

«Հայֆիլմ» կինոստուդիայի օպերատորներից շատերը արձանագրեցին 88-ի Թատերական հրապարակի հզոր ալեկոծությունը։ Այդ հազարավոր մետրերի ժապավեններից ծնվեցին բազմաթիվ վավերագրական ֆիլմեր, որ նորանկախ Հայաստանի պետականության փաստագրումն էին։




32 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին՝ անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:
Անկախության օրը տոն է յուրաքանչյուր հայի համար՝ ամենանվիրականը, ամենասրտամոտը, քանի որ խորհրդանշում է մեր ժողովրդի՝ աննահանջ պայքարի գնով իրականություն դարձած դարավոր երազանքը։ Անկախության տարիները նշանավորվեցին հաջողություններով, վերելքներով, ձեռքբերումներով, բայց, ցավոք, արձանագրեցինք նաև ձախողումներ ու անկումներ։ Ցավալիորեն «Հայֆիլմ» կինոստուդիային ևս բաժին ընկան փորձությունները։
Երկրաշարժ, տնտեսական ճգնաժամ, Արցախյան ազգային ազատագրական պայքար. այս ամենը չէր կարող չազդել հայկական կինոարտադրության վրա, ինչի արդյունքում հայկական կինոն ծանր օրեր պետք է ապրեր։ Մեր պայքարի օրերին «Հայֆիլմ» կինոստուդիայի օպերատորներից շատերը Արցախյան գոյամարտում կռվող տղաների կողքին էին։
Նրանցից յուրաքանչյուրը հազարավոր մետրեր ժապավեններով վավերագրեց նորանկախ Հայաստանի պատմությունն ու Արցախի ազատության համար մղվող պայքարը։ Հետագայում այդ վավերագրության հիման վրա նկարահանվեցին խաղարկային և վավերագրական ֆիլմեր, որոնցից շատերն անծանոթ մնացին հայ հանդիսատեսին։
Այսօր, մեր հաղորդման շրջանակներում կփորձենք ներկայացնել այդ շարքից երկու փաստագրական ֆիլմ, որոնց հեղինակները «Հայֆիլմ» կինոստուդիայի ճանաչված կինոօպերատորներ Շավարշ Վարդանյանն ու Վրեժ Պետրոսյանն են։




Քանի-քանի անգամ ենք դիտել Թատերական հրապարակում, Մատենադարանի դիմաց և այլ վայրերում 88-յան շարժման հանրահավաքների ու տարբեր իրադարձությունների հանրահայտ կադրերը, բայց երբևէ չենք իմացել, թե ով է ժապավենին հանձնել այդ ամենը։ Կինոօպերատոր, ռեժիսոր, պահեստի գնդապետ Շավարշ Վարդանյան, մեկն այդ անուններից, որի տեսախցիկը քայլ առ քայլ հետևել է դեպքերի զարգացմանը։
Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից Շավարշ Վարդանյանը պարբերաբար մեկնում էր պատերազմի գոտի, նկարահանում այն ամենը, ինչ տեղի էր ունենում մարտի դաշտում։
«Գիտեք, ես այդ ժամանակ հակացա, որ իմ պարագայում տեսախցիկով պատերազմի դաշտում կռիվ տալը ավելի կարևոր և արդյունավետ է լինելու, քան ավտոմատով կռիվը»,-փաստում է Շավարշ Վարդանյանը:
Պատերազմի ընթացքում Շավարշ Վարդանյանը նկարահանել է շուրջ 1200 ժամ փաստագրական ժապավեն, ինչը հետագայում վերածել է վավերագրական և խաղարկային ֆիլմերի։
«Թիրախ». այսպես է կոչվում Շավարշ Վարդանյանի առաջին վավերագրական ֆիլմը, որն էկրան է բարձրացել 2001 թվականին։ 47 րոպե տևողությամբ «Թիրախ» ֆիլմը չի ցուցադրվել ոչ մի տեղ։ Պատճառը ֆիլմում հնչող քննադատական տեքստն էր, որում Շավարշ Վարդանյանը մի քանի խոցելի խնդիրներ է բարձրաձայնում։
«Գիտեք, շատ դժվար է քո ապրած ժամանակի մասին նկարել, կարծիք հայտնել, խոսել սխալների, բացթողումների և չարված բաների մասին, այն էլ ոչ թե վերացական, այլ հասցեական: Դա էր պատճառը, որ բոլոր հեռուստաընկերությունները հրաժարվում էին ցուցադրել ֆիլմը: Միայն «Կենտրոն» հեռուստաընկերությունը համաձայնեց ցուցադրել ֆիլմը, այն էլ ընդամենը մեկ անգամ»,- նշում է Շավարշ Վարդանյանը:
Պատերազմի դաշտում աշխատող կինոօպերատորներից էր նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի փորձառու օպերատոր Վրեժ Պետրոսյանը, որը, ցավոք, 2022 թվականից այլևս ապրողների հետ չէ։ Նրա հետ մեր առաջին զրույցը Արման Մանարյանի «Ոսկի և հող» ֆիլմի մասին էր։
Հարցազրույցին հաջորդած մեր անմիջական զրույցի ընթացքում բացահայտվեց նաև ռեժիսոր, վավերագրող Վրեժ Պետրոսյանի մարդկային կերպարը։ Նա գոյամարտի առաջին իսկ օրերից նկարահանել էր ամենը, ինչ տեղի էր ունեցել մարտի դաշտում, սակայն հակված չէր վերամբարձ արտահայտությամբ իրեն պատերազմի վավերագիր համարել։
«Պարզապես,- ասում էր նա,- ազատամարտի տարիներին ես էլ տեսախցիկով եմ մարտնչել»։
Արցախյան առաջին նկարահանումները Վրեժ Պետրոսյանը կատարել է 1989-ի ձմռանը՝ եռակի շրջափակման մեջ գտնվող Բերդաձորի գյուղերում: Այնուհետև դրանք շարունակել է Մարտակերտում։ Այնտեղ նա ծանոթացել է 13-18 տարեկան կռվող տղաների հետ, որոնց տներն ու դպրոցները ադրբեջանցիները վերածել էին ավերակների։ Պատերազմի ահազանգը լսելուն պես նրանք, վրեժը սրտներում, դպրոցից անմիջապես մեկնել էին ռազմաճակատ։ Նրանց էին միացել Հայաստանի տարբեր շրջաններից որսորդական մի քանի հրացաններով իրենց հայրենի հողը պաշտպանելու մեկնած ազնվագույն պատանիներ:
«Մարտակերտում ես հանդիպեցի այնտեղի պաշտպանական շրջանի հրամանատար Նորիկ Դանիելյանին ու բացի իրենից էլի շատ փորձառու զինվորականների, որոնք միահամուռ պնդում էին, որ ամենակատաղի և անձնուրաց կռիվը այդ տղաներն էին մղում»,- ասում էր Վրեժ Պետրոսյանը։




