Ա. Իսկանդարյան. Վարչապետի հրաժարականը կուտակային կենսաթոշակով չի պայմանավորվում
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համար միանգամայն պարզ էր: Քաղաքագետը համոզված է, որ դա պարզ էր նաև շատ- շատերի համար, քանի որ Իսկանդարյանի կարծիքով վարչապետը երկար ժամանակ էր ինչ նստած էր իր աթոռին և պետք է փոխվեր: «Որ սա այն կառավարություննը չէր, որ մինչև 2018-ը կմնար, պարզ էր: Հեղափոխություն չի լինի, բայց փոփոխություններ կլինեն կառավարությունում՝ վարչապետի փոխվելուն զուգահեռ»,- ասում է նա։
Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին խոսվում էր 2011 թվականից: Առհասարակ կառավարության կազմը երկար չի մնում և սովորաբար վարչապետը զոհաբերվում է, ասաց քաղաքագետը: Իսկ որո՞նք էին այն պատճառները, որ կարելի է մատնանշել որպես կառավարության թերացում։ «Խնդիրները, որ ծառացած էին ՀՀ առջև, մնում են: Կարծում եմ՝ ամենաէական խնդիրը, որ կա մեր երկրում, դա, «ներդրումային քաղցն» է, դիրքորոշումը Արևմուտքի և Եվրոպայի միջև, կոռուպցիայի դեմ պայքարն է: Ժամանակակից աշխարհի ամենալուրջ խնդիրը դա երկար ու էժան փողեր են, շրջապտույտը ՄՄ շուրջ»,- թվարկեց Իսկանդարյանը: Ի դեպ՝ քաղաքագետը չի կարծում, թե Հայաստանը ՄՄ անդամ կդառնա մայիսի։ Մինչեւ անդամություն դեռ շատ անելիքներ կան, կարծիք հայտնեց:
Կովկասի ինստիտուտի տնօրենը վարչապետի պաշտոնանկությունն ամենևին չի պայմանավորում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ։ «Դժվար է պատկերացնել, թե այդ բոլոր որոշումները ինքնուրույն են կայացվում, որ մեր ՍԴ-ը շատ անկախ է, որ վարչապետը ինքն է կայացնում որոշումները, իսկ նախագահը բարկացած հեռացնում է վարչապետին»,- ասաց:
Այս օրերին հրատապ հաջորդ հարցը՝ ո՞վ կհաջորդի Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում: Հովիկ Աբրահամյան, Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան, Կարեն Կարապետյան. շրջանառվում են մի շարք անուններ: Իսկանդարյանը անկեղ խոստովանեց, թե տեղյակ չէ, թե ով կլինի ՀՀ 13-րդ վարչապետը, սակայն նշեց, որ նա կլինի իշխանական շրջանակից: