ԿարևորՔաղաքական

Ռազմական ուժը չի կարող օգտագործվել լարվածությունը կարգավորելու համար. Մեծ Բրիտանիան կոչ է անում հարգել հրադադարը Լեռնային Ղարաբաղում

Միացյալ Թագավորությունն իր անհանգստությունն է հայտնում այն ճնշումների կապակցությամբ, որոնց բախվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ասել է Միացյալ Թագավորության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և ՄԱԿ-ի պետնախարար, Լորդ Ահմադը։

Նա նշել է, որ հումանիտար կարիքները չափազանց մեծ են և շարունակում են աճել:

«Այս շաբաթվա սկզբին մենք բոլորս իսկապես ոգևորվեցինք, երբ տեսանք այն լուրը, որ մարդասիրական բեռներ են տեղափոխվել և՛ Լաչինի, և՛ Աղդամի ճանապարհներով դեպի Լեռնային Ղարաբաղ», — ասել է նախարարը։

«Այնուամենայնիվ, առաջընթացի այս հնարավորությանը, ցավոք, հաջորդեց ռազմական գործողություն սկսելու մասին Ադրբեջանի հայտարարությունը: Գործընկերներից շատերի հետ միասին, Միացյալ Թագավորությունը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել ուժի կիրառումը, ձեռնպահ մնալ իրավիճակը սրող հետագա գործողություններից և վերադառնալ երկխոսությանը»,- նշել է նա։

«Չնայած մենք լիովին ճանաչում ենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խնդիրները, ռազմական հզորությունը չի կարող օգտագործվել լարվածությունը կարգավորելու համար. ուղղակի երկխոսությունը իրական, կայուն լուծումներ գտնելու միակ ճանապարհն է», — հայտարարել է Լորդ Ահմադը:

«Բռնության հետագա կիրառումը միայն կխաթարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի նախնական առաջընթացը, որը պետք է հիմնված լինի երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա, ինչը, անկասկած, բխում է ողջ Հարավային Կովկասի շահերից»,-հայտարարել է նախարարը։

«Միացյալ Թագավորությունը ողջունում է հրադադարի մասին երեկվա հայտարարությունը։ Ուստի մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել այդ հրադադարը, դադարեցնել բռնությունը և հրատապ բաց երկխոսության մեջ մտնել տարածաշրջանի ժողովրդի համար ապահով ապագայի շուրջ: Միացյալ Թագավորությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ կարևոր գործընթացին»,- եզրափակել է նա:

Back to top button