

Եվլախում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումն ավարտվեց ժամը 11–ի սահմաններում։ Քննարկված հարցերի օրակարգը չբացահայտվեց, բայց ընդհանուր առմամբ, այն նախանշվել էր նախօրեին՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև ռուս խաղաղապահների առաջարկով հրադադարի մասին հայտարարության 3 կետերով։
Դրանց համաձայն Ադրբեջանը Արցախից պահանջում է լուծարել պետական իշխանությունն ու ՊԲ-ն, հանձնել զենքը և սկսել այսպես կոչված «վերաինտեգրացիայի» գործընթացը։
Արցախի պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի պատգամավոր Դավիթ Մելքումյանը, իսկ ադրբեջանական կողմը՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Իլհամ Ալիևը նշանակել է «Ղարաբաղի հայերի հետ շփման պատասխանատու»:
Արցախի ներկայացուցիչը Եվլախում հանդիպումից հետո հայտարարել է, որ Բաքվի հետ վերջնական համաձայնության չեն հասել, պետք է համաձայնեցնել մանրուքները։ Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրին» փոխանցել է․
«Մեկ հանդիպումով բոլոր հարցերը հո չե՞ն լուծվելու։ Պարզ է, որ կարող են լինել նաև այլ հանդիպումներ ևս։ Տեսնենք էլի, որևէ պայմանավորվածություն չկա, միայն՝ կրակի դադարեցման»։


Հանդիպումից հետո Բաքուն դրական է գնահատել հանդիպումը, կառուցողական մթնոլորտն է ընդգծել, իսկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները կարող են բերել խաղաղության պայմանագրի ստորագրման, որը կարող է վերջ դնել կոնֆլիկտին։
Ընդհանուր առմամբ Եվլախի հանդիպումից տեղեկությունները քիչ են։ Մեր պատվիրակները այնտեղ մեկնել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, առանց լրատվամիջոցների։ Մեկ ժամ կամ քիչ ավելի․ մոտավոորապես այդքան է տևել Եվլախում հանդիպումը Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև․
Բանակցային սեղանի շուրջ նստած են եղել վեց հոգի, խաղաղապահները, ըստ տարածված տեսագրության՝ ենթադրելի է, որ հարևան սենյակում են սպասել, թեև բանակցությունների ընթացքում ևս զորակազմից ներկայացուցիչ է ներկա եղել։
Արցախի պատվիրակության կազմում էին ԱԽ քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Մարտիրոսյանը և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, որը նաև «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության ԱՀ մասնաճյուղի տնօրենն է։
Ադրբեջանական կողմը ներկայացրել է պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Իլհամ Ալիևը նշանակել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետ շփումների պատասխանատու։ Հայտնի է, որ 44-ամյա Մամեդովը ծնվել է Արցախի Մարտակերտ քաղաքում, դպրոց է հաճախել Շուշիում։ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո նա տեղափոխվել է Բաքու։ Պատվիրակության կազմում են եղել նաև Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը և հատուկ ներկայացուցչության աշխատակից Իլկին Սուլթանովը։
Արցախյան կողմի հետ Մամեդովը հանդիպելու մեկ փորձ ունի արդեն․ Իվանյանում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի շտաբում այս տարվա մարտի 1–ին տեղի էր ունեցել նրա հանդիպումը Սամվել Շահրամանյանի հետ, որն այն ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն էր։