«Անվերջ ձգվող դասամիջոց». այսպես է անվանել Վրեժ Պետրոսյանը՝ պատանի ազատամարտիկներին նվիրված իր առաջին հեղինակային ֆիլմը։ Գեղարվեստա-փաստագրական ֆիլմի մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո՝ 1996 թվականին, տեղի է ունեցել «Անվերջ ձգվող դասամիջոց» գեղարվեստա-վավերագրական կինոնկարի պրեմիերան, որին ներկա են եղել պատանիների ջոկատի ողջ մնացած տղաները։
Հուզիչ և ոգևորող մթնոլորտով պրեմիերայից հետո ֆիլմը հեռուստատեսությամբ ցուցադրվել է ընդամենը մեկ անգամ ու մի կողմ դրվել։ Վրեժ Պետրոսյանը կարծում էր, որ տառապանքով նկարահանված ֆիլմի հանդեպ այդպիսի վերաբերմունքն ունի շատ պարզ բացատրություն
«Այն տարիների ընդհանուր քաղաքականությունում կար «չգրված օրենք», որ Արցախի հետ կապվող ու առնչվող ամեն ինչ չպիտի հանրայնացվի: Դա էր պատճառը, որ ֆիլմը չպրոպագանդվեց: Անգամ «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի կազմակերպիչները հրաժարվեցին ֆիլմը ցուցադրել, ասացին «չափազանց հուզիչ» ֆիլմ է, բայց հայտնի պատճառներով չենք կարող այս ֆիլմը ներառել փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերի շարքում»,- ափսոսանքով նշում էր Վրեժ Պետրոսյանը:




Հայկական կինոն ձևավորվել սկսեց 20-րդ դարի արշալույսին՝ հայկական առաջին հանրապետության ձևավորման հետ, ի տարբերություն որի, կինոն դիմակայեց բոլոր վայրիվերումներին՝ խորհրդային տարիներին հասնելով զարգացման բարձր աստիճանների։
Չնայած «Հայֆիլմ» կինոստուդիայի ներկա խնդիրներին, այնուամենայնիվ, 21-րդ դարի շեմին, հայոց նորոգված պետականության պայմաններում հայկական կինոն պարզապես պարտավոր է վերականգնել նախկինում ձևավորված ավանդույթները, շարունակել իր ընթացքը, տեր կանգնել հարուստ անցյալին և շարժվել առաջ։
Հայ կինոգործիչները ասելիք ունեն աշխարհին, դրա վառ ապացույցը՝ Շավարշ Վարդանյանի և Վրեժ Պետրոսյանի փաստագրական ֆիլմերն են, որոնք ոչ միայն վավերագրել են 21-րդ դարում հայ ժողովրդի պատմության կարևորագույն դրվագները, այլև հանդիսատեսին են ներկայացնում հեղինակների խոհերն ու հարցադրումները:
Հայ ժողովուրդն այսօր էլ առաջ է ընթանում՝ ապագայի հանդեպ հավատով, մարտահրավերներին դիմակայելու վճռականությամբ՝ մեր ազատ ու անկախ հայրենիքը հզորացնելու հաստատակամությամբ:
Այդ գործում իրենց ներդրումն են ունեցել նաև արվեստագետները՝ հատկապես կինոյի մարդիկ, որոնց ֆիլմերը ոչ միայն վավերագրել են մեր ժամանակի պատմության կարևորագույն դրվագներ, այլև դարձել են նրանց խոհերի ու հարցադրումների, ստեղծագործական որոնումների արդյունքը: