ԿարևորՔաղաքական

ԵԽ հանձնակատարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանը

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերսկսված ռազմական էսկալացիայի և դրա ազդեցությունը խաղաղ բնակչության, հատկապես առավել խոցելի խավերի վրա։

«Վերջին տարիների ընթացքում տեղի բնակչությունը տուժել է տարածաշրջանում զինված ռազմական գործողությունների հետևանքով մարդասիրական և մարդու իրավունքների խախտումներից: Անցած դեկտեմբերից, մասնավորապես, նրանք ապրում են մեկուսացման մեջ՝ զգալով հիմնական պարագաների և ծառայությունների սուր պակաս։ Խորապես մտահոգված եմ՝ տեսնելով, որ նրանց անվտանգությունը ևս մեկ անգամ վտանգված է, և նրանց իրավունքները ոտնահարվում են՝ խորացնելով նրանց տառապանքը»,- ասվում է հանձնակատարի հայտարարության մեջ:

«Նշում եմ, որ նոր է հայտարարվել հրադադարի մասին։ Շատ կարևոր է, որ տարածաշրջանում ավարտվեն զինված ռազմական գործողությունները՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Կարևոր է կանոնավոր և անարգել մուտքի երաշխավորումը նրանց համար, ովքեր մարդասիրական օգնություն են ցուցաբերում և նրանց, ովքեր ապահովում են մարդու իրավունքների պաշտպանությունը տուժած տեղի բնակչությանը»,-ավելացրել է նա:

«Հաշտեցման ճանապարհը պետք է շտապ վերականգնվի, և պետք է վերսկսվի երկխոսությունը՝ հիմնված տուժած բնակչության մարդու իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքի վրա՝ բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասել է Դունյա Միյատովիչը:

Նա հաստատել է իր հանձնառությունն ու պատրաստակամությունը մեկնել տարածաշրջան՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների առկա մարտահրավերները:

Back to top button