Ինչ կարող է քննարկված լինել Եվլախում․ քննարկումները Երևանում առայժմ ենթադրությունների մակարդակում են։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ըստ էության կիսում է Դավիթ Բաբայանի կարծիքը։ Պատգամավորի տեղեկություններով՝ Ստեփանակերտ–Բաքու բանակցությունները մի քանի հարթությունով են տեղի ունենալու, միայն Եվլախում չեն լինելու և մի քանի մակարդակով են լինելու։ Թեև առաջին հայացքից թվում է, որ ամեն ինչ շատ ակնհայտ է, մյուս կողմից, ըստ պատգամավորի՝ դետալային առումով խնդիր կա ճշտելու, թե ինչ է լինելու․
«Հենց սկսենք այն հանգամանքից, որ այսօր էլ մարտադաշտում մեծ թվով մեր հերոսների մարմիններ են և դրանք դեռևս դուրս էլ չեն բերվել, այսինքն՝ այդ հանդիպումները իրենցից ենթադրում են հումանիտար բնույթի խնդիրներից մինչև Արցախի ապագայի հետ կապված որոշակի հստակություններ։ Դժվար է ասել, թե որ կողմը կոնկրետ ինչ մասով բանակցություններ է տանելու։ Ժամանակից առաջ չընկնեմ, թող այդ հանդիպումները լինեն, որոշակի դետալներ նաև հանրայնացվեն, որ ըստ դրա մենք էլ սկսենք հասկանալ, թե ինչպես ենք շարժվելու։ Դրված է ոչ միայն ՊԲ, այլ նաև պետական ինստիտուտների կազմալուծման հարցը։ Այստեղ նաև երրորդ հարցն է գալիս․ բա այդ պայմաններում ինչպե՞ս է կառավարում իրականացվելու Արցախում և այս իրավիճակում նաև պետք է հասկանալ, թե ով ինչ ֆունկցիա է ստանձնելու։ Պայմանականորեն՝ ռուսական խաղաղապահ ունենալո՞ւ է ֆունկցիաներ ստեղծված իրավիճակում, թե՞ պարզապես դուրս է գալու»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի այսպիսի կանխատեսում է արել․
«Կարծում եմ, որ ժողովրդի մեծ մասը ցանկանալու է տեղափոխվել Հայաստան։ Ոչ ոքի չես կարող կտրել իր իսկ պատմական տնից, իր իսկ պատմական տարածքից, մի մասը կարող է այնտեղ մնալ։ Բայց, կարծում եմ, այն երեք կետը, որը նշված է հայտարարության մեջ, դրա շրջանակներում է բանակցությունները գնալու։ Ամենակարևոր խնդիրը՝ Արցախի բնակչության անվտանգության ապահովումն է»։
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը առաջարկել է քննարկել միայն փոքրամասնության իրավունքները, որիշ ոչինչ։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը բանակցությունների երկու տարբերակ է կանխատեսում, որից ամենավատատեսականը ամենաիրականն է համարում․
«Մեծ հավանականությամբ Եվլախում Արցախի ներկայացուցիչներին առաջարկվել է ուղղակի հանձնվել առանց որևէ հետագա երաշխիքների, ինչից հետո Ադրբեջանը ինքը կորոշի նրանց հետագա ճակատագիրը և Արցախի հայ ժողովրդի։ կա նաև լավատեսական կանխատեսում, որը ավելի քիչ հավանական եմ համարում։ Գուցե, Արցախի ժողովրդի՝ իրենց տներում ապրելու իրավունքի հետ կապված Ռուսաստանը այս անգամ իր խոստումները կատարի և նրանց տրվեն որոշակի երաշխիքներ, որ ֆիզիկական անվտանգությանը ոչինչ չի սպառնում և նրանք կարող են բնակվել։ Բայց կա մեկ խնդիր․ այն ցուցակը, որի մասին երեկ տեղեկություն տարածվեց, ըստ որոշ տեղեկությունների դրա մեջ 30 հազար տղամարդու անուն է։ Սա նշանակում է, որ Արցախի բնակչության կեսից մի քիչ ավելի քիչ մարդիկ այդ ցուցակում են, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ որևէ մեկի ֆիզիկական անվտանգությունը ապահովել դժվար թե հնարավոր լինի։ Ադրբեջանցիները անհապաղ և անվերապահ կապիտուլյացիա են պարտադրում Արցախին»։
Ե՞րբ և որտե՞ղ կլինի հերթական հանդիպումը՝ այս պահին հայտնի չէ։ Ըստ ժամանակագրության՝ Եվլախի հանդիպումից հետո տեղի է ունեցել Պուտին–Ալիև հեռախոսազրույց ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՌԴ նախագահն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։