ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտում նորից կրակոցներ էին, Արցախից հասնող լուրերը՝ հակասական

Իրավիճակը լարված է, հեռախոսակապ չկա, հոսանքն արդեն մի քանի օր անջատված է։  Արցախցիները  նորից նկուղներում ու ապաստարաններում են, Ստեփանակերտում կրակոցները են հնչում․ Արցախից Երևան հասնող լուրերը հակասական են։

Չնայած կրակը դադարեցնելու մասին նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությանը՝  Արցախում կրակոցները չեն դադարել։ Տեղեկատվական շտաբը օրվա ընթացքում մի քանի անգամ հայտարարեց՝ Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը,  կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։

Արցախի տեղեկատվական շտաբը նաև տեղեկացնում է՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը հանգուցալուծելու նպատակով: Հորդորում են չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Իսկ հակասական լուրերը Ստեփանակերտին էին վերաբերում։ Ժամը 12–ի դրությամբ՝ ադրբեջանական ուժերի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը՝ ՖԲ գրառմամբ տեղեկացրեց ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության մամուլի պատասխանատու Արմինե Հայրապետյանը։ 

Ադրբեջանական դրոշների տեղադրման մասին լուրերը նույնպես ստահոդ են և մարդկանց ահաբեկելու նպատակ են հետապնդում։  Հետևեք բացառապես պաշտոնական տեղեկատվությանը՝ հորդորում էր ՀՀ–ում Արցախի ներկայացուցչությունը։

Պաշտոնական տեղեկատվությունը հարուստ չէ, իսկ իրենք՝ արցախցիները, պատմում են։

«Ստեփանակերտում կրակոցներ են, մարդիկ վերևի մասից դեպի կենտրոն են գալիս։ Մեր գյուղն, ա, Ասկերանն ա, Խնապատն ա, բոլորին բերել են Ստեփանակերտ։ Օդանավակայան են տարել»։

Իսկ համացանցը ողողված է տագնապալի տեղեկություններով։ Մարդիկ փնտրում են իրենց հարազատներին, չգիտեն՝ որտեղ են նրանք, ողջ են արդյոք, թե՞ ոչ։ Բնակավայրերի միջև կապ չկա։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում մարտակերտցի Ելիզավետա Բուդաղյանը պատմում  է՝ արդեն երեք օր եղբոր հետ կապ  հաստատել չի կարողանում։

«Եղբայրս Մաղավուզում էր ապրում։  Երբ իմացանք, որ այդ վիճակն է, սկսեցի զանգել, մեծ եղբորս հետ կապ հաստատել չի հաջողվում։ Քրոջս հետ մի կերպ կապ հաստատեցի։ Նկուղում ենք, ինքը, թոռնիկները, հարսը, խնամին, բայց տղաները իրենց մոտ չեն։ Դիրքերում են»

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանված մարդկանցով: Այս մասին X-ի (Թվիթեր) իր էջում գրում է Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Մարդիկ հուսահատ իրար են փնտրում, զանգահարում են ՄԻՊ գրասենյակ՝ իրենց հարազատների մասին գոնե ինչ-որ տեղեկություն իմանալու: Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ»,- նշում է ՄԻՊ-ը:

«Այս ամենը 9 ամիս շրջափակումից հետո այլ կերպ, քան 120,000  էթնիկ հայերի ցեղասպանություն, հնարավոր էլ չէ նկարագրել: Սա ադրբեջանական իշխանության մտադրված քաղաքականությունն է, հանցավոր արարքների միասնական շղթան», – այս դիտարկումն էլ Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանինն է: 

Ադրբեջանը օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձ է այսօր սպանվել։Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝  գյուղում բնակիչներ կան, բայց նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։

«Մեր խաղաղ բնակիչներից էլ կա գյուղում, կին էլ կա։ Լուր չունեմ, չեմ կարողանում կապվել։ Ստեփանակերտում էլ վիճակը ահավոր է, սոված, ծարավ»։

Սոցիալական ցանցերում տեղեկություններ կային Ճարտարից՝ մի քանի վիրավոր, տասից ավելի զոհ՝ գրել էր ՖԲ օգտատեր Դավիթ Թորոսյանը։ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախկին նախարար, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի տեղեկություններն  էլ Մարտունու շրջանից են։ Այն ամբողջությամբ մեկուսացման մեջ է, կա կապի խնդիր։

 Լրագրող Լուսինե Զաքարյանն էլ Մարտակերտից գրել էր՝ «Մարտակերտից եմ գրում, այո,զոհվեցին, կրկին զոհվեցին լավ կռվող տղաներ։ Մարմինները մի կերպ հանվել են դիրքերից, բայց դեռ ոչ բոլորի»։

Արդեն մի քանի օր իրենց տներից տեղահանված  արցախցիների  մի մասն էլ   Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում է՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրում:

Կարդացեք նաև

Back to top button