

Հայաստանի արտգործնախարարը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր ստեղծել, որոնք կպահպանեն խաղաղությունն ու անվտանգությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտհերթ նիստում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Այժմ, երբ Ադրբեջանը վերսկսեց ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի դեմ, երբ մարդկանց բռնի տեղահանում են տներից և վտանգի տակ են դնում բռնի տեղահանումը հայրենիքից, երբ իրավիճակն այլևս դիտավորություն չէ, այլ զանգվածային վայրագությունների անհերքելի ապացույցներ, ՄԱԿ ԱԽ-ն պետք է գործի», — ասել է ԱԳ նախարարը
Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ «Մենք պետք է խաղաղ հարաբերություններ հաստատենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա, ինչը, իհարկե, չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես զանգվածային վայրագությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնագիր»,-հայտարարել է ԱԳ նախարարը։
«Լեռնային Ղարաբաղից ստացված պատկերներն իսկապես ցնցող են. կանայք, երեխաներ, առանց կացարանի և սննդի մնացած տարեցներ, մայրեր, որոնք հուսահատ փորձում են գտնել իրենց կորած երեխաներին, կանայք լաց են լինում վախից, որ Ադրբեջանը կարող է բանտարկել իրենց ամուսիններին: Դժվար է հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում»,- հայտարարել է նախարար Միրզոյանը։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը շարունակվում է, միջազգային հանրության բոլոր անդամները փնտրում են աշխարհում խաղաղության պահպանման ուղիներ: Քանի դեռ բոլորս խոսում ենք ուժի օգտագործումը դատապարտելու հրամայականի մասին` կանխելու համար մարդկանց ձեռքով մարդկային զոհերի հանգամանքը, քանի դեռ գալիս ենք այստեղ, որ խաղաղության գործին մասնակից լինենք, մեր տարածաշրջանում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական մեծամասշտաբ հարձակումը նախաձեռնեց ԼՂ մարդկանց նկատմամբ` կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերը: ԼՂ ողջ տարածքը` Ստեփանակերտը և այլ բնակավայրերը, ինտենսիվ և առանց տարբերազատման ռմբակոծվում էին հրթիռներով, ծանր հրետանիով, մարտական օդաչուներով և ավիացիայով, այդ թվում`արգելված կլաստերային զինամթերքով: Հարձակման ինտենսիվության և դաժանության հետևանքով պարզ է դառնում, որ մտադրությունը ԼՂ հայկական բնակչության էթնիկ զտումը վերջնականացնելն է, այսպիսի մեծամասշտաբ ռազմական գործողության հետևանքներն ակնհայտ են դարձնում դրանց ծանր բնույթը»,- ասել է նա:
«Ավելի քան 10 000 մարդ հարկադրաբար տեղահանվել է, այդ թվում`կանայք, երեխաներ և տարեցներ, նրանք այժմ բացօթյա պայմաններում են, առանց սննդի և գոյատևման այլ պայմանների, հազարավոր ընտանիքներ են բաժանված, մոտ 20 000 անձինք տեղահանվել էին 2020 թվականի պատերազմի հետևանքով, և տեսեք` ինչպիսի ծանր մարդասիրական կարիքներ են հիմա այնտեղ առաջացել: Մարդիկ շարունակում են սովամահ լինել 10-ամսյա շարունակվող շրջափակման պատճառով, առողջապահական համակարգը պարալիզացված է, հիվանդանոցները չունեն էներգիա, և դեղորայքի ծանրագույն պակաս կա, մարդիկ զրկված են անգամ առաջին օգնության հնարավորությունից, առանց վառելիքի շտապօգնության մեքենաները չեն կարողանում վիրավորներին հիվանդանոցներ հասցնել: ԼՂ-ից ստացվող կադրերը իսկապես ցնցող են` կանայք, երեխաներ, տարեցներ մնացել են առանց կացարանի և սննդի, մայրերը հուսահատ փորձում են գտնել իրենց կորած երեխաներին, կանայք լաց են լինում` վախենալով, որ ադրբեջանցիները կարող են բանտարկել իրենց ամուսիններին: Դժվար է հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր` միջազգային հանրության աչքի առաջ` 21-րդ դարում: Սոցցանցերում տեսնում ենք ԼՂ-ից բազմաթիվ հայերի, որ փնտրում են իրենց երեխաներին կամ ազգականներին: Այդ երեխաները, ովքեր հանկարծ հայտնվել են ապաստարաններում կամ անգամ փողոցներում, շարունակում են լաց լինել և ծնողներին խնդրել իրենց տուն տանել` հրաժարվելով ընդունել, որ իրենք այլևս տուն չունեն»,- ասել է նա:
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է` միջազգային հանրությունը հրաժարվել է բավականաչափ լրջորեն այս ամենին վերաբերվել, ներկայիս ագրեսիան գագաթնակետն է այն` 10 ամիս շարունակված շրջափակման, Լաչինի միջանցքի շրջափակման և հարկադիր սովամահության, որը գործադրվում է ԼՂ ժողովրդի նկատմամբ. սննդի սուր պակասի, վառելիքի, դեղորայքի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ անհնար ապրանքների կտրուկ անբավարարության պատճառով ԼՂ խոցելի բնակիչներն արդեն իսկ մարդասիրական աղետի եզրին էին, ուստի, ըստ նախարարի, միամտություն կլիներ կարծել, թե այդ ամենը լիարժեք պլանավորված չի եղել` նախքան անմարդկային շրջափակման կիրառումը և շարունակումը, որի նպատակն էր կոտրել ԼՂ բնակիչների կամքը և դիմադրելու կարողությունը կամ կյանքը շարունակելու և ապրուստը, իրենց հայրենի երկրում իրենց կյանքը շարունակելու կարողությունը:
«Ձեզնից ոմանք ձեր հայտարարություններում դեռ շարունակում են ընդհանուր կոչեր անել հակամարտության կողմերին: Այս մոտեցումներն այլևս կիրառելի և տեղին չեն, այլևս չկան հակամարտության կողմեր․ կան ոճրագործներ և զոհեր, չկա հակամարտություն, կա ոճրագործության իրական սպառնալիք: Մենք այստեղ ենք, քանի որ հավատում ենք, որ հնարավոր է, քանի որ դեռ ունենք հավատ մարդկայնության նկատմամբ, միջազգային իրավունքի և հազարավոր մարդկանց կյանքի վտանգման պարագայում վճռական քայլեր կատարելու ԱԽ կարողության նկատմամբ»,- ասել է Միրզոյանը։