից, գիտնական Կարեն Համբարյանին ամեն ինչ է հետաքրքիր ոլորտում։ Ասում է՝ գիտությամբ հետաքրքիր է զբաղվելը։ Իսկ հետաքրքիր է հատկապես այն, որ առաջինն են տեղեկանում՝ ինչ հարստություն ունենք ընդերքում։ Արշավիր Հովհաննիսյանը քաջատեղյակ է՝ Հայաստանում գործող հանքավայերի պաշարները որքան են, անգամ տնտեսական ինչ օգուտ կարող են տալ․

 «Շատ քիչ հանքավայրեր են աշխատում։ Մնացածները չեն աշխատում տարբեր պատճառներով։ Այն արհեստական օրակարգ էր, պղտորեց նաև մեր հասարակության գիտակցությունը։ Մյուսների դեպքում ֆինանսական ու տեխնիկական պատճառներն են։ Սյունիքում աշխատում է Ագարակի կոմբինատը՝ հանքավայրով, Լիճքվազ թեյի հանքավայրը, որը ոսկե բազմամեղատային է, Քաջարանի, Շահումյանի հանքավայրերը։ Վերջինը Կապանի մոտ է գտնվում։ Գեղարքունիքում Սոթքի հանքավայրն է, որի վիճակը շատ վատ է 2020-ից հետո։ Մի մասը հարևան երկրի վերահսկողության տակ է։ Կեսից մի փոքր քիչը կարծում եմ։ Պետք է հուսադրեմ, որ հանքայնացման հիմնական մասը մեր տարածքում է։ Բաց եղանակով այլևս հնարավոր չէ շահագործել, բայց Գեոպրոմայնինգը փակ եղանակով շահագործման լուծումներ է փնտրում, դա միակ ճիշտ լուծումն է, քանի որ որքան էլ ժամանակավոր  համաձայնություն լինի չկրակելու, միևնույնն է նրանք ուշ թե շուտ իրենց սև գործն անելու են։ Կոտայքում Մեղրաձորի հանքավայրն ունենք՝ փոքր ոսկու հանքավայր է։ Լոռիում Թեղուտն է, որը չի աշխատում։ Աշխատում է Շամլուղի հանքավայրը պղինձ բազմամետաղային հանքավայր, կոմբինատով, որ Ախթալայում է։ Արմանիսը չի աշխատում, բայց հույս կա, որ հաջորդ  տարի կաշխատի։ Մղարթը, Ալավերդին նույնպես չեն աշխատում»։

Երկրաբանները վստահ են՝ հնարավոր է նաև Հայաստանում հանքանյութը վերամշակել, ոչ թե այդ գործունեությունը կազմակերպել արտերկրում։  Ֆինանսական բարդություններ չեն կարող լինել՝ ասում է Հովհաննիսյանը։ Վստահ է՝ եթե գործարան լինի, ոչ թե մեկ, այլ մի քանի գործարանների կոնցենտրանտներ է մշակելու, սա որպես արդյունահանող երկիր նաև Հայաստանի վարկանիշը կբարձրացնի։

Back to top